Նա հակասական կերպար է և հենց այդ հակասականությունն էլ ինձ ոգեշնչել է

Ինձ հյուր եկող մարդկանց միշտ ցույց եմ տալիս փոքրիկ գրադարանս, որտեղ իսկապես շատ արժեքավոր գրքեր եմ հավաքել՝ Պլատոնից մինչև հայոց մատենագրություն և Կանտինց ու Բրոդելից մինչև Մանդելշտամ։ Դե ցույց տալու ու հպարտանալու ուրիշ ոչինչ չունեմ։ Եվ ահա այդ գրադարանում կա մի գիրք, որը չափազանց առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար։ Այդ գիրքն է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և հայերը» մենագրությունը, որը առանձնահատուկ է ոչ միայն իր գիտական արժեքով, այլ նաև այն հանգամանքով, որ հենց հեղինակն է ինձ նվիրել։

Ընդհանրապես Առաջին նախագահը այն բացառիկ մարդկանցից է, որ չափազանց մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Ես երբեք նրան աստվածացնողների ու փառաբանողների շարքերում չեմ եղել, ընդհակառակը միշտ կարծել եմ, որ նախագահը հակասական կերպար է և հենց այդ հակասականությունն էլ ինձ ոգեշնչել է։

Հայհոյեք, աստվածացրեք, ինչ ուզում եք արեք, հակաճառեք, կուրորեն մի համաձայնվեք, կամ էլ կուրորեն համաձայնվեք ամեն մի ստորակետի հետ, բայց մի բան չեք կարող չարձանագրել, որ Պապիի տրամաչափի քաղաքական գործիչ չկա Հայաստանի քաղաքական դաշտում:Դեռևս փոքր են, զիջում են, չեն ձգում: Ի դեպ սա շատ վատ է, սա ողբերգություն է, երբ երկրում իսկապես լուրջ տրամաչափի քաղաքական գործիչներ չկան: Պոպուլիզմն ու դեմագոգիան եկան ու սրբեցին տարան քաղաքական միտք կոչվածը: Հիմա ուզենք, թե չուզենք, սիրենք, թե չսիրենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանոն, Բաբկեն Արարքցյանը մեր պետության ստեղծման հիմքերում կանգնած մարդիկ են: էս փաստից մենք ոչ մի կերպ խուսափել չենք կարող՝ փորձելով ջնջել, մոռանալ նրանց հետ կապված հիշողությունը:

Ես մամուլում նրա գործունեության մասին քննադատական ակնարկներ չեմ գրում, քանի որ չեմ ուզում հպանցիկ ինչ-որ տեքստ գրել ու անցնել առաջ։ Ինչ-որ մի օր գրելու եմ ու շատ լուրջ, մի կողմից փորձելու եմ շեշտադրել նրա չափազանց կարևոր դերը Հայաստանի նորագույն պատմության մեջ, իսկ մյուս կողմից էլ ընդգծել սխալներն ու բացթողումները և այս ամենը նրա կերպարի հակասականության և խորհրդավորության տիրույթում՝ ֆեյսբուքյան անլուրջ խժդժություններից անդին։

Շատերը երազում են կրկնել Տեր-Պետրոսյանի քաղաքական ֆանտաստիկ կարիերան՝ Ղարաբաղյան շարժումից մինչև 2008 թ․։ Չէ՛, ես այդ մարդկանց շարքում չեմ, ես նրանից ուզում եմ սովորել բոլորից ու ամեն ինչից լուռ հեռանալու արվեստը։ Շատ եմ ուզում մի օր արթնանալ ու այլևս տեղյակ չլինել քաղաքական ընթացիկ նորություններից ու «Խաչակիրները և հայերը» մենագրության մակարդակի գիրք գրել՝ ինչ-որ ներդրում ունենալով հայագիտության մեջ, եթե իհարկե թափս հերիքի։

Շնորհավոր պարոն նախագահ

Լուսանկարն արվել է 2017-ի դեկտեմբերի 14-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը, լուսանկարիչ՝ Ռոք Շալյան

Մեկնաբանություն
X