Ռուսական ավիաընկերությունը «խփում է» հայ գործարարի բիզնեսին

«Տարոն Ավիա» ընկերությունը, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 2017թ-ի ապրիլից թռիչքներ էր իրականացնում Մոսկվա եւ Կրասնոդար ուղղություններով, միանգամայն անակնկալ այս տարվա հունվարի 1-ից չեղյալ համարեց չվերթները: Ընկերության սեփականատեր, ծնունդով գյումրեցի Գառնիկ Պապիկյանի հետ մեզ զրուցել չհաջողվեց, նա Հայաստանում չէ: Մինչդեռ մեր ունեցած տեղեկություններով ավիաշուկայում անհավասար մրցակցություն է ձևավորվել նախորդ տարվանից Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնող ռուսական «Պոբեդա» ավիաընկերության եւ «Տարոն Ավիա» -ի միջև: Ապրիլ ամսին, երբ «Տարոն Ավիա»-ն Հայաստան բերեց Մհեր Մկրտչյանի անունը կրող իր օդանավը, ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը լրագրողներին խոստովանեց, որ հայկական ավիաշուկա է մտել վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով: Ըստ վարչապետի՝ սա ևս մեկ նախադրյալ է՝ զարգացնել տուրիզմը Գյումրիում: Արաբական Էմիրություններում գործունեություն իրականացնող հայ գործարարն այնքան էր ոգևորված հայրենիքում բիզնես ծավալելու գաղափարից, որ հույս հայտնեց, թե հնարավոր է շուտով Շիրակ օդանավակայանից նոր թռիչքներ իրականացվեն նաեւ դեպի Եվրոպա:

Օդանավակայանի աշխատակիցները մեր հարցին հստակ չկարողացան պատասխանել՝ «Տարոն Ավիա»-ն այլևս թռիչքներ իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ ահա Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքերով՝ ավիաընկերությունը ընդամենը 2 ամսով է դադարեցրել թռիչքները, որի պատճառը ոչ թե մրցակցային անհավասար մթնոլորտն է, այլ՝ սեզոնը: «Մեր ունեցած պաշտոնական տեղեկություններով գարնանը «Տարոն Ավիա»-ն վերսկսելու է գործունեությունը, չվերթների չեղարկումը պայմանավորված է սեզոնի հետ, այս ամիսներին ուղևորների թիվը անհամեմատ ցածր է, դատարկ օդանավեր տեղափոխելը բնականաբար ձեռնտու չէ»,-տեղեկացրեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետը: Հետաքրքիր է, թե այդ դեպքում ինչու իր թռիչքները չկասեցրեց կամ չսահմանափակեց նաև «Պոբեդա»-ն, որը նույնպես գրեթե նույն գնային քաղաքականությունն է վարում, ինչ՝ «Տարոն Ավիա»-ն՝ սպասարկման որակով ցածր, սակայն անվտանգ թռիչքներ. բյուջետային ավիաընկերությունների առանձնահատկությունն է դա: Անհամեմատ ցածր գնով ավիատոմս նախընտրող ուղևորը պետք է անվճար ուտելիքից կամ խմիչքից հրաժարվի, իսկ ուղեբեռի առկայության դեպքում` պատրաստ լինի դրա համար վճարել լրացուցիչ:

Ի դեպ բյուեջտային առաջին ավիաընկերությունը, որը սկսեց ծառայություններ մատուցել մեր երկրում, «Պոբեդան» էր: Բայց այն նախըտրեց ոչ թե «Զվարթնոց», այլ «Շիրակ» օդանավակայանը: Ավելին՝ նախկինում շաբաթական 2 անգամ թռիչքներ իրականացնող «Պոբեդա» ընկերության օդանավերը «Շիրակ» օդանավակայանից այսօր արդեն ամեն օր են օդ բարձրանում: Այսկերպ թերևս ակնհայտ է, որ «Պոբեդա» -ն փորձում է խաղից դուրս թողնել «Տարոն Ավիա»-ին: Տեղեկությունների համաձայն «Տարոն Ավիա»- ն չվերթները դադարեցրել է «Պոբեդա» -ի ամենօրյա թռիչքների պատճառով: Եթե ռուսական ընկերության որդեգրած քաղաքականությունը հասկանալի է, ապա անընդունելի է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ սատարել ռուսական ավիաընկերությանը՝ անտեսելով հայ գործարարի շահերը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X