Երբ կատարեցին նրա խնդրանքը, նա սկսեց անձայն մահանալ

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,

Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,

Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք…

1920 թ. հունվարի 7-ին Օրենբուրգում ծանր հիվանդության պայմաններում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ Վահան Տերյանը:

Բանաստեղծի կինը՝ Անահիտ Տերյանը, իր օրագրում գրում է. «…Երբ վերադարձա, խնդրեց, որ բժիշկ կանչեմ: Ողջ քաղաքը շրջեցի, սակայն այդպես էլ ոչ մի բժիշկ չգտա, Սուրբ Ծնունդ էր, և ոչ ոք չէր գալիս: Այն ժամանակ նա խնդրեց իրեն կամֆորա ներարկել… Երբ մենք 1 ժամից վերադարձանք, Վահանի զարկերակն այլևս չէր խփում, սակայն նա ճանաչեց հիվանդապահին և շատ ուրախացավ: Երբ ներարկում կատարեցինք, նա խոսում էր և հարցնում. «Հնարավո՞ր է անընդհատ ներարկումներ անել և այդ կերպ կյանքը 1 շաբաթով երակաձգել»: Կամֆորայի ներարկումից հետո դեռ 2 ժամ նրա գիտակցությունը տեղն էր: Դրանից սկսեց կորցնել գիտակցությունը: Երբ կատարեցին նրա խնդրանքը,նա սկսեց անձայն մահանալ: Այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ դա մահն է»:

Ցավալի է, որ հասարակության մի զգալի հատվածը՝ հատկապես կիսագրագետ զանգվածը, Վահան Տերյանի ստեղծագործությունները վերածել է պրիմիտիվ սեթևեթանքի և լպրծուն հույզերի: Մարդիկ չեն ճանաչում ուժեղ, կենսախինդ, որոշ դեպքերում նաև ցինիզմով լեցուն վճռական գործչին՝ հեղափոխական Վահան Տերյանին: Հաճախ նրան պատկերում են որպես թույլ, մեղմ, սիրային պաթոսով տարված պոետի կերպարով: Իհարկե այդպես չէ:

Հույս կա, որ մի օր էլ Տերյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի, բայց լավ կլինի, որ այդ գործը նախաձեռնեն օտար արվեստագետները: Թե չէ արդի հայ արվեստագետներն ամեն ինչ այլանդակելու հատկություն ունեն: Նժդեհի օրինակը դեռևս թարմ է:

Տեղին կլինի ընթերցողին ներկայացնել Վահան Տերյանի «Հոգևոր հայրենիք» հոդվածից մի հատված, որը տասնամյակների ընթացքում չի կորցրել իր արդիականությունն ու այսօր էլ դրանում արծարծվող խնդիրները շարունակում են առկախված մնալ հայկական իրականությունում.

«Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր հայրենիքը, հոգու և մտքի հպարտությամբ ճոխացնենք նրան: Շենքերի հայրենասիրությունը, դա է ահա մեր լիբերալ, ազգասեր բուրժուա ինտիլիգենցիայի հայրենասիրությունը: Ահա այդ արտաքին սահմաններով առանձնացած խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքերին թոզ փչելու համար, պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան: Դա հայի համազգեստը հագին հայ ոստիկանի մի հայրենիք է, չկամենանք այդպիսի մի հայրենիք»:

Հոդվածը գրվել է ավելի քան հարյուր տարի առաջ, մի քանի անուն այս կողմ, կամ այն կողմ, միևնույնն է՝ բան չի փոխվել:

Լուսանկարը և բնագրային տեքստերը Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. Անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գրքից:

Մեկնաբանություն
X