Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է

Վերջերս հաճախ են տարբեր ժամանակների ֆուտբոլիստներին համեմատում և այդ համեմատության արդյունքում փորձում գտնել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին: Հիմնականում համեմատության թիրախ են դառնում Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն (բրազիլացին), Մեսսին և այլք: Ի սկզբանե կարելի է արձանագրել, որ նմանատիպ բանավեճերը անարդյունք են, այսինքն` քիչ թե շատ որևէ օբյեկտիվ համաձայնության հնարավոր չէ հասնել, քանի որ հաշվի չեն առնվում մի շարք կարևորագույն գործոններ: Առաջին հերթին պետք է փաստել, որ ֆուտբոլը քարացած սպորտաձև չէ, այն մշտապես փոփոխվում է և զարգանում: Այս տեսանկյունից չափազանց բարդ է 2010-ական թթ. ֆուտբոլիստներին համեմատել 1990-ականների. ֆուտբոլիստների հետ, իսկ վերջիններիս էլ համեմատել 70 և 50-ականների խաղացողների հետ: Իհարկե համեմատել կարելի է, բայց դրանց դիտարկել նույն հարթության վրա և եզրահանգումներ անել` անթույլատրելի է, քանի որ, ինչպես վերևում նշեցինք, ֆուտբոլը և դրա փիլիսոփայությունը մշտական փոփոխությունների շղթայի մեջ են: Դա նույնն է, երբ Կարլոս Մեծի տերությունը, Կապետինգների Ֆրանսիան և Բուրբոնների ժամանակաշրջանը մեխանիկական համեմատության ենթարկենք` առանց հաշվի առնելու ժամանակաշրջանների առանձնահատկությունները, արտադրողական ուժերի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների տարբերությունները և այսպես շարունակ: Այս տեսանկյունից անիմաստ է Պելեին, Մարադոնային, Ռոնալդոյին և Մեսսիին մեխանիկական համեմատության ենթարկել, որոշել, թե ով է նրանցից ուժեղագույնը և այս ամենը առանց ֆուտբոլի փոփոխվող առանձնահատկությունները հաշվի առնելու:

Պելեի ժամանակ ընդգծված կենտրոնական պաշտպաններ չկային, դարպասապահները չունեին այն որակները, ինչ հիմա, դիրքային-մարտավարական հնարքները դեռևս այդքան զարգացած չէին: Այսինքն` Բուֆֆոնի, Օլիվեր Կաննի մակարդակի դարպասապահներ գրեթե չկային, իսկ Ստամի, Վիդիչի, Թերրիի, Պույոլի պես մի կողմից անմատչելի, իսկ մյուս կողմից նաև դիրքային պաշտպանություն կազմակերպող կենտրոնական պաշտպան հասկացությունը առհասարակ դեռևս գոյություն չուներ: Դե ասվածից արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի տարբեր իրավիճակներում են ինքնադրսևորվել, օրինակ. Մեսսին և Պելեն:

Մեսսիին նաև հաճախ փորձում են համեմատել բրազիլացի Ռոնալդոյի հետ, որը 10-15 տարի առաջ աշխարհի ուժեղագույն հարձակվողներից մեկն էր: Այս համեմատությունը նույնպես տեղին չէ: Նույնիսկ այս մեկ տասնամյակի կտրվածքով հարձակվողի փիլիսոփայությունը ֆուտբոլում ահռելի փոփոխությունների է ենթարկվել: Կարելի է պնդել, որ այլևս Ռոնալդոյի, Անրիի, Վիերիի, Մայքլ Օուենի տիպի գոլ խփող հարձակվողներ գրեթե չկան: Դեռ ավելին` նախկինում ակտիվորեն գործածվող 4+4+2 մարտավարությունը չի էլ օգտագործվում: Ներկայումս հարձակման առաջնային կորիզը կազմում են կիսապաշտպանները, այսինքն` գոլ խփող մաքուր հարձակվողները փոխարինվել են ունիվերսալ կիսապաշտպաններով, որոնք բացի գոլ խփելուց իրականացնում են տարաբնույթ այլ գործառույթներ ևս՝ գրոհի կազմակերպումից մինչև դրա եզրափակում: Այսինքն` Մեսսին և Ռոնալդոն համեմատելի չեն, վերջինս մաքուր դասական հարձակվող էր, իսկ առաջինը` ունիվերսալ կիսապաշտպան-հարձակվող:

Ներկայումս Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, բայց նրան հնարավոր չէ մեխանիկական մոտեցումներով համեմատել անցյալի այլ մեծ ֆուտբոլիստների հետ: Ինչպես ցույց տվեցինք, ֆուտբոլը մշտապես փոփոխվում է, դրա հետ միասին` նաև ֆուտբոլիստները, մարզչական մոտեցումները և մարտավարությունները: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր առանձնահատկությունները: Ներկայումս տիրապետող է դիրքային խաղը, որոշ մարզիչներ նույնիսկ իրենց մարտավարություններով փորձում են խեղդել գեղեցիկ ֆուտբոլը՝ շեշտը դնելով միայն դիրքային տոտալ պաշտպանության վրա: Վերջին տարբերակը դժվար թե երկար կյանք ունենա, Մոուրինյոյի այդ փիլիսոփայությունը վաղ թե ուշ կհեռանա, իհարկե` նրա հետ միասին:

Վերադառնալով Մեսսիին՝ նշենք, որ նա ֆուտբոլի պատմության այն բացառիկ խաղացողներից մեկն է, որի թողած հետքը երբեք չի մոռացվի, բայց Պելեի ու Մարադոննայի միջև վիճարկվող արքայական թագը խլելու համար անհրաժեշտ է նվաճել աշխարհի գավաթը: Դա պարտադիր պայման է և 2018 թ. Ռուսաստանում տեղի ունեցող աշխարհի առաջնությունը Մեսսիի վերջին շանսն է: Արգենտինայի ընտրանին անշուշտ ֆավորիտներից մեկն է, բայց երբեմնի փառահեղ հավաքականը ներկայումս խամրած է ու պատահական չէ, որ Մեսսին հավաքականում որևէ լուրջ տիտղոս դեռևս չի նվաճել: Տեսնենք, արդյո՞ք նա կկարողանա իր ետևից տանել թիմակիցներին:

Մեկնաբանություն
X