Իրանը լուրջ բարեփոխումների կարիք ունի

Երկիրը կլոր է, բայց դրա վերաբերյալ պատկերացումները՝ հիմնականում տափակ: Ժողովրդական զանգվածները սոցիալական պահանջներով դուրս են եկել փողոց, իսկ երկրի իշխանությունը դեպի ժողովուրդը շրջվելու փոխարեն մեղավորներ է փնտրում արտաքին աշխարհում: Բոլորը մեղավոր են՝ Սաուդյան Արաբիան, Իսրայելը, ԱՄՆ-ը և այսպես շարունակ բոլոր բոլորները, բացի Իրանի իշխանություններից: Սա անթույլատրելի վարքագիծ է, նույնիսկ եթե վերոհիշյալ երկրների միջամտությունն առկա է, կապ չունի, իշխանությունները պետք է առաջին հերթին խնդիրը տեսնեն իրենց մեջ, պետության ներսում և դրա հիման վրա ականջալուր լինեն բողոքող քաղաքացիներին:

Այս ծայրահեղության կողքին կա նաև շատ ավելի վատ ծայրահեղ դրսևորում, որի հեղինակներն են միջազգային մամուլի մի զգալի հատվածն ու գունավոր հեղափոխությունների սիրահարները: Մինչ իրանական ժողովուրդը սոցիալական պահանջներ է ներկայացնում իշխանություններին, այդ նույն ժամանակ CNN-ը, The New York Times-ը և մյուս լրատվամիջոցները սոսկալի քարոզչություն են իրականացնում՝ դեմոնիզացնելով Իրանին: Խնդիրն այն է, որ շատ շատերը ֆանատիկորեն կուլ են տալիս այդ խայծը՝ հիշեցնելով երգիծական մուլտֆիմի հայտնի խոսքերը. Я за демократию даже маму убью.

Շուտով մեծ էկրաններին կհայտնվեն 300 սպարտացիների և Արգոյի նմանությամբ ֆիլմեր, որոնց մեջ մանրամասն կերպով կհիմնավորվի Իրանի Իսլամական Հանրապետության հրեշավոր, դիվային ու հակամարդկային էությունը, իսկ ԱՄՆ-ը՝ որպես մարդկության հույսի, հավատքի և գոյության բացառիկ երաշխավոր, պետք է վերստին լծվի աշխարհը փրկելու դժվարին գործին: Խոսակցություններ են շրջանառվում, որ այս անգամ ԿՀՎ-ի գործակալների փոխարեն Իրան է ուղարկվելու Արդարության լիգան՝ Բետմենի գլխավորությամբ: Վստահաբար այդ ֆիլմը Օսկարի կարժանանա:

Իրանը լուրջ բարեփոխումների կարիք ունի, բայց այդ պահանջը որևէ կերպ չպետք է քողարկվի իշխանության ֆորմալ փոփոխությամբ, այն է՝ իմամներին փոխարինեն կոստյումներով մենեջերները և արդյունքում ժողովրդի սոցիալական խնդիրները վերստին մնան օդից առկախված:

Սկզբում Ուկրաինայում պահանջները սոցիալական էին, կար երիտասարդական առողջ ընդվզում, բայց գործի անցան նացիոնալիստ ֆանատիկներն ու օլիգարխները և արդյունքում նորից իշխանության եկան հենց վերջինները:

Իրանում նույնպես ժողովուրդը սոցիալական ակտուալ խնդիրներ է դրել, բայց խաղադրույքը դրված է նրա վրա, որ տարերային ֆոնի վրա ազգայնականներն ու իսլամականները իշխանության կբերեն օլիգարխներին: Այ սա է ողջ խնդիրը, որը քողարկում է դասակարգային ակտուալ պայքարը:

Ներկայումս իշխանությունները կարծես թե տիրապետում են իրավիճակին, բայց կասկածից դուրս է, որ իմամների տիրապետությունը մի օր վերջանալու է, պետականության այդ մոդելը կարծես թե աստիճանաբար արժեզրկվում է իրանցիների համար ու այս ամենի համատեքստում խնդիրն այն է, թե ովքեր կգան իշխանության, Իրանի ինքիշխանության ու սոցիալական արդարության ջատագովները, թե՞ հանուն սեփական գոյության ժողովրդի հարստությունը վաճառքի հանողները:

Մեկնաբանություն
X