Սուրեն Կարայանի հիմնարկի կեսմիլիոնանոց կոնյակն ու պետական «ներդրումը» ՍԱՍ-ում

>

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Ամանորին ընդառաջ, յուրահատուկ «ներդրում» է ապահովել, բայց ոչ թե տնտեսության մեջ, այլ սեփական ստամոքսներում և հայտնի դեմքերի բիզնեսներում։ Ներդրումն էլ կատարվել է քաղաքացիների հարկերի հաշվին՝ պետական բյուջեի միջոցներով։

Մենք պարզեցինք, որ Սուրեն Կարայանի ղեկավարած գերատեսչությունը 2017-ի դեկտեմբերի 14-ին և 15-ին կնքած պայմանագրերով «ՍԱՍ գրուպից» ձեռք է բերել միրգ, չարազ, կոնֆետ, կոնյակ, լիկյոր, վիսկի, որպեսզի, ըստ երևույթին, նախաարարությունում «թեթևի մեջ» նշեն Ամանորը կամ այլ տոնական միջոցառումներ անցկացնեն։ Գնումների պայմանագրերի արժեքները տարբեր են՝ 90 հազար 700 դրամ, 102 հազար 400 դրամ, 85 հազար 300 դրամ, 164 հազար 500 դրամ կամ 197 հազար 410 դրամ։ Ի դեպ, հետաքրքիր է նաև սուպերմարկետի ընտրությունը։ Նախարարությունը դկտեմբերի 13-ին կնքած պայմանագրով էլ «ԱրտԷքսիմ» ՍՊԸ-ից 498 հազար դրամ արժողությամբ մեկ հատ թանկարժեք «Նաիրի» կոնյակ է ձեռք բերել։ Այո, մեկ կոնյակի համար նախարարությունը պետական բյուջեից մոտ կես միլիոն դրամ է վճարել։ Ավելի էժան կոնյակով չէին կարող «յոլա գնալ»։ «ԱրտԷքսիմ» ՍՊԸ-ն քաղաքում հայտնի «Նոյյան տուն» խմիչքների խանութն է, որը, մեր տեղեկություններով, պատկանում է ԿԳ նախարարի խորհրդական, դաշնակցական Բագրատ Եսայանի եղբորը՝ Արտակին։

Հետաքրքիր է նաև ՍԱՍ-ից կատարած գնումների տրամաբանությունը։ Սովորաբար պետական գնում կատարելիս առաջնորդվում են ամենաէժանի ու որակյալի սկզբունքով։ Բոլորին է հայտնի, որ ՍԱՍ ուպերմարկետների ցանցում ամեն ինչ մյուս խանութների համեմատ նկատելիորեն թանկ է, և նույն ապրանքը կարելի է մյուս սուպերմարկետներից ձեռք բերել ավելի մատչել գնով և նույն որակով։ Բայց տնտեսական զարգացման նախարարությունում առաջնորդվել են հակառակ տրամաբանությամբ՝ բյուջեի հաշվին զարգացնելով քաղաքի ամենաթանկ խանութներից մեկի տիրոջ՝ պատգամավոր Արտակ Սարգսյանի բիզնեսը։ Կարող էին գոնե նախարարության անվանը համապատասխան՝ ավելի տնտեսող մոտեցում ցուցաբերել այս հարցում և նույն գնումը ավելի մատչելի վայրից կատարել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X