Իրանը ազատության հասնելու փոխարեն դառնալու է ԱՄՆ-ի ճորտը

Միջազգային մամուլում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, բայց տրամաբանության բացակայության տեսանկյունից տպավորիչ է հատկապես այս մեկը. «Բողոքի ալիքը կարող է վերածվել հեղափոխության և Իրանի ժողովուրդը վերջապես կազատվի բռնապետության ճիրաններից»: Իհարկե միտքը մոտավոր վերարտադրեցի, բայց բովանդակությունը նույնն է:

Վիճահարույց պնդումն այս բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝ իրանական ռեժիմի տապալումը ժողովրդին ազատություն կբերի՞, թե՞ Իրանը նորից կդառնա ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների սատելիտը: Ժողովուրդը կազատվի՞ իրեն հարստահարող իմամների մահակից, թե՞ այդ իսլամական մահակին կավելանա նաև արևմտյան կապիտալիստների ժպտերես մուրճը:

Իհարկե դժվար է այս հարցերին պատասխանել, իսկ կատեգորիկ պնդումներ անելն էլ՝ անթույլատրելի: Բայց պատմական փորձը մեզ հուշում է, որ մինչև 1979 թ. Իրանի ժողովուրդը անխնա կերպով թալանվել ու ստորացվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից:

Ես, իհարկե, կողմնակից եմ, որ աշխարհի բոլոր բռնապետությունները ոչնչանան, բայց սա այդ դեպքը չի, որովհետև Իրանը ազատության հասնելու փոխարեն դառնալու է ԱՄՆ-ի ճորտը:

Բացի այդ, դա չի բխում նաև Հայաստանի շահերից: Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, նրա դիրքերի սասանումը պատճառ է դառնալու հուժկու ցնցման՝ Գազայից մինչև Ստեփանակերտ:

Եվ հետո, գործ ունենք մի պարադոքսալ իրավիճակի հետ: Մի շարք «ազատատենչ» փորձագետներ լուրջ դեմքի արտահայտությամբ պնդում են, թե Իրանը պետք է ազատագրվի Իսլամական ռեժիմից՝ մոռանալով, որ այդ ռեժիմը ձևավորվել է նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պատճառով: Պարզապես միամտություն է ամբողջ մեղքը բարդել Մոհամմադ Ռեզա Փահլավի շահի վրա:

Իրանում երբեք իսլամական հեղափոխություն տեղի չէր ունենա, եթե արևմուտքի ֆինանսական ու քաղաքական աջակցությունը վայելող կամակատար շահը տարիների հետևողական քաղաքականության արդյունքում չոչնչացներ քաղաքական ընդդիմությունը: Նորաթուխ նեոլիբերալները երևի թե մոռացել են վարչապետ դոկտոր Մոսադեղին, որին չեզոքացրեցին արևմտյան հատուկ ծառայությունները: Այսքանից հետո ինչպե՞ս չգնալ հեղափոխության, այն էլ՝ իսլամական: Մուսուլմանական երկրներում այդպես է, եթե ոչնչացնում ես կուսակցությունները, ապա զանգվածները հայացքները ուղղում են դեպի մզկիթներում նարգիլե ծխող իմամները: Իսկ դա քաղաքական իմաստով տարերային դրսևորում է, որովհետև խոսքը եկեղեցական պատարագի մասին չէ, այլ՝ ուրբաթօրյա աղոթքի, որը կարող է վերածվել քաղաքական անկասելի ակցիայի: Ահա և այսպես ծնվեց Իսլամական հեղափոխությունը, ծնվեց, որովհետև արևմտյան տերություններն ու շահը ձեռք ձեռքի տված փակեցին բոլոր հնարավոր քաղաքական դռները։

Ի դեպ Իրանում շատ քչերը կարող էին նմանատիպ ընթացք կանխատեսել: Կանայք նույնիսկ կարճ կիսաշրջազգեստներով էին գնում միտինգների:

Եվ մի բան էլ. այնպես չէ, որ Իսլամը քարացած համակարգ է և չի փոփոխվում աշխարհի հետ համընթաց: Իհարկե, այդպես չէ: Հատկապես շիականությունը բավականին ճկուն և ունիվերսալ, անընդհատ նորացվող կրոնաքաղաքական համակարգ է: Եթե մի կողմ դնենք ֆունդամենտալիստական որոշակի դրսևորումները, ապա կրոնական այդ համակարգի հաշվին իրանական հասարակությունը աստիճանաբար արդիականացվելու է՝ թեկուզ դանդաղ տեմպերով: Շիականության իրավական համակարգը դրա համար տալիս է բոլոր նպաստավոր պայմանները:

Այստեղ կարելի է հիշել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներից մեկի հայտնի խոսքը. «Մոդեռնիզացիա՝ չի նշանակում անպայման վեստերնիզացիա»:

Մեկնաբանություն
X