Որքա՞ն ներդրում է իրականացվել 2017-ին կառավարության խոստացած 850 միլիոնի փոխարեն

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական շրջանում խոստացել էր մինչև տարվա վերջ շուրջ 850 մլն դոլարի ներդրում իրականացնել Հայաստանում: Ավելի ուշ իշխանություններից տարբեր առիթներով սրբագրեցին իրենց հայտարարածը, որ իրենք ոչ թե խոստացել են ուղիղ կերպով այդքան գումարի ներդրում ապահովել, այլ դա ավելի շատ իրենց ակնկալիքն է եղել՝ ծրագրերի տեսքով, որ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնք էլ, իրենց հաշվարկներով, կապահովեն 830-850 մլն դոլարի ներդրում: Hraparak.am-ը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հետաքրքրվեց, թե 2017-ին որքան ներդրում է իրականացվել Հայաստանում և որ ոլորտներում: Խնդրել էինք նաև նշել ներդրողների անունները, սակայն նախարարությունից մեզ ասացին, որ ներդրողների անունները չեն կարող հայտնել, կարող են նշել միայն այն ոլորտները, որոնցում կատարվել են այդ ներդրումները:

Այսպիսով, ըստ նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացվել են 2017 թ․ իրականացվելիք շուրջ 70 ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացվել են կամ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում:

Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. պետք է կատարվեր շուրջ 490 մլն. ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի 7300 նոր աշխատատեղ:

Տարվա տասնմեկ ամիսների արդյունքներով իրականացվել է շուրջ 475 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է շուրջ 4350 նոր աշխատատեղ:

Աշխատատեղերը ստեղծվել և ներդրումները կատարվել են հիմնականում.

թեթև արդյունաբերության (560 աշխատատեղ, շուրջ 10 մլն. ԱՄՆ դոլար),

հանքագործության (1510 աշխատատեղ, շուրջ 270 մլն. ԱՄՆ դոլար),

գյուղատնտեսության (1210 աշխատատեղ, շուրջ 77 մլն. ԱՄՆ դոլար),

սննդի արդյունաբերության (110 աշխատատեղ, շուրջ 3.5 մլն. ԱՄՆ դոլար),

ոսկերչության (75 աշխատատեղ, շուրջ 7.5 մլն. ԱՄՆ դոլար),

ճշգրիտ ճարտարագիտության (60 աշխատատեղ, շուրջ 4 մլն. ԱՄՆ դոլար),

**դեղագործության **(120 աշխատատեղ, շուրջ 8 մլն. ԱՄՆ դոլար),

խմիչքի արտադրության (330 աշխատատեղ, շուրջ 9 մլն. ԱՄՆ դոլար)

այլ ոլորտներում (375 աշխատատեղ, շուրջ 86 մլն. ԱՄՆ դոլար) ոլորտներում։

Արդեն իսկ բացված աշխատատեղերը և կատարված ներդրումները հիմնականում եղել են Երևանում (շուրջ 1235 աշխատատեղ, շուրջ 120.5 մլն. ԱՄՆ դոլար)

Ընդհանուր առմամբ մարզերում կատարվել է շուրջ 354.5 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է շուրջ 3115 նոր աշխատատեղ, որից՝

Վայոց Ձորում (շուրջ 1500 աշխատատեղ, շուրջ 260 մլն. ԱՄՆ դոլար),

Արարատում (շուրջ 470 աշխատատեղ, շուրջ 20 մլն. ԱՄՆ դոլար),

Տավուշում (շուրջ 230 աշխատատեղ, շուրջ 2.5 մլն. ԱՄՆ դոլար),

Սյունիքում (շուրջ 160 աշխատատեղ, շուրջ 12.5 մլն. ԱՄՆ դոլար),

Գեղարքունիքում (շուրջ 70 աշխատատեղ, շուրջ 5 մլն. ԱՄՆ դոլար),

Կոտայքում (շուրջ 350 աշխատատեղ, շուրջ 20 մլն. ԱՄՆ դոլար),

Լոռիում (շուրջ 70 աշխատատեղ, շուրջ 16 մլն. ԱՄՆ դոլար),

Արմավիրում (շուրջ 200 աշխատատեղ, շուրջ 14 մլն. ԱՄՆ դոլար)

**Շիրակում **(շուրջ 30 աշխատատեղ, շուրջ 2 մլն. ԱՄՆ դոլար)

**Արագածոտնում **(շուրջ 35 աշխատատեղ, շուրջ 2.5 մլն. ԱՄՆ դոլար)

_1. _Ինչ վերաբերում է ամբողջ 2017թ. կատարողականին, ապա նախնական հաշվարկներով վերոնշյալ ծրագրերի մասով կանխատեսվում է, որ կկատարվի շուրջ 505 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի առնվազն 5200 նոր աշխատատեղ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X