Գաղութատիրոջ կամքն է՝ Հայաստանը երբեք առաջընթաց չպետք է ապրի

Մարդիկ տարակուսանքով խոսում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով խուսափում է ընդգրկվել չինական «Մետաքսի Ճանապարհ » մեգապրոյեկտի մեջ, այն դեպքում, երբ մեր անմիջական բոլոր հարևան երկրների կառավարությունները այդ ուղղությամբ մեծ ակտիվությամբ աշխատում են չինացիների հետ:

Հայաստանը, այդ ծրագրին մաս կազմելով, նախ կունենար միլիարդների ներդրումներ, և երկրորդ կկարողանար դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու տրանսպորտային տուպիկից կվերածվեր լուրջ տրանզիտային երկրի: Բայց ավաղ, այդ ամենը նույնպես մեր կողքով է անցնելու, և պատճառը նորից նույնն է, դա Հայաստանի սուվերենության իսպառ բացակայությունն է: Ցանկացած շատ թե քիչ ադեկվատ մարդու համար գոնե հասկանալի է, որ մեր երկիրը դուրս է մնում այդ ծրագրից, որովհետև Մոսկվան թույլ չի տալիս դա:

Ոմանք կմտածեն, թե ինչու՞ պիտի թույլ չտա, չէ որ Չինաստանը արևմտյան երկրների նման Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ չունի, համ էլ ԵՄ-ի պես քաղաքական ինտեգրացիոն ծրագիր չի իրականացնում, որ Մոսկվան վախենա Հայաստանի հետագա ինտեգրացիայից Չինաստանի հետ: Այո, այդ ամենը ճիշտ է, սակայն հարցը այլ հարթության մեջ է. բանն այն է, որ եթե Հայաստանում սկսի տնտեսություն զարգանալ, ապա անմիջապես կձևավորվի անկախ միջին խավ, որը մոտիվացված է լինելու իր քաղաքացիական իրավունքների պահանջատիրության վրա, դա ժողովրդավարության շատ լուրջ հայտ է լինելու, իսկ ներկայիս միջին խավը նախ շատ փոքր ծավալ ունի, և այն հիմնականում պետական ուռճացված բյուրոկրատական ապարատում (որը գործում է բացառապես կոռուպցիայի հենքի վրա) ներգրավված աշխատողներն են, այսինքն այդ մարդիկ անկախ չեն, հետևաբար հակված չեն իշխանությունների դեմ դուրս գալու, կոռուպցիայի դեմ պայքար մղելու ու ընդհանրապես համակարգային փոփոխություններ իրականացնելու:

Սովորաբար մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների միջավայրն է առաջին հերթին ձևավորում անկախ միջին խավը, Հայաստանում այսօրվա դրությամբ մանր ու միջին բիզնեսին բաժին է ընկնում տնտեսության ընդհանուր ծավալի միայն 22-ից 25% -ը, իսկ քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար այդ ցուցանիշը գոնե պիտի 50-ից 60%-ի սահմաններում լինի, ու հենց դա է պատճառը, որ արդեն 30 տարի է իշխանավորները ճառեր են կարդում մանր ու միջին բիզնեսին աջակցելու կարևորության մասին, սակայն իրականում անում են ամեն ինչ, որպեսզի այն Հայաստանում երբեք առաջընթաց չապրի, քանի որ դա ուղղակիորեն կսպառնա ավտորիտարիզմին, այսինքն իրենց իշխանությանը:

Կարճ ասած, գաղութների ժողովրդավարացումը հանգեցնում է մետրոպոլիայից անկախանալուն, դրանից խուսափելը ուղղակի անհնար է, և դա մոսկվաներում շատ լավ են հասկանում (ի տարբերություն մեր գավառամիտ քաղաքագետների), ու նաև հասկանում են, որ չնայած իրենց ՀՀ կոչվող գաղութում իշխանություն կոչվածները իրենց երդվյալ մանկլավիկներն ու իրենց հատուկ ծառայությունների գործակալներն են, սակայն նույնիսկ այդպիսիները կարող են, մի գեղեցիկ օր, դուրս գալ իրենց դեմ ու սկսել անկախ գործել, եթե զգան, որ դրա հնարավորությունները ունեն, իսկ Հայաստանի տրանսպորտային տուպիկից տրանսպորտային խաչմերուկ դառնալու դեպքում, այդ հնարավորությունը հաստատ կունենան:

Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X