2018թ․ չի լինի եկամուտների աճ․ Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ անցնող՝ 2017 թվականը հակասական միտումներով էր հարուստ։ «Ե՛վ ձեռքբերումներ եղան, եւ՛ բավականին լուրջ խնդիրներ, որոնք փոխանցվում են 2018 թվականին։ Նաեւ կարելի է ասել, որ տարին չիրագործված հնարավորությունների տարի էր։ Այն ներուժը, որ կա Հայաստանում, պատշաճ ձեւով չօգտագործվեց տնտեսության զարգացման համար։ Իհարկե, տնտեսությունը կունենա աճ, դա կլինի 6 տոկոսի կամ մի քիչ ավելիի շրջանակներում։ Բայց մեզ համար կարեւոր է ոչ այնքան տնտեսական աճը, որքան մարդկային զարգացումը, որպեսզի տնտեսական աճն իր դրական ազդեցությունն ունենա բնակչության կյանքում։ Եկամուտների տեղաշարժ՝ առաջընթացի առումով, ես գոնե չեմ նկատում, եւ, ինչպես կառավարությունն է վստահեցնում, այդպիսի աճ չի լինի 2018-ին։ Սա ամենադժվար եւ ամենակարեւոր խնդիրներից մեկն է, եւ առանց դրանց լուծման մեզ չի հաջողվի հաղթահարել ո՛չ աղքատության մակարդակը, ո՛չ էլ սոցիալական խնդիրները լուծել, ո՛չ էլ գնաճի սահմաններում ապահովել բարեկեցություն։ Հիմնական միտումները սրանք են։ Տնտեսական աճն, իհարկե, պայմանավորված է հիմնականում համաշխարհային շուկայում պահանջարկի աճով, բայց վերամշակող արդյունաբերության մեջ մենք տեսնում ենք, որ տրված խոստումները չեն իրականացնում»,- ասաց տնտեսագետը։

Թաթուլ Մանասերյանն անդրադարձ կատարեց նաեւ գիտության ոլորտին՝ նկատելով, որ այնտեղ շատ խնդիրներ այդպես էլ չլուծվեցին։ «Ըստ էության, գիտությունը մեր ամենածանր ոլորտներից մեկն է։ Երբ մենք ասում ենք տնտեսական աճ, ապա պետք է մտածենք, թե դա ինչի հաշվին է լինելու։ Եթե ասում ենք, որ Հայաստանի մրցակցային առավելությունը մտավոր կարողությունն է, գիտությունը եւ գիտական ճյուղերը, բայց գիտության ֆինանսավորման համար հատկացվում է 0,5 տոկոս, ապա նման իրավիճակում ո՛չ գիտությունը կարող է զարգանալ, ո՛չ էլ տնտեսությունը»,-նկատում է Թաթուլ Մանասերյանը։

Մեկնաբանություն
X