Նեղանալ չկա (ամանորյա լրագրային շանսոն)

Տաք ձմեռ

Առավոտ շուտ մի կին զանգում է Գագիկ Սուրենյանին.

-Ալո, բարև Ձեզ, դա Գագիկ Սուրենյա՞նն է:

-Այո, սա Գագիկ Սուրենյանն է:

-Պարոն Սուրենյան, չեք ասի՞ այսօր ինչ հագնեմ…

-Կներեք, իսկ Դուք ամուսնացա՞ծ եք…

-Ի… Դա ի՞նչ կապ ունի:

-Ունի, երևի, որ հարցնում եմ…

Խիստ պաշտոնական

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին՝ գահակալման 40-ամյակի առթիվ:

-Տարոսը քեզ, որդյակ իմ,- իր պատասխան խոսքում ասել է ծերունազարդ Պատրիարքը:

Հադեսի թագավորությունից մա՞րդ է եկել

Երբ սովորական գերեզման ենք մտնում, չենք տեսնում, թե ովքեր են մեզ վրա ծաղիկներ դնում, «Հրապարակի» հետ զրույցում ասել է Վազգեն Խաչիկյանը:

Բայց դու ի՞նչ գիտես, պարոն Խաչիկյան:

«Հայկական սեքս» ամսագիրը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ ամփոփում է 2017թ. ընտրական գործընթացները:

-Պարոն Մուկուչյան, ըստ Ձեզ, այդ ի՞նչ է տեղի ունենում ընտրության օրը, որ միջազգային կազմակերպությունները միշտ ասում են` ընտրությունը ստվերվել է:

-Ես կցանկանայի ընդամենը նշել հետեւյալը. անհնար է խոսել ընտրական գործընթացի մասին բացարձակ տեսանկյունից, հատկապես քվեարկության օրը, երբ հաշված ժամերի ընթացքում իրար հետ հարաբերությունների մեջ են մտնում հարյուր հազարավոր քաղաքացիներ։

-Օ՛, այդքան շա՞տ…

-Այո, այդ դեպքում միշտ էլ հնարավոր են ինչ-ինչ իրավիճակներ:

-Դուք հարաբերության որևէ դեպք, իրավիճակ բացահայտե՞լ եք:

-Հատուկ գնալու և բացահայտելու խնդիր չենք ունեցել: Նոր ԸՕ-ով ամրագրված լուծումները 2017 թվականին նպաստեցին թափանցիկության ապահովմանը։

-Վա՛ա՛ա՛յ, հետո՞, հետո՞…

-Էլ ի՞նչ հետո, աղջիկ ջան, մենք հո ոստիկան չենք, որ այդ պահին կանգնենք մարդկանց գլխին: Այդ մեր քաղաքացիները պետք է ողջամիտ լինեն և դիմեն իրավապահ մարմիններին` ընտրության օրը նման իրավիճակներ թույլ չտալու համար:

-Պարոն Մուկաչյան, Դուք քաղաքացիների այդ հարաբերությունները համարում եք հանրորեն վտանգավո՞ր:

-Այո, միանշանակ, եթե դրանք տեղի են ունենում ընտրության օրը և հաշված ժամերի ընթացքում:

Մասմեդիայի պոլիտբյուրոն հայտարարություն է արել

41 մարդուց բաղկացած մասմեդիայի պոլիտբյուրոն հայտարարություն է տարածել դեկտեմբերի 28-ին կայանալիք Ժուռնալիստների միության նախագահի ընտրություններում Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ճիշտ է, դրանից նվազել է ընտրությունների հանդեպ հասարակական հետաքրքրությունը, բայց փոխարենը նոր իրողություններ են ի հայտ եկել: Պարզվում է` ընդդիմություն չկա ոչ միայն քաղաքական դաշտավայրերում, այլև մամլո լեռնաշխարհում: Այսպիսի հայտարարություններից հետո է մի հայ ասել` տերդ մեռնի, գիտություն…

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X