2017 թվականը՝ Արեվմուտքում եվ Արեվելքում

2017-ին համաշխարհային ասպարեզում չպատահեց այնպիսի իրադարձություն, որ այդ տարեթիվը դրոշմեր պատմության դասագրքերում։ Սակայն միջազգային ընդգրկման բազմաթիվ շրջադարձերի եւ զարգացումների համար 2017-ը դարձավ անկյունաքարային: Ընդսմին՝ համարյա բոլոր մայրցամաքներում։ Արեւմտյան աշխարհի համար ամենաէականը թերեւս Էմանուել Մակրոնի հաղթանակն էր Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, ինչը եվրոպական միասնականության եւ ապագայի առհավատչյա դարձավ:

Իսկ հեռավոր Արեվելքում

2017-ի ընթացքում ոչ մի աշխարհամաս այնքան լարում չհաղորդեց միջազգային հարաբերություններին, որքան Հեռավոր Արեւելքը: Պատճառը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ տեւած եւ արդեն սովորույթ դարձած դիվանագիտական աշխատանքի փակուղու հանգելն էր: Հյուսիսային Կորեան, ակնհայտ սադրանքի դիմելով, մեկը մյուսի ետեւից փորձարկեց ավելի ու ավելի հեռահար բալիստիկ հրթիռներ։ ԱՄՆ նախագահ Թրամփի կարճամտությունը` մի օր Կիմ Ըր Չինին գովաբանելու, մյուս օրը՝ հայհոյելու, երրորդ օրը՝ քծնելու, չորրորդ օրը՝ սպառնալու, Փխենյանի փորձարկումները չկասեցրեց: Արդյունքում երեւի Երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ 2017-ին միանգամայն բարձր ու պաշտոնական ատյաններից հայտարարություններ հնչեցին միջուկային պատերազմի, ավելի ճիշտ՝ միջուկային բախման հնարավորության մասին:

Բրիտանական Guardian-ը Թրամփի պաշտոնավարության վեցամսյա շրջանը բոլորելու կապակցությամբ հեգնել էր. «Թրամփին պետք է շնորհակալ լինել, որ մինչ այժմ միջուկային պատերազմ չի սանձազերծել»: Բայց սանձազերծելու հնարավորությունը միանգամայն մոտեցրել է, առանձնապես ետ չմնալով Կիմ Ըր Չինից, եւ Հեռավոր Արեւելքը դարձնելով հիմնական լարվածության աղբյուր երկրագնդի վրա:

Մերձավոր Արեվելքում

Բեկումնային իրադարձությունները մի քանիսն էին, նախ՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի սրընթաց սլացքը դեպի գահ եւ սլացքին ուղիղ համեմատական արկածախնդիր ակտիվացումը միջազգային ասպարեզում: Թագաժառանգը երիտասարդ է, հարուստ եւ արկածախնդիր, որին ծովը ծնկներից է թվում: Եթե իր պապը հիմնադրել է Սաուդյան Արաբիայի թագավորությունը, ապա թագաժառանգն էլ կարծես հավակնում է restart անել այդ պետությունը, ինչը հաջողվելու դեպքում էլ, տապալվելու դեպքում էլ ավելի է խառնելու առանց այն էլ խառնակ Մերձավոր Արեւելքը:

Երկրորդ ուշագրավ իրադարձությունը 2017-ին ISIS-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքայի գրավումն էր YPG-ի ջոկատների կողմից` ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի աջակցությամբ։ Իհարկե, Ռաքքայի ընկնելուց շաբաթներ հետո ռուսներն սկսեցին իրենց վերագրել ISIS-ի դեմ հաղթանակը, ինչը ռուսական հին բարի ստախոսության եւ այլոց հաղթանակներն ու ծառայությունները յուրացնելու շարքից էր: Էականը, որ հոգեգարների հերթական խմբի վայրագություններին վերջ դրվեց:

Մերձավոր Արեւելքում ուշագրավ էր նաեւ քրդերի անկախության հանրաքվեն։ Հատկապես դրա արդյունքների չճանաչումն Իրաքի եւ միջազգային հանրության կողմից, ինչը քրդերի դատապարտելի հավակնություններին գոնե առժամանակ վերջակետ կդնի: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է քրդական պետության հավակնությունները չսաստել: Թուրքերը քանի հարյուրամյակ վայրագություն սփռեցին չորսբոլորը, մինչեւ քիչ թե շատ իբր քաղաքակրթվեցին, հիմա էլ քրդե՞րը նույն ճանապարհն անցնեն; Ոչ թե քրդերին է պետք պետականություն տալ, այլ Թուրքիայի պետականության փլուզմանն է պետք է սպասել։

Վերջապես՝ տարին ավարտվեց դարձյալ Մերձավոր Արեւելքի թոփ-թեմա դառնալով, քանի որ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ հատկապես դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կարգադրությամբ ծայր առած խառնակչությունները հայտարարությունների ու դեմարշների իրարանցում ստեղծեցին ողջ աշխարհում։

Աֆրիկայում եվ Հայաստանում

Իսկ ահա Աֆրիկայում 2017-ը գրվելու է պատմության դասագրքերում՝ ինչպեսեւ Հայաստանում։ Աֆրիկայում` քանի որ Զիմբաբվեում փոխվեց 40 տարի իշխող նախագահ Ռոբերտո Մուգաբին։ Ընդսմին, հենց Մուգաբիի մայր կուսակցությունը նրան պարտադրեց հեռանալ: Զիմբաբվեի նվաճումից ոգեւորված՝ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության իշխող կուսակցությունն էլ փոխեց իր առաջնորդին՝ ըստ էության, հրաժարական պարտադրելով Ջակոբ Զումային, ով Նելսոն Մանդելայից հետո ղեկավարում էր թե՛ երկիրը, թե՛ իշխող կուսակցությունը:

Իսկ Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն նորից մնացին իշխանության: Սակայն 2017-ը Հայաստանի պատմության մեջ կգրվի ոչ դրա համար, այլ որովհետեւ Եվրամիության հետ ստորագրվեց Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Մնում է միայն մաղթել, որ այն հնարավորինս լայնամասշտաբ եւ տեսանելի իրականացվի` առաջընթաց, բարօրություն ու պաշտպանվածություն բերելով Հայաստանին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X