Հասարակություն

Ժուռնալիստների միություն. չսկսե՞նք 0-ից

Օրեր անց Ժուռնալիստների միությունը կհրավիրի համագումար, որպեսզի ընտրի իր նոր նախագահին։ Մամուլում հայտնված այս լուրը թարմացրեց հիշողությունս, որն ինձ տարավ Պուշկինի փողոցի զիգզագ տանիքով, գրեթե ստորգետնյա շինությունը, ուր իմ գիտակցական կյանքի ողջ ընթացքում գտնվել է ԺՄ-ն, իսկ նրա նախագահը, որքան ինձ հիշում եմ, միշտ եղել է Աստղիկ Գևորգյանը:

Անցյալ դարի 80-ական թվականների սկզբին լրագրության աշխարհ նոր ոտք դրած լրագրողս, ինչ թաքցնեմ, նույնիսկ երազում էի դառնալ Ժուռնալիստների միության անդամ և մի տեսակ նախանձով ու ակնածանքով էի վերաբերվում միության անդամ ավագ գործընկերներիս: Չեմ մոռանա, թե ինչ էի զգում, երբ որևէ միջոցառման ժամանակ, ի լրումն նրանց այլ տիտղոսների, նշվում էր նաև Ժուռնալիստների միության անդամ լինելու հանգամանքը: Ինչ ասեմ, այն ժամանակ ժուռնալիստների միության անդամի տոմսը քար էր ծակում, ու փակ դուռ չկար այդ տոմսն ունեցող լրագրողների համար:

«Հրապարակի» իմ գործընկեր Թագուհի Հակոբյանն իր` «Գործող լրագրողները ժուռնալիստների միության անդամ չեն» հոդվածում (Հրապարակ, 26 դեկտեմբերի, 2017) իրավացիորեն նկատել է. «90-ականներից սկսած հաճախ է արծարծվել այն հարցը, թե ում են պետք, առհասարակ, ստեղծագործական միությունները։ Միգուցե նրանք խորհրդային հասարակարգում արդարացրել են իրենց, լուծել ինչ-ինչ խնդիրներ, բայց փոխվել են ժամանակները, փոխվել են հասարակության ակնկալիքներն ու սպասելիքները»: Այո, ԽՍՀՄ փլուզուման հետ շատ բան փլուզվեց նաև ստեղծագործական միություններում: Քաղաքական ասպարեզից դուրս մղվեց այդ միությունների հիմնական շահառուն և գաղափարական առաջնորդը` Կոմկուսը` իր հետ տանելով նաև պետական այն հոգածությունը, որ միշտ զգացել են գիր- գրականության, արվեստի ու մշակույթի բնագավառի գործիչները: Իսկ այն, ինչ այդ միություններից մնացել է այսօր, մնացել է դրանց ղեկավարների կամ փառասիրության, կամ գործարար հակումների և կամ իշխանական շրջանակներում ունեցած կապերի շնորհիվ:

Ժուռնալիստների միությանը (և ոչ միայն) Հայաստանի Հանրապետության նոր անկախության հռչակումից կարճ ժամանակ անց, կարելի է ասել, մնաց «անգործ»: Ձևավորվող նոր տնտեսական և հասարակական հարաբերությունները լրագրողին ու նրա մասնագիտությունը մղեցին անկարևոր, երկրորդական պլան և, եթե այսօր մենք ասում ենք, որ մամուլը մեր երկրում կայացած հատուկենտ ոլորտներից մեկն է, ապա այդ հարցում միանշանակ պարտական ենք մեր այն խմբագիրներին ու լրագրողներին, որոնց ուժերի անսովոր ու անիմանալի գերլարումի շնորհիվ հնարավոր եղավ պահել-պահպանել ոչ միայն հայկական ժուռնալիստիկան ու լրատվամիջոցները, այլև հոգեվարքի մեջ հայտնված տպագրական գործը: Չմոռանանք, որ տպարաններում այն ժամանակ հիմնականում միայն թերթ էր տպագրվում:

Թե ինչով էր զբաղված այդ տարիներին Ժուռնալիստների միությունը, չեմ կարող ասել: Այդ միության անդամ այդպես էլ չդարձա, որովհետև, նախ` միությունն էր մնացել խորհրդային ժամանակներում և ապա` ինձ ոչ ոք չառաջարկեց էլ անդամագրվել նրան, թեև բավականին ակտիվ «տպագրվում էի» օրվա մամուլում և ամսագրերում: Իմ ողջ կյանքում մեկ անգամ եմ միայն ոտք դրել Ժուռնալիստների միության շենք: Հիշում եմ` հարցնելով գտա Աստղիկ Գևորգյանի աշխատասենյակը և նրան հանձնեցի մեր թերթի («Դպրություն») գլխավոր խմբագրի ամանորյա տոնական բացիկը: Վերջ:

Աստղիկ Գևորգյանը, հավանաբար, որոշ բաներ արել է միության համար: Հենց այն, որ միությունը դեռևս կա, արդեն իսկ փաստ է, որ մարդիկ ինչ-որ բանով այնտեղ զբաղվել են` դահլիճ են տվել վարձով, իրենք են ժողով արել կամ հոբելյաններ նշել: Այսուհանդերձ, այդ ամենը շատ քիչ է, որպեսզի Ժուռնալիստների միությունը գոնե այնքան «գրավիչ» լինի, որքան գրողների, կոմպոզիտորների կամ նկարիչների միությունները: Լրագրողները, եթե հաշվի առնենք նրանց ակտիվությունը հասարակական կյանքում, ավելի շատ կարիք ունեն ստեղծագործական միության աջակցության` թե ընդունված կանոնների պահպանման, թե խոսքի ազատության և թե իրենց իրավունքների պաշտպանության առումով:

Ժուռնալիստների միության նոր նախագահի ընտրությունն այդ միության մասին կրկին հիշելու լավ առիթ է, բայց նաև հարց է առաջանում` արժե՞ , արդյոք, նոր նախագահ ընտրել, եթե միությունը շարունակելու է մնալ որպես լրագրողների մեծ ընտանիքի խնդիրներին անհաղորդ մի կառույց: Եթե նոր նախագահին ընտրելու են միության անդամները միայն, որոնցից շատերը չգիտեն էլ, որ իրենք միության անդամ են, ապա սայլը տեղից չի շարժվի: Կարծում եմ` շատ կարևոր է, որ միության նոր նախագահի ընտրությանը մասնակցի լրագրողական համայնքը, այն մարդիկ, որոնք այսօր թերթ ու կայք են հրատարակում, մարդիկ, որոնք ընթերցող ու լսարան ունեն, մարդիկ, որոնք բոլորից լավ գիտեն ոլորտի խնդիրներն ու դժվարությունները, բոլորից լավ են պատկերացնում ժուռնալիստիկայի ասպարեզում նոր սերնդի տեղն ու դերը, նրա բերած նոր շնչի ու ասելիքի նշանակությունը Հայաստանի Հանրապետության վաղվա քաղաքացու կյանքում:

Արդեն իսկ խոսվում է, որ Աստղիկ Գևորգյանին փոխարինելու է «168 ժամ» թերթի խմբագիր և հեռուստահաղորդավար Սաթիկ Սեյրանյանը: Հրաշալի թեկնածություն է, սակայն, արդեն իսկ սխալ է, որ նրա թեկնածության մասին խոսակցությունները սկսվում են փսփսոցների, տնային, առանձին խմբակային տրամադրությունների արծարծման ձևով: Ինչո՞ւ չհայտարարել բոլոր ցանկացողների անունները և ընտրությունը չկազմակերպել ԶԼՄ-ների ղեկավարների ու գործող լրագրողների լայն շրջանակի մասնակցությամբ: Ո՞վ պետք է Ժուռնալիստների միության նախագահ ընտրի, եթե ոչ ողջ օրը ԱԺ-ի կամ կառավարության թունավոր մթնոլորտում անցկացնող, իշխանության օդիոզ դեմքերից անընդհատ վիրավորանքի արժանացող, խուտուտ տված քաղաքական գործիչների պատճառով դատարաններ ընկնող, հայ զինվորի, հայ շինականի, հայ գիտնականի, հայ ուսանողի, հայ ուսուցչի ու հայ բժշկի կողքին կանգնող լրագրողը: Եթե նպատակը հիմա էլ Սաթիկ Սեյրանյանի ուժերը փորձելն է, հարց չկա, փորձենք, բայց եթե ոլորտի մարդկանց մտահոգում է միությունը վերակենդանացնելու, նրա գոյությանը իմաստ հաղորդելու հարցը, ապա պետք է այլ ճանապարհով գնալ, և ամեն ինչ սկսել 0-ից: Չեմ ասում` կտրել կապերն ու մոռանալ ավանդույթները, որոնք, գուցե կան, ձևավորվել են Ժուռնալիստների միությունում: Այդ ամենը միով բանիվ աշխատանք է, որը պետք է գնահատվի, բայց և պետք է նոր արյուն հաղորդվի այդ ամենին, նոր ոճ, նոր իմաստ:

ՀՀ Ժուռնալիստների միությունը, չգիտեմ, մասնաճյուղեր ունի՞ հանրապետության մարզերում: Մարզերում հատկապես շատ գործ կա անելու, մասնավորապես տեղերի մեր լրագրողներին համապատասխան մարզերի խնդիրների վրա սևեռելու իմաստով: Այլապես համացանցի ընձեռած հնարավորություններն այնքան շատ են, որ մեր մարզային լրագրողները սկսել են ավելի շատ Երևանի մասին գրել: Շնորհաշատ լրագրողներ ու խմբագիրներ ունենք Սփյուռքում, որոնց նյութերը սիրով վերահրապարակում են նաև հայաստանյան լրատվամիջոցները: Մեր սփյուռքյան թերթերից ու ամսագրերից քանիսի՞ խմբագիրներն ու լրագրողները գիտեն Հայաստանի Ժուռնալիստների միության շենքի տեղը:

Ո՞վ կարող է դառնալ Ժուռնալիստների միության անդամ: Խմդրեմ, չափանիշներ և նշաձող սահմանեք: Համալսարանական կրթությունը ցանկալի է, հրապարակած հոդվածները, դրանց շուրջ ծավալված քննարկումները ևս, բայց չմոռանանք նաև մեր այն թղթակիցներին, որ չլինելով մասնագիտությամբ լրագրող, իրենց իմաստուն խորհուրդներով, նամակներով ու թղթակցություններով հսկայական աշխատանք են կատարում մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների վերհանման, դրանց վրա ուշադրություն հրավիրելու ուղղությամբ:

Եթե մի քիչ էլ երկարացնեմ, ոմանք կմտածեն, թե ես էլ եմ ուզում Ժուռնալիստների միության նախագահ դառնալ: Հանգիստ եղեք, նման ցանկություն չունեմ: Փոխարենը շատ կուզենայի, եթե հնարավոր է, որպես ժուռնալիստիկայի բնագավառի համեստ մշակ, նաև ինքս ընտրել ապագա նախագահին: Վատ չէր լինի նաև, որ ԺՄ նախագահի թեկնածուները մի երկու խոսք ասեին այն մասին, թե ինչ ծրագրեր ունեն, ինչ են մտածում միության դերի ու նշանակության մասին: Ի վերջո անվիճելի է, որ քանի դեռ ազատ խոսքի ասպարեզում Ամերիկա ու Անգլիա չենք դարձել, այդ միությունը անիմաստ լինել չի կարող:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X