Ով է վճարում Մաքսիմ Շեվչենկոյին

Ռուս հայտնի քաղաքագետ, բավականին մեծ հեռուստալսարան ունեցող թոք-շոուների ցանկալի հյուր Մաքսիմ Շեւչենկոն շարունակում է մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների եւ լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում նա, կարելի է ասել, ստանձնել է Ադրբեջանի իշխանությունների փաստաբանի պարտականությունները եւ իր ամեն հաջորդ ելույթում փորձում է ինչ-որ կերպ արդարացնել նրանց վարած արտաքին քաղաքականությունն ու Արցախի խնդրի կարգավորման ճակատներում կրած պարտությունները: Հատկապես ապրիլյան պատերազմից եւ բանակցային գործընթացում ակներեւ դատարկության ի հայտ գալուց հետո Շեւչենկոյի նոր «պաշտոնը» բավականին ակտուալ է Ադրբեջանի համար, որովհետեւ կա ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ խնդրի կարգավորման գործընթացին ներգրավված Ռուսաստանի հանրության առաջ ռեաբիլիտացվելու խնդիր:

Ո՞վ է վճարում Շեւչենկոյին այդ աշխատանքի համար: Բնականաբար` գործատուն, իսկ գործատուն, միանշանակ, Ադրբեջանի իշխանություններն են: Հազիվ թե Մոսկվան վճարեր այն բանի համար, որ նա ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի` ԼՂ կարգավորման կապակցությամբ վերջին պաշտոնական հայտարարություններին միանգամայն հակասող հայտարարություններ ու եզրահանգումներ աներ: Իհարկե, չի կարելի բացառել նաեւ, որ Շեւչենկոն այդկերպ փորձում է սիրաշահել Ադրբեջանին, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանում էլ գիտեն ռուսական հայտնի խոսքը` после обеда горчицы не надо… Մի՞թե Շեւչենկոն պետք է զբաղվեր Ադրբեջանի սիրաշահման գործով, այն նույն Շեւչենկոն, որ ռուսական հեռուստատեսության եթերում Ադրբեջանը որակեց որպես «արհեստականորեն ստեղծված երկիր»:

Օրերս ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Շեւչենկոն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է կարգավորել առանց տարածաշրջանի ազդեցիկ պետությունների` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցության: Նման հայտարարություններ քանիցս հնչեցրել է նաեւ պաշտոնական Մոսկվան, բայց ո՞ւմ հասկանալի չէ, որ նույն պաշտոնական Մոսկվայի «սրտով» չէ Թուրքիայի ավելորդ միջամտությունը մի հարցի, որ ժամանակին կարգավորվել է ռուս-պարսկական պայմանագրերով: Ինչո՞ւ պետք է Մոսկվան ընդունի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Թուրքիայի մասնակցությունը, մանավանդ որ քիչ չեն այս հակամարտությունը դեռ առաջին օրերից կարգավորողները, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք միջամտեցին խնդրին` անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղը փլուզվող ԽՍՀՄ-ի եւ իրեն կորցրած Ռուսաստանի ոչ ադեկվատ գործողություններից փրկելու, նոր արյունահեղություններ թույլ չտալու նպատակով:

«Երբ ասում են, թե անցյալ դարի 90-ական թվականներին Ռուսաստանը սխալ կեցվածք է ունեցել Ղարաբաղի հարցում, դա ինձ վիրավորում է, քանի որ Ռուսաստանն այն ժամանակ կառավարվում էր Վաշինգտոնի կողմից, եւ Ելցին-Գայդար ռեժիմն ԱՄՆ-ն էր ղեկավարում»,- հարցազրույցում հայտարարել է Շեւչենկոն` մի կողմից փորձելով արդարացնել Ռուսաստանին` իբր ԱՄՆ-ի դրդմամբ հայերի կողմը բռնելու համար, իսկ մյուս կողմից էլ հաստատելուԱդրբեջանի իշխանությունների այն պնդումը, թե ղարաբաղյան պատերազմում «իրենց տարածքի 20 տոկոսի կորստի մեջ» այն օրերի Ռուսաստանն է մեղավոր: Միմյանց այսպիսի «փոխշահավետ» հեքիաթներ պատմելն արդեն իսկ վկայություն է այն բանի, որ Բաքուն Շեւչենկոյի հոնորարը վճարել է էս գլխից եւ ամբողջությամբ, այլապես ռուս «բազմափորձ» քաղաքագետն այսպես անփույթ չէր վարվի պատմական փաստերի հետ: Նախ` Ղարաբաղի անկախության շարժումը եւ ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին էլ Բորիս Ելցինի իշխանության տարիների ծնունդ չէին, եւ, ապա՝ եթե Բորիս Ելցինին ղեկավարում էր ԱՄՆ-ն, ապա դեռ պետք է պարզել, թե ով է ղեկավարում Պուտինին, որովհետեւ նա Ռուսաստանի քաղաքական պառնասում է հայտնվել բացառապես Ելցինի շնորհիվ` որպես ժառանգորդ: Բացի այդ, Մաքսիմ Շեւչենկոն շրջանցում է նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ Արցախյան պատերազմում հայերի դերակատարությունը, ինչը նույնպես հաճելի է Բաքվին, քանզի 25 տարուց ավելի է, ինչ այդ քաղաքում «համոզված» են, որ եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը հայերին, իրենք մի քանի օրում կլուծեին հարցը: Բնականաբար, հարցազրույցում խոսք չկա այն մասին, թե «Ելցինի աջակցությամբ» ուր կարող էին հասնել հայերը, եթե 20-րդ դարի 90-ական թվականներին հետապնդեին գլխապատառ փախչող ադրբեջանական զինված խմբավորումներին, որոնք ղեկավարվում էին օրումեջ իրենց Ադրբեջանի նախագահ հռչակող դաշտային հրամանատարների կողմից: Խոսք չկա նաեւ Սումգայիթում, Շահումյանում, Արծվաշենում, «Կոլցո» եւ նմանատիպ այլ հակահայկական գործողություններում ԽՍՀՄ փլուզումից շոկ ապրող Ռուսաստանի ներգրավվածության կամ անգործության մասին: Փոխարենը Շեւչենկոն փորձում է «Ելցին-ԱՄՆ» կապերով բացատրել հայկական կողմի լիակատար հաղթանակն Արցախյան պատերազմում, ինչը, մեղմ ասած, ծիծաղելի է բոլոր առումներով, սակայն հաճելի՝ ադրբեջանական ականջների համար, որոնք արդեն իսկ շոյվել էին ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի կարեւոր դերակատարության մասին նախընթաց «լուսավոր» մտքից:

Ադրբեջանցիների համար Շեւչենկոյի հայտնած մի լավ նորությունն էլ այն է, որ նրանց անհաջողությունների մեջ մեղքի իրենց բաժինն ունեն հայ հարուստ գործարարները, որոնք հասանելիություն ունեն մինչեւ ԱՄՆ նախագահը: Սա ինչ-որ առումով հրաշալի նորություն է նաեւ մեզ համար, որովհետեւ աշխարհի ամենահարուստ հայերից շատերը հասանելիություն ունեն նաեւ Ռուսաստանի նախագահին: Եվ, ուրեմն, ի՞նչ հետեւություն պետք է անել Շեւչենկոյի հայտնագործությունից` մի՞թե Օբամայից եւ Թրամփց բացի, Պուտինն էլ է կուրացել հայկական «նավթադոլարներից» եւ ցանկանում է օր առաջ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Թողնենք այս պարապ խոսակցությունը, որովհետեւ Ասադը հաստատ այնքան փող ուներ, որ կկարողանար «կաշառել» Վաշինգտոնին: Նույնը կարելի է ասել Մուբարաքի, Քադաֆիի, Կիմ Չեն Ըն-ի ու մյուսների մասին, որոնք կա՛մ «հերոսաբար ընկան անհավասար մարտում», կա՛մ մազապուրծ դեռ շարունակում են իրենց մեկուսացված գոյությունը: Կարիք չկա զարմանալու, երբ Շեւչենկոն հենց ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում է շոշափում այդ երկրի իշխանություններին այնքան հարազատ «միջազգային կաշառատվության» թեման: Եվ քանի որ մեր հարեւան երկրի ղեկավարները մինչեւ ԵԽ եւ ՄԱԿ են հասցրել իրենց կաշառատվությունն ու հայտնվել բազմաթիվ սկանդալների կենտրոնում, այժմ անհրաժեշտություն է առաջացել կողմնակի անձանց (այս դեպքում՝ ռուս քաղաքագետի շուրթերով) ստվերային քաղաքականության դաշտ բերել նաեւ Հայաստանին` այս դաշտում եւս «հավասարակշռության» պատրանք ստեղծելու համար: Դիցուք` Վաշինգտոնում կծիծաղեն Շեւչենկոյի հայտարարության վրա, բայց Ադրբեջանի հասարակությունը, գուցե, կուլ տա այդ խայծը եւ դադարի իշխանություններից հաշիվ չպահանջել Ալիեւներից եւ մյուս կլաններից երկրի հարստությունը մեջ-մեջ անելու համար:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X