Գարիկն ու Արամը իշխանական պրոպագանդիստներ են

Երգիծանքը քաղաքական պայքարի առաջնային տարակերպերից մեկն է։ Այսինքն՝ սարկազմի կամ էլ սատիրայի միջոցով առաջնային պլան են մղվում հանրությանը հուզող բոլոր այն հիմնախնդիրները, որոնց կարգավորման ճանապարհին քաղաքական գործիչները կա՛մ ձախողվել են կա՛մ էլ ի սկզբանե հենց նրանք են պատճառ դարձել հիմնախնդրի առաջացման համար։ Քաղաքական երգիծանքը պահանջարկված ժանր է հատկապես Հայաստանի պես երկրներում, որտեղ սոցիալական անարդարությունն ու աղքատությունը, կոռուպցիան ու անպատժելիությունը հանրային կյանքի հիմնական դրսևորումներն են։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ իշխանական ու ընդդիմադիր գործիչները պարբերաբար ծաղր ու ծանակի են ենթարկվում՝ գամվելով անարգանքի սյունին։

Առաջին հայացքից թվում է, թե «Լավ երեկո»-ի թանկացումների մասին սոցիալական տեսանյութը (տեսանյութը տեղադրված է վերևում) նույնպես դասակարգվում է քաղաքական երգիծանքի ժանրում և առաջնային պլան է մղում հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնք են՝ թանկացումները, սոցիալական անարդարությունը և այսպես շարունակ։ Իրականում այդպես չէ։ Այդ տեսանյութի միջոցով ծաղրուծանակի են ենթարկվում ոչ թե թանկացումներն ու դրա պատասխանատուները, այլ՝ քաղցած ժողովուրդը։ Այսպիսով՝ «Լավ երեկո»-ի տեսանյութը ոչ թե քաղաքական երգիծանք է, այլ՝ ծաղր Հայաստանի բնակչության նկատմամբ։

Մեծ հաշվով Գարիկն ու Արամը, հումորի առարկա դարձնելով թանկացումների թեման, լեգիտիմացնում են սոցիալական անարդարությունը, հնարավոր է և առանց հասկանալու մարդկանց գիտակցության և ենթագիտակցության մեջ արմատավորում են այն մտայնությունը, թե ուզեք, չուզեք, միևնույնն է թանկացումները լինելու են, իսկ դուք պետք է ստիպված համակերպվեք՝ նույնիսկ մթության և քաղցի պայմաններում։ Այսինքն հաղորդավարները իշխանական soft պրոպագանդիստների առաքելություն են ստանձնել և բացահայտ կերպով հակասոցիալական քարոզ իրականացնում՝ հումորի միջոցով հիմնավորելով ժողովրդին թալանելու, աղքատ մարդկանց գրպաններից վերջին կոպեկը գողանալու գործընթացի ճշմարտացիությունը։ Կարծես թե այդպես էլ պետք է լինի:

Ժողովրդին ծաղրելն ու մարդկանց ողբերգության վրա չարախնդալը քաղքենիության և տգիտության վառ դրսևորում է: Ու ես խորին համոզմունք ունեմ, որ ժողովրդին այդ մանրադիտակով նայողները գտնվում են հենց արժեքային այդ չափույթում: Նրանք այդպես էլ չհասկացան այս ժողովրդի արժեքը, մարդու արժեքը: Չհասկացան, որ սոցիալական անարդարությունը կուլ է տալիս մարդկանց:

Մեկնաբանություն
X