Կանայք, գրողի ծոցն ուղարկեք սեյրանսարոյաններին

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերով «Լավ երեկո» հաղորդման հյուրն էր ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը։ Գեներալ-պատգամորը տարբեր թեմաների հետ միասին խոսեց նաև աղջիկների և կանանց սեռական կյանքի մասին՝ շեշտադրելով աղջիկների մինչև ամուսնանալը կույս մնալու ադաթի պահպանման անհրաժեշտությունը։

«Կինը հոգի ունի՞, թե՞ ոչ»: Իհարկե զավեշտալի հարցադրում է, բայց ավելի քան կիրառական: Կիրառական այնքանով, որ ոչ վաղ անցյալում քրիստոնեական առավել արմատական ուղղություններ ամենայն լրջությամբ քննարկում էին այս հարցը և նույնիսկ կասկածի տակ դնում կնոջ հոգի ունենալու փաստը: Համանման դրսևորումներ կարող ենք հանդիպել նաև Իսլամում, որտեղ կինը ոչ միայն ստորադասված է, այլ նաև՝ մեկուսացված: Իսկ Հինդուիստական միջավայրում կնոջ ստորադասված և մեկուսացված կարգավիճակը կարող էր փոխակերպվել վայրագության: Հնդկաստանում դեռևս հնագույն ժամանակներից կիրառական է եղել «Սաթիի» սովորույթը: Համաձայն այդ սովորույթի, կնոջը, ի նշան հավատարմության, զոհաբերում էին մահացած ամուսնու հետ: Այսինքն` խարույկ բարձրացվող մահացած տղամարդու հետ միասին բռնի ուժով հենց այդ նույն խարույկի մեջ էին նետում նաև կնոջը: Ի դեպ, «Սաթիի» սովորույթը ընդհուպ 19-րդ դար Հնդկաստանի որոշ գյուղերում գործել է:

Նախամուսուլմանական Արաբիայում նորածին աղջիկ երեխաներին ողջ-ողջ թաղում էին: Այդ ավանդույթին վերջ տվեց միայն Մուհամմադ մարգարեն, բայց Իսլամի՝ որպես կրոնա-քաղաքական համակարգի ձևավորումը կանանց համար ստեղծեց ոչ պակաս անտանելի պայմաններ: Պատմական օրինակները բազմաթիվ են, նույնիսկ մի քանի տասնյակ դասախոսությունները չեն բավականացնի խնդիրը ամբողջության մեջ ներկայացնելու համար: Բայց չխորանալով պատմության խորքերը՝ որպես ելակետային դրույթ ամրագրենք այն փաստը, որ մարդկությունը հազարամյակներ շարունակ ապրել է պատրիարխալ հասարակարգում, որտեղ կնոջ իրավունքները ոտնահարված են եղել․ ընդհուպ խնդիրը հասել է ծայրահեղական դրսևորումների, որոնք ներկայացվեցին վերևում:

Իրավիճակն աստիճանաբար սկսեց փոխվել 18-րդ և 19-րդ դարերից սկսած, երբ «Արևմտյան» քաղաքակրթությունը թևակոխեց արդյունաբերական հեղափոխության հորձանուտի մեջ: Նշենք, որ սկզբնական շրջանում Եվրոպայում կանայք նույնիսկ ընտրական ձայնի իրավունք չունեին: Պայքարը շարունակվեց մի քանի հարյուրամյակ: Ի վերջո արդեն 21-րդ դարում Եվրոպայում և գրեթե ամբողջ Ամերիկյան աշխարհամասում կանանց նկատմամբ խտրականությունը հավասարեցվել է նվազագույնի:

Այլ է իրավիճակը ավանդական և կրոնական հասարակություններում՝ Իսլամական երկրներ, Հնդկաստան, Աֆրիկա և այլն: Հասարակություններն այս հարյուրամյակներ շարունակ զրկված են եղել զարգացման բնականոն ընթացքից և ապրել են գաղութատիրության պայմաններում: Այլ խոսքով ասած` դրանց զարգացումը էապես հապաղել է, և դրանից ելնելով այդ երկրներում դեռևս տիրապետող են ավանդույթներն ու կրոնական գիտակցությունը: Արդյունքում վերոհիշյալ միջավայրերում կինը շարունակում է ապրել ստորադասված պայմաններում: Զարգացման տեսանկյունից հապաղած, ետ մնացած երկրների շարքում պետք է դասել նաև Հայաստանը: Այստեղ նույնպես տիրապետող են մշակութային տեսանկյունից արդեն իսկ սպառված և ոչ կենսունակ ադաթները, բացի այդ, բարձր է նաև կրոնական գիտակցությունը: Այսինքն` Հայաստանում նույնպես կնոջ իրավունքները ամեն րոպե ոտնահարվում են: Տիրապետող է խտրական վերաբերմունքը: Մոտեցումներն այս իհարկե հաղթահարելի են, բայց գործընթացը չափազանց դանդաղ է և ոչ միշտ արդյունավետ:

Կրոնական և ավանդական ընկալումների համաձայն հասարակությունը կնոջը տվել է առաքելությունների մի ամբողջ փաթեթ: Փաթեթն այդ ունի կրեդոյի կամ էլ «Շարիաթի» կարգավիճակ: Դրանք են. «Հայ կինը պետք է առաքինի լինի որպես Նաիրյան հեզ արարած, պետք է մինչև ամուսնանալը կույս լինի, հնազանդ լինի, նրա միակ առաքելությունը մայր դառնալն է, օջախի կրակը վառ պահելը, չէ՞ որ նա ապագա հայ զինվորի մայր է»: Սրանք ամենատարածված ձևակերպումներն են:Ուշադրություն դարձրեք, որ բոլոր ձևակերպումներում բացակայում է մարդու գաղափարը: Այսինքն` վերադառնում ենք քրիստոնեական այն ծայրահեղական դրսևորմանը` հոգի չունենալու մասին: Այդ որտե՞ղ են գրված այդ առաքելություններն ու կանոնները, ո՞վ է ասել, որ դրանք բացարձակ ճշմարտություններ են: Իհարկե մայր դառնալը գեղեցիկ է, լավ է, բայց ո՞վ է որոշել, որ հենց այդպես պետք է լինի. կինը պետք է անպայման հղիանա և «հայ զինվոր» ծննդաբերի: Թողնենք մի կողմ այս բոլոր ցնդաբանությունները: Անհրաժեշտ է դեն շպրտել բոլոր այն ավանդույթները, որոնք չեն երջանկացնում մարդուն: Ազգային արժեք կոչվածը անպետք է և փտած, եթե չի երջանկացնում հանրությանը: Կույս լինելը բարոյականության չափորոշիչ չէ։ Բարոյականությունը ավելի շատ ներքին, գիտակցական տիրույթ է և որևէ կապ չունի սեքսով զբաղվելու կամ էլ չզբաղվելու հետ։ Ողորմելի են այն մարդիկ, որոնք կնոջ բարոյականությունը չափում են սեռական կյանքով։

Ապագա մայր, «Նաիրյան հայուհի» լինելուց զատ կինը առաջին հերթին մարդ է՝ օժտված մարդեղության բոլոր զգայական դրսևորումներով: Կինը մտածում է, զգում է և սիրում, հիասթափվում է ու տառապում, սեքսով է զբաղվում նույնիսկ առանց ամուսնանալու: Մի խոսքով` կինը անում է այն, ինչ ուզում է, չէ՞ որ նա էլ այս բնության անբաժանելի մասնիկն է ու ստեղծարար անքակտելի բաղադրիչը:

Սիրելի կանայք, գրողի ծոցն ուղարկեք սեյրանսարոյաններին և ձեզ կուսությամբ արժևորող տղամարդկանց։ Դուք ապրանք չեք։ Սեքսով զբաղվեք ինչքան ուզում եք, ում հետ ուզում եք և մի մտածեք անպայման ամուսնանալու մասին։ Հոգով աղքատ են բոլոր այն կանայք, որոնք կարծում են, թե իրենց միակ ու բացառիկ առաքելությունն ամուսնանալն է ու մարդկության բազմացման պրոցեսին մասնակցելը։

Մեկնաբանություն
X