Իսրայելի հարյուր տարվա մենությունը. 1917-1967-2017

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտարժան քվեարկություն էր` եզակի բանաձեւի քվեարկություն, որտեղ ԱՄՆ-ն հայտնվել էր մեկուսացման մեջ: Քվեարկությունը վերաբերում էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությանը, որ սադրել է շղթայական զարգացումներ Պաղեստինի փողոցներից մինչեւ ՄԱԿ-ի դահլիճներ: Չնայած ՄԱԿ-ին հատկացվող ֆինանսավորումը վերանայելու եւ բանաձեւին կողմ քվեարկողներին մտապահելու ԱՄՆ սպառնալիքներին, գրեթե ամենքն էլ համոզված էին, որ քվեարկության պատկերը կլինի դարձյալ 175+ կողմ, 5-6 դեմ-ձեռնպահ, ինչպես օրեր առաջ Պաղեստինի ինքնավարությունը ճանաչելու բանաձեւի քվեարկության ժամանակ: Ընդսմին, 5-6 դեմ-ձեռնպահից երկուսը ԱՄՆ-ն եւ Իսրայելն են:

Իհարկե, ո՛չ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ո՛չ դրանից հետո Էրդողանի խմբավարությամբ ընդունված Իսլամական համագործակցություն կազմակերպության 57 երկրների որոշումը՝ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին, ո՛չ էլ ՄԱԿ-ի թեժ քննարկումները, վետոներն ու քվեարկությունները ոչինչ չեն փոխում Երուսաղեմում հաստատված ստատուս-քվոյում եւ իրականությունում: Դա այն հարցը չէ, որ հայտարարությունների մակարդակում լուծվի: Առայժմ նաեւ դժվար է հասկանալ, թե Թրամփի սադրանքն ինչ շարժառիթ կամ նպատակ ուներ: Արդյոք դա Թրամփին բնորոշ կարճամտության արդյո՞ւնք էր, թե՞ Մերձավոր Արեւելքին առնչվող ավելի ընդարձակ ծրագրի օղակ, իսկ գուցե Մերձավոր Արեւելքը կատարյալ քաոսի մեջ մխրճելու եւ քաոսից հանելիս վերաձեւումներ անելու հաշվա՞րկ: Ժամանակը ցույց կտա:

Սակայն Թրամփի հայտարարությունը քաղաքական կատալիզատորի դեր խաղաց: 2017-ն առանձնահատուկ տարի էր Իսրայելի համար, քանի որ այս տարի նոյեմբերին լրանում էր «հրեական օջախի» հիմնադրումն ազդարարած Բալֆուրի հռչակագրի 100-ամյակը, իսկ հունիսին` Վեցօրյա պատերազմի 50-ամյակը, երբ Իսրայելի բանակը գրավեց Երուսաղեմի Հին քաղաքը, եւ երկու հազար տարվա դադարից ու դեգերումներից հետո հրեաները վերադարձան Լացի պատ:

Բայց հատկապես Թրամփի սադրանքը եւ դրանից սկիզբ առած Երուսաղեմի շուրջ հյուսվող այս նոր պատումը քողազերծեց եւ ի ցույց դրեց իրողությունը, որ «հրեական օջախի» ստեղծումից 100 տարի անց, անգամ այդ օջախը պետության վերածելուց 70 տարի հետո, հրեաները եւ Իսրայելը նույնքան միայնակ եւ մերժված են աշխարհի կողմից, որքան Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ ծնվել էր հրեական «Չկա՞ արդյոք մի այլ երկրագունդ» ասացվածքը: 2017-ին աշխարհում չգտնվեց ժողովուրդ կամ պետություն, որ գոնե ողջուներ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունը: Եվ դա Իսրայելի` ոչ այնքան պետություն, որքան գետտո լինելու վկայությունն ու դժբախտությունն է:

Հայերի եւ հրեաների տարբերությունը

Այն մարդիկ, ովքեր Իսրայելի պատմության մոտավոր իմացություն ունեն, սովորաբար Թեոդոր Հերցելին են վերագրում կնքահոր դերը Իսրայելի վերստեղծման հարցում: Հերցելի դիմանկարը զարդարում է Իսրայելի խորհրդարանի` Քնեսսետի նիստերի դահլիճի պատը: Եվ դա հարգանքի տուրք է մարդուն, ով ձեւակերպել է սիոնիզմի, այն է` Սիոն լեռան շուրջ հրեաների համախմբվելու եւ պետականություն ստեղծելու գաղափարը: Այստեղ արժե հիշել, որ, ինչպես Թեոդոր Հերցելի ժամանակներում, այնպես էլ նրանից առաջ եւ հետո, Քրիստոսի ժամանակներից ցայսօր Սիոն լեռան շուրջ, անգամ լեռան կատարին հայերն են: Այնպես որ՝ հրեաները Սիոն վերադառնալու էին կամ վերադարձան խորհրդանշական իմաստով, ո՛չ բառացի:

Սակայն այդ վերադարձի հարցում որքան էլ հրեաները պատմահայրենասիրական ռոմանտիզմով պարուրեն սեփական անցյալը եւ նույնիսկ դրան հավատան, իրականում ամենեւին էլ հայրենադարձվողների նվիրումը եւ խիզախումը չէր, որ Իսրայել ստեղծեց: Այն, ինչ ռեպատրիանտները կարողացան ստեղծել, Իսրայելի ներկայիս օրհներգն է` «Ա’Տիքվան»: Իսկ բուն Իսրայելի վերստեղծման հարցում ո՛չ հայրենադարձվողների հաստատակամությունը, ո՛չ անապատի քարերի հետ կռիվ տալով հյուսվող կյանքը, ո՛չ էլ մահը չէին կարող դեր կատարել:

1947-ին Իսրայելի պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի որոշումը կայացվեց, միայն որովհետեւ ավելի վաղ` 1917-ին, Միացյալ Թագավորության կառավարության անունից եղել էր ՄԹ արտգործնախարար Արթուր Բալֆուրի հռչակագիրը, որով հայտարարվել էր Պաղեստինում «հրեական օջախ» հիմնելու մտադրության մասին: Ի դեպ, նույն ՄԹ կառավարությունն էր, որ առաջինը հայտարարեց նաեւ Արեւմտյան Հայաստանում հայկական պետություն վերստեղծելու մասին, եւ դրա շնորհիվ հետագայում Սեւրի դաշնագրով ահռելի` 163 000 քառ. կմ տարածքի վրա, որի բնակչության միայն 30 տոկոսն էին կազմում հայերը, ամրագրվեց հայկական պետության ստեղծումը, նույնիսկ երբ այնտեղ այլեւս հայեր չէին մնացել:

Հայերի ու հրեաների տարբերությունն այն է, որ հրեաներն իրենց հրեական օջախի հիմնադրումը դարձրել են իրադարձություն, Թել-Ավիվում «Նոյեմբերի 2-ի» հրապարակ թե պողոտա կա (Արթուր Բալֆուրի հռչակագիրը հրապարակվել է 1917թ. նոյեմբերի 2-ին), մինչդեռ Հայաստանում ոչ միայն սեփական պատմությունն են լռության մատնում, այլեւ որոշ կարճամիտներ դատարկախոսում են, թե Սեւրի դաշնագիրը թուղթ էր որ արժեք չունի: Դա այն դեպքում, երբ 25 տարուց ավելի Հայաստանը ներքաշված է ուժասպառման ու ինքնաոչնչացման հորձանուտը, ինչ է թե Ղարաբաղի հարցում մի թուղթ ստորագրվի: Եթե թուղթը չէ ամենակարեւորը, ապա թող Հայաստանի հաջորդական նախագահներն ու կառավարությունները 25 տարվա մեջ հասնեին այդ թղթին: Չեն հասել, եւ չեմ էլ պատկերացնում, թե երբեւէ հասնելու են… որովհետեւ թղթի հասնելու համար պետք է թղթի արժեքը գիտակցելու մտահորիզոն ունենալ, ոչ թե զենքով քարտեզ փոխելու պարզամտություն:

Ինչու եւ ինչպես ստեղծվեց հրեական օջախը

Սակայն թողնենք հայկական զուգահեռները եւ անդրադառնանք նրան, թե 1917-ին հրեական օջախն ինչպես հիմնադրվեց: Ինչի՞ դիմաց Միացյալ Թագավորության կառավարությունը հրապարակեց Արթուր Բալֆուրի հռչակագիրը: Իրականում երկու ծառայության դիմաց, որ դաշնակից երկրներին մատուցեցին հրեա բանկիրները եւ հրեա բոլշեւիկները:

Հրեա բանկիրները 1917-ին եռամյա պատերազմից հյուծված եւ դրամական միջոցների կարիք ունեցող Միացյալ Թագավորությանն առաջարկեցին դրամական միջոցներ` հատկապես Ռոտշիլդները եւ Ռոկֆելլերները: Սակայն ավելի էական էր այն ծառայությունը, որ մատուցեցին Ռուսաստանում իշխանության եկած հրեա բոլշեւիկները: Նրանք խոստացան Ուկրաինայի տարածքում կասեցնել գերմանական ուժերի առաջխաղացումը եւ իրենց խոստումը կատարեցին:

Առաջին աշխարհամարտի տարիներին պաշտոնավարած Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, իր մեմուարներում հետահայաց վերադառնալով այդ իրադարձություններին, կրկին համարել է, որ եթե բոլշեւիկները գերմանական առաջխաղացումն Ուկրաինայի տարածքում չկանգնեցնեին, Գերմանիան հասներ Բաքվի վառելիքի պաշարներին, ապա Առաջին աշխարհամարտի ելքը կարող էր այլ լինել: Բրիտանական կառավարության հետ բանակցող Խաիմ Վայցմանը, որ Հրեական կոնգրեսի նախագահն էր եւ հետագայում դարձավ Իսրայելի պետության առաջին նախագահը, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հրեա բանկիրների եւ Ռուսաստանի հրեա բոլշեւիկների անունից ստանձնեց վերոնշյալ պարտականությունները Լլոյդ Ջորջի կառավարության առջեւ, եւ դրանց կատարման դիմաց էլ ծնվեց Մեծ Բրիտանիայի մանդատի տակ անցնող Տրանս-Հորդանանի տարածքում հրեական օջախ հիմնելու հռչակագիրը:

Լլոյդ Ջորջը կարծում է, որ հրեաները կատարեցին իրենց խոստումը, որի դիմաց ստացան հրեական օջախը, իսկ երկու տասնամյակ անց ստացան արդեն ցեղասպանությունը` Հոլոքոստը, որն ինչ-որ տեղ Գերմանիայի վրեժխնդրությունն էր հրեաներից՝ Առաջին աշխարհամարտում դաշնակից երկրներին մատուցած ծառայությունների համար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X