Երբ ընդդիմության պարը կառավարության օրենքների վրա է բռնում

Վերջապես ընդդիմության ձայնը լսելի եղավ: Տեսնես ի՞նչ է պատահել, որ այսպես ակտիվացել են ու ԱԺ բարձրախոսներն են կոտրատում: Այլ իրավիճակում, եթե չլիներ 2018թ. ապրիլի սպասումը, ընդդիմության այս օրերի երկրորդ շնչառությունը գուցե նախաարձակուրդային սրացում որակեինք, ու հարցը դրանով փակվեր: Մեր կարծիքով, սակայն, խորհրդարանում ծայր առած աղմուկը բոլորովին այլ աղբյուրներից է ջուր խմում և բացարձակապես կապ չունի քննարկվող և մի կերպ քվեարկվող օրենքների հետ: Եթե մեկն ինձ ասի, որ մեր ընդդիմությունը սարսափելի հետևողական է այդ աօրենքների տառի ու ստորակետի հարցում, ես կհրաժարվեմ հավատալ, որովհետև կհամարեմ, որ փորձում է ինձ ձեռ առնել: 20 րոպեանոց ընդմիջումներ պահանջելը Նիկոլ Փաշինյանի հորինած մեթոդը չէ: Նախորդ խորհրդարանում շատ են եղել դեպքեր, երբ ԱԺ Կանոնակարգ օրենքով նախատեսված այդ իրավունքից օգտվել են այլ խմբակցություններ ևս` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և նույնիսկ ՀՀԿ-ն: Այդ 20 րոպեն, սովորաբար, օգտագործվում է քվեարկության հետ կապված որոշ հարցեր լուծելու, ընդհուպ` ուշացող պատգամավորներին նիստի բերելու, քվորում ապահովելու, գործընկեր խմբակցությունների հետ դիրքորոշումներ ճշտելու համար: Իհարկե, խմբակցության իրավունքն է որոշել, թե ինչ անի այդ 20 րոպեների ընթացքում, բայց գնալ ընդմիջման և վերադառնալ նորից ընդմիջման գնալու համար, մեղմ ասած, ծաղր է խորհրդարանական աշխատանքի հանդեպ:

Արժե՞ ասել, որ «Ելքի» ընտրողներն առանձնապես հիացած չեն իրենց պատգամավորներով, որոնք այնքան են տրվել այդ շոուին, որ նույնիսկ չեն էլ նկատում` ինչ է քննարկվել ու ինչ է քվեարկվում: Ինչևէ, օրենքներն անցնում են, և ոչ մի նշանակություն չունի` 20 րոպե շուտ, թե 20 րոպե ուշ: Այս առումով ընդդիմության աշխատանքը զրոյական է: Աչք ծակողը, սակայն, աղմուկն էր, որ Նիկոլ Փաշինյանի սոլոյով և ԲՀԿ-ի դամքաշությամբ լցրել էր ԱԺ նիստերի դահլիճը, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա, ինչպես Սեդրակ Սարոյանը բնորոշեց, «կուռկուռի ձագ» էր դարձել: Այսպիսի պատկերների, մեղքներս ի՞նչ թաքցնենք, շատ հազվադեպ ենք ականատես լինում ու միշտ մտածում, որ մի խաղ խաղում են մեր գլխին, այլապես մեզ համար իրենց այսպես չէին կոտորի: Այս խաղի որոշ նյուանսներ մեզ համար ավելի պարզ կդառնան, կարծում եմ, երբ ԱԺ-ում ՀՀ վարչապետը հաշիվ պահանջի Նիկոլ Փաշինյանից` կառավարության անդամներին ներկայացրած նոր պահանջների մասին, ըստ որոնց նախարարները պետք է «հավսար-զգաստ» կարգավիճակում լինեն պատգամավորների առաջ:

Հարվածը, ինչպես ընդունված է ասել նման դեպքերում, գոտկատեղից ներքև է հասցվել և գործող կառավարությունը բոլոր հիմքերն ունի բացատրություն պահանջելու, մանավանդ որ հարվածը հասցվել է հենց իր հեղինակած նախագծի քննարկման առնչությամբ: Վարչապետը, հավանաբար, լուրջ խոսակցություն պետք է ունենա նաև ՀՀԿ-ական մեծամասնության հետ` նրա իներտ պահվածքի, անհրաժեշտ «մասնագիտական գիտելիքներ» չցուցաբերելու, դրսևորած անճարակության և այլ տհաճ հարցերի շուրջ: Բայց, արդյո՞ք, խաղն այդքան պարզունակ է, որ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի «հարայհրոցի», ՀՀԿ-ի «անճարակության» և վարչապետին պակասող համարձակության տիրույթում: Չենք կարծում: Ավելի շատ հակված ենք մտածելու, որ գործողության մեջ է դրվում գործող կառավարության հանդեպ «վստահության նվազեցման» ռեժիմը: Այդ գործընթացը, կարելի է ասել, սկսվել էր ՀՀԿ-ական երկու պատգամավորների` Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններով, որոնցով նրանք արդարացրել էին թանկացումները, սակայն, ըստ էության, փնովել կառավարության աշխատանքը և գնաճը ինչ-որ կերպ զսպելու ոչ այնքան արդյունավետ «քաղաքականությունը»: Այսօր արդեն կառավարության օրինագծերի դեմ ծառս է եղել ընդդիմությունը, որին «ճղճղալու» լիուլի ժամանակ ու հնարավորություն է տրվում ԱԺ-ում, իսկ ՀՀԿ-ն պաշտպանվում է և խնդրում, որ իրեն չշփոթեն «սադի գոքորի» հետ:

Հարց է առաջանում` ո՞ւր է անհետացել ՀՀԿ-ի կոշտությունը, բացարձակ մեծամասնությանը հատուկ ինքնավստահությունը: Պատասխանն ակնհայտ է` ՀՀԿ մեծամասնությունը, ոչ առանց ընդդիմության աաջակցության, տակտիկական քայլ է կիրառում` հասկացնելով կառավարությանը, որ ընդդիմության հետ «բանավեճերում» «զադնի» դնելուց մինչև կառավարությանը անվստահություն հայտնելը մեկ քայլ է: Չշտապենք շատ հեռուն գնացող հետևություններ անել, մանավանդ, որ առջևում Նոր տարի է, իրար տուն գնալ-գալ է լինելու, հարցեր են դրստվելու, համոզմունքներ են փոխվելու, հարաբերություններ են ճշտվելու, չի բացառվում նաև, որ փորձ արվի ԱԺ-ում ավելի ամրապնդել ապագա վարչապետի դիրքերը` կոալիցիոն նոր ձևաչափ մեջտեղ բերելու շնորհիվ: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն լիովին հասունացել է դրա համար, իսկ ընդամենը մեկ գյուղապետ ունեցող «Ելքը» նույնիսկ ՀՀ նախագահի թեկնածու ունի:

Ավարտելով նշեմ նաև, որ այս օրերին ամենազարմացնողը Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ կենաց մահու կռիվ տվող «Ելքի» պահվածքն է: Ամիսներ առաջ կպել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, թե հենց հիմա ասա` մնալո՞ւ ես վարչապետ, թե՞ չէ: Դա հիմք էր տալիս ենթադրելու, որ նորաոճ ընդդիմությունը փորձում է դիրքորոշվել, ավելի ստույգ` դիրքավորվել Կարեն Կարապետյանի ճամբարում և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ: Բայց շաբաթը, ինչպես ասում են, ուրբաթից շուտ եկավ, և «Ելքը», սա արդեն փաստ է, սկսեց համագործակցության դուռ փնտրել «պրոսերժական» ընդդիմության` ԲՀԿ-ի հետ` աննկատ դառնալով նաև պրոՀՀԿ-ական ընդդիմություն` Կարեն Կարապետյանի դեմ:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X