Արտառոց քվեարկություն` բնական վերջաբանով

Եվ այսպես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց սպասվող բանաձևը, որով կոչ է արել ԱՄՆ-ին` հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ է քվեարկել 128 (այդ թվում` Հայաստանը), ձեռնպահ՝ 35, իսկ դեմ` ինը երկիր՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն: Բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետություններին` հրաժարվել իրենց դեսպանատները Սուրբ քաղաք տեղափոխելու մտադրությունից:

Փորձենք հասկանալ, թե ինչ արեց ԱՄՆ-ը` գնալով այս «պարտությանը»:

Հազիվ թե Վաշինգտոնը, առանց նախապես ճշտելու իր առաջարկության կողմնակից երկրների թիվը, թույլ տար, որ իր վասալների` Թուրքիայի և Եմենի հեղինակած բանաձևը մտներ ՄԱԿ օրակարգ և հասներ քվեարկության: Միջազգային ասպարեզում քվեարկությամբ գծեր ստուգելու «կույր» մեթոդները վաղուց են սպառել իրենց: Մյուս կողմից էլ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունն այնպիսի արձագանք էր ստացել ողջ աշխարհում, որ արդեն իսկ պարզ էր սպասվող քվեարկության արդյունքը: Հետևաբար, ԱՄՆ-ին, գուցե, հետաքրքիր էր ճշտել խնդրի կրոնական գործոնը` հույս ունենալով, որ ողջ աշխարհի համար պատուհաս դարձած ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության ուրվականը քրիստոնյա աշխարհին կկողմնորոշեր դեպի իր առաջարկը: Փառք Աստծո, 21-րդ դարի միջազգային հանրությունն իր քվեարկությամբ ցույց տվեց, որ անցել են կրոնական հողի վրա մանիպուլյացիաներ անելու, աշխարհակարգեր փոխելու, արյունահեղություններ հրահրելու ժամանակները: Եթե Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմ տեղափոխելն իրոք այդքան մեծ ու հրատապ խնդիր է, ապա այն պետք է լուծել միայն ու միայն բանակցությունների և փոխհամաձայնությունների արդյունքում` սա է միջազգային հանրության դիրքորոշումը, որը ևս մեկ անգամ հաստատվեց ՄԱԿ ԳԱ վերջին քվեարկությամբ:

Չի կարելի ՄԱԿ-ի բանաձևը որակել որպես Թուրքիայի և Եմենի հաղթանակ ՄԱԿ-ում: Դա կարող է հանգեցնել քվեարկության մասնակիցներից շատերի, այդ թվում նաև բանաձևին կողմ քվեարկած Հայաստանի դիրքորոշման ոչ ճիշտ մեկնաբանությունների: Նկատենք, նաև, որ ԱՄՆ վարչակազմը սպառնացել էր օգնություններից զրկել այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն ՄԱԿ-ի բանաձևին Սա կարելի է մեկնաբանել երկու կերպ` նախ որպես քվեարկության արդյունքի վրա ազդելու փորձ (ընտրակաշառքի տարբերակ) և ապա` որպես օտար պետություններին հասցվղ օգնությունների կրճատման «լավ» առիթ:

Հատկապես վերջինը չի կարելի բացառել հանրահայտ գործարար Թրամփի պարագայում, որ ընտրվելու օրվանից ամերիկացիների բարեկեցության անվան տակ զգալիորեն կրճատել է ԱՄՆ ներդրումները ՆԱՏՕ-ում, ՄԱԿ-ում, հրաժարվել է գլոբալ տաքացման դեմ Փարիզի համաձայնագրին մասնակցելուց և անգամ Մեքսիկային է պարտավորեցնում հոգալ սահմանային պատի շինարարության հետ կապված ծախսերը: Ամերիկացիներն, իհարկե, գնահատում են սա, և, կարծում ենք, կգնահատեն նաև Երուսաղեմի «պատրվակով» արտասահմանյան երկրներին օգնությունների կրճատումն ու դադարեցումը: Այս առումով մի փոքր «անհասկանալի է» թվում Հայաստանի պահվածքը, որը համարվում է ամերիկյան օգնություններ ստացող երկիր: Երևի շատ ավելի տրամաբանական կարող էր դիտվել Հայաստանի «ձեռնպահ» քվեարկությունը, մանավանդ որ արդեն կար այդ բանաձևում Թուրքիայի «համահեղինակության» ու նախաձեռնողականության հարցը: Սակայն Հայաստանը քվեարկեց միջազգային հանրության հանգույն` առաջին հերթին հաշվի առնելով տարածաշրջանի հայության անվտանգության և այլ ազգերի հետ հարևան պետություններում խաղաղ համակեցության հարցերը:

Ոմանց կարծիքով` Երևանն առաջնորդվել է բացառապես Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության առաջնահերթությամբ` նշելով, որ չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդել է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո: Դա էլ կա, իհարկե, բայց չմոռանանք, որ եկեղեցական կալվածքներով, դպրոցներով, հայ հասարակական կյանքի կազմակերպման այլ հաստատություններով համայնքներ կան նաև հարևան երկրներում և ամենևին էլ խելացի չէր լինի Երուսաղեմի հարցով այդ ամենը ակամա վտանգելը: Մեզանում քիչ չեն նաև Հայաստանի այս քվեարկությունը հայ-ռուսական հարաբերությունների մեջ դիտարկողները: Սա արդեն շատ ծիծաղելի է, որովհետև բանաձևին կողմ է քվեարկել ոչ միայն Ռուսաստանը, այլև ողջ ԵՄ-ն և կարելի է նույն «վստահությամբ» պնդել, որ Հայաստանը քվեարկել է Բրյուսելի «թելադրանքով»:

Ի՞նչ շահեց ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի աղմկահարույց հայտարարությունից: Ասել, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պարտվեցին, ճիշտ չի լինի այս դեպքում: Փոխարենը, առաջին` ևս մեկ անգամ հաստատագրվեց, որ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում ներկայացված է Իսրայելի շահերով և թույլ չի տա այդ շահերի որևէ ոտնահարում կամ որևէ սպառնալիք Իսրայելի անվտանգությանը: Երկրորդ` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ միակողմանի որոշումը լուրջ հաղթաթուղթ դարձավ Իսրայելի ձեռքին` պաղեստինա-իսրայելական բանակցություններում, եթե չասենք, որ դա կարող է դառնալ այն գինը, որ պահանջվում է Պաղեսինից` վերջինիս սուվերենությունը լիարժեք ճանաչելու դիմաց: Եվ վերջապես երրորդ` ԱՄՆ-ն այս բարձր նոտայով է դուրս գալիս մերձավորարևելյան պատերազմների մոտ տասնամյա շրջանից, որը նրա միջազգային հեղինակությանը դրական առումով ոչինչ չի տվել: Ոչ մի երաշխիք չկա, որ ԱՄՆ օրենսդիրները, ինչպես հաճախ է տեղի ունեցել, սկսեն քննել ԱՄՆ նախկին վարչակարգերի գոործունեությունն ու մանավանդ տրիլիոններ խժռած նրանց արտաքին քաղաքականությունը: Հեշտ չի լինելու այդ հսկայական ծախսերի ու մարդկային կորուստների համար պատասխան տալը, եթե փորձ արվի այդ ամենը բացատրել միայն «ցնցոտիավոր» ահաբեկիչների դեմ պայքարով: Հարկ կլինի հիշատակել նաև մահմեդական երկրներով Իսրայելի «շրջափակվածության» հանգամանքը, որն էլ, ահա, փորձում են հաղթահարել` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X