Գերմանիա. Բեռլին, Ռայխստագ

Բեռլինում եղանք համարյա տասը օր, սակայն, ցավոք, Moldova Institute Leipzig-ի ծրագիրը, որով գտնվում էի Գերմանիայում, շատ հագեցած էր, գրեթե ժամանակ չէր մնում Բեռլինը տեսնելու:

Բեռլինի տաճարը եւ Ռայխստագը

Իր քաղաքաշինական մոդելով, ինչպեսեւ սպասելի էր, Բեռլինը նման է Արեւմտյան Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին, այն տարբերությամբ, որ Բեռլինն ավելի հաճախ է պատերազմական գործողությունների թատերաբեմ ծառայել, ավերակվել եւ վերակառուցվել, ինչի արդյունքում էլ ժամանակներն ու ոճերը շատ են միախառնվել` 18-19-րդ դարերի բարոկոյից մինչեւ սոցիալիստական ու ֆուտուրիստական կառույցներ: Կա քաղաքի կենտրոնական, պատմական պողոտան, որ կոչվում է Unter den Linden: Այն սկսվում է Բրադենբուրգյան դարպասներից, որ Գերմանիայի հզորության, հաջողությունների ու նվաճումների խորհրդանիշն է: Այդ դարպասն այնքան խորհրդանշական է եւ կարեւոր, որ 19-րդ դարի ֆրանս-գերմանական պատերազմներից մեկում, որ ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով, հաղթողները գերեվարել եւ Փարիզ են տարել Բրադենբուրգյան դարպասը պսակող ձիերի քանդակները: Հաջորդ ֆրանս-գերմանական պատերազմում, երբ հաղթել են գերմանացիները, ետ են բերել ձիերի քանդակները եւ վերստին տեղադրել Բրադենբուրգյան դարպասի կատարին:

Սառը պատերազմի տարիներին Բրադենբուրգյան դարպասով է անցել Բեռլինի պատը, եւ, ի դեպ, հենց Բրադենբուրգյան դարպասի մոտ էլ այն ճեղքվել է` ազատություն բերելով Արեւելյան Գերմանիային: Այսօր ամբողջական, կատարյալ շուքով ու վեհությամբ Բրադենբուրգյան դարպասը բարձրանում է Բեռլինի սրտում, իսկ դրանից սկսվող Unter den Linden պողոտան ավարտվում է քաղաքի հոգեւոր կենտրոնի` Բեռլինի տաճարի մոտ: Բեռլինի տաճարը կառուցվել կամ վերակառուցվել է 19-րդ դարավերջին, եւ Գերմանիայի կայսրն այնտեղ օթյակ է ունեցել՝ կիրակնօրյա պատարագներին ներկա գտնվելու համար: Այն սքանչելի է, միաժամանակ հոգեթով ու շլացնող: Կամուրջն էլ, որ Շպրիլ գետի վրայով տանում է տաճար, կարծես Հռոմում Տեվերեյի վրայով դեպի Սբ. Պետրոս կամ Սբ. Անջելոյի ամրոց տանող կամուրջներից լինի, անգամ արձանների պատվանդաններն ինձ նման թվացին: Միայն, հասկանալիորեն, Բեռլինում կամուրջը զարդարող արձանները Բեռնինիի գործը չեն, թեեւ դարձյալ հռոմեական ոճի են եւ միանգամայն գեղեցիկ:

Եթե տաճարից էլ փոքր-ինչ առաջանանք, կհայտնվենք Ալեքսանդրպլատցում, որ Արեւելյան Բեռլինի քաղաքային կենտրոնն է եղել կոմունիստական ժամանակներում: Հակառակ ուղղությամբ Բրադենբուրգյան դարպասից հնարավոր է տեսնել Ռայխստագը` 19-րդ դարավերջին կառուցված Գերմանիայի խորհրդարանի շենքը, «Նվեր գերմանացի ժողովրդին» մակագրությամբ, որ դիտողին ուղղակի դյութում է:

Իհարկե այժմ, դեմոկրատիային տուրք տալով, թե polite correctness-ի քամիներին չհակադրվելու համար, Ռայխստագը կոչվում է Բունդեստագ: Ռայխստագի գմբեթն այժմ ապակեպատ է, երկաթներով ամրացրած, եւ ներսից հնարավոր է բարձրանալ մինչեւ գմբեթի կատարը, որտեղից Բեռլինի շատ գեղեցիկ համայնապատկեր է բացվում: Վերջապես՝ Ռայխստագի կենտրոնական շինության շուրջ այժմ Բունդեստագի տասնյակ ապակե-մետաղյա մասնաշենքեր են կառուցվել: Սակայն բոլոր այդ աղճատումներից հետո էլ Ռայխստագը, միեւնույն է, այնքան վեհաշուք է, կատարյալ ու փառահեղ, որ այդ շինության առջեւ ոչ թե մտածում, այլ գրեթե որպես զգացողություն ընկալում ես, որ կայսրությունը Գերմանիայի էությունն է: Հավերժական ու չնսեմացող էությունը, որ Գերմանիան ավերելուց, մասնատելուց, հանրապետության կամ դաշնության վերածելուց հետո էլ չի նահանջել, այլ հոգեւոր պատվարի նման վերստին բարձրացրել է երկիրը` կես դար անց նրան հասցնելով առաջատար եւ գերիշխող դիրքի Եվրոպայում ու աշխարհում:

Ռայխստագում, ապակեպատ գմբեթը բարձանալիս, ինչ-որ պահի հիշեցի, որ չգիտես որտեղից լսել եմ, թե ԽՍՀՄ Կարմիր բանակի` Բեռլին ներխուժելուց հետո խորհրդային զինվորները հասել են մինչեւ Ռայխստագ եւ դրա պատերին ինքնագրեր թողել, մի երկուսն էլ իբր բարձրացել են եւ Ռայխստագի գմբեթին կարմիր դրոշ ծածանել: Չգիտեմ՝ դա իրականություն է, թե ոչ, բայց ցանկանում եմ հավատալ, որ ռուսների մուտքը Ռայխստագ տարբերվել է ժամանակին բարբարոսների մուտքից Hagia Sophia-ի տաճար: Ի վերջո, որքան քաղաքակրթական գերազանցություն Բյուզանդական կայսրությունն ու հույներն ունեին 1453-ին Hagia Sophia-ն գրոհող թուրքական ցեղախմբերի հանդեպ, նույնքան քաղաքակրթական գերազանցություն էլ Գերմանիան ուներ ռուսների հանդեպ:

Եվ այդ գերազանցությունն էլ մեծ հաշվով բացատրում է, թե ինչու Երկրորդ աշխարհամարտում իբր հաղթանակած ԽՍՀՄ-ը վաղուց ոչնչացած է, դրա իրավահաջորդ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ գտնվող, անհումքառեսուրսային տնտեսությամբ թերզարգացած մի երկիր է, որ, անծայրածիր տարածքից եւ միջուկային կոճակից զատ, առանձնակի ոչինչ չունի: Մինչդեռ Գերմանիան ընդամենը կես դարում երկու անգամ հիմնահատակ ավերվելուց հետո այսօր դարձյալ փյունիկի պես հառնած է, Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ու քաղաքական մեծագույն կշիռ ունեցող երկիր է, որ մագնիսի պես ձգում է ոչ միայն Արեւելյան Եվրոպայի սլավոններին, այլեւ աշխարհի չորս ծագերից եկող փախստականներին, ովքեր զոհաբերում են ամեն ինչ, միայն թե Գերմանիայի հողին հասնեն:

Ընտրություններն ու Ջամայկա կոալիցիան

Ինչպես արդեն ասել եմ, ծրագիրը, որով գտնվում էի Գերմանիայում, նվիրված էր Գերմանիայի դաշնային խորհրդարանի` Բունդեստագի ընտրություններին, որ կայացան սեպտեմբերի 24-ին: Գերմանիայի քաղաքական դաշտում գերիշխում են երկու մեծ, դոմինանտ կուսակցություններ` Քրիստոնեա դեմոկրատների միությունը` CDU-CSU (CSU կոչվում է կուսակցության Բավարիայի երկրամասի կառույցը) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` SPD, որ, ի դեպ, Գերմանիայի ամենահին կուսակցությունն է, շուրջ 150 տարվա պատմությամբ: CDU-CSU-ն ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը, SPD-ի առաջնորդությունը 2017-ի տարեսկզբից ստանձնել էր Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը: Ի դեպ, SPD կուսակցությունից է նաեւ նախկին ԱԳ նախարար Վալտեր Շտայնմայերը, ով այժմ Գերմանիայի նախագահն է:

Ինչպես Գերմանիայի բոլոր խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ այս ընտրությանը քվեների մեծամասնությունն ստանալու էին Մերկելի CDU-ն եւ Շուլցի SPD-ն, եւ այդպես էլ եղավ: Եթե այդ երկու կուսակցությունները վերստին գրանդ-կոալիցիա կազմեին, ինչպես նախորդ տարիներին, առանց մի բարդության դա կլիներ խորհրդարանական մեծամասնության կառավարություն: Սակայն սեպտեմբերի 24-ի ընտրություններում որքան էլ CDU-ն եւ SPD-ն միասին քվեների մեծամասնությունն ստացան, նրանցից յուրաքանչյուրի գրանցած արդյունքը վատագույնն էր մի քանի տասնամյակի կտրվածքով:

CDU-ն ստացավ ձայների շուրջ 33%-ը, ինչը, համաձայն գնահատականների, ամենացածր ցուցանիշն էր 1950-ականներից ի վեր: SPD-ի արդյունքը 20% էր, ինչը նույնպես վատ արդյունք էր: Սակայն դրամա ստեղծողը CDU-ի եւ SPD-ի քվեների շեշտակի անկումը չէր, այլ հանգամանքը, որ, ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ սեպտեմբերի 24-ի երեկոյան` ընտրության արդյունքները հայտնի դառնալուց հետո, Մարտին Շուլցը հայտարարեց, որ SPD-ն Անգելա Մերկելի CDU-CSU-ի հետ կոալիցիա չի կազմի: Այդտեղից սկսվեց դրաման: Եթե SPD-ն հրաժարվում է կոալիցիա կազմելուց, ապա առավել ձայներ ստացած CDU-ին այլ ընտրություն չէր մնում, քան փորձելը Բունդեստագ անցած մյուս ուժերի հետ կոալիցիոն կառավարություն կազմել:

Իսկ սեպտեմբերի 24-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան էր անցել վեց քաղաքական ուժ` CDU-ից եւ SPD-ից բացի՝ նաեւ AFD-ն (Alternative fur Deutschland, թարգմանաբար` Այլընտրանք Գերմանիայի համար), որին համարում են ծայրահեղական, ռասիստական, չգիտես էլ ինչ կուսակցություն, եւ որի շուրջ հյուսվում էին ընտրարշավի քիչ թե շատ աղմկահարույց իրադարձությունները: AFD-ն ստացել էր ձայների 12,6 %-ը, նրան հետեւում էր FDP-ն (Ազատ դեմոկրատների կուսակցությունը)` ձայների 10,7 %-ով, հետո Ձախերը` 9,2 % ձայնով, եւ Բունդեստագ անցած երջանիկների ցանկը եզրափակում էին Կանաչները` Հայաստանում հայտնի Ջեմ Օզդեմիրի համանախագահությամբ եւ 8,9 % ձայներով:

Ակներեւաբար, 32 % ձայն ունեցող CDU-ին կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ էին երկու գործընկերներ, որպեսզի երեքի ստացած ձայների քանակը եւ մանդատները միասին գերազանցեին 50%-ը: Քվեների թվով Բունդստագի երրորդ ուժը դարձած AFD-ի հետ համագործակցելուց հրաժարվում էին մյուս բոլոր հինգ կուսակցություները` ե՛ւ ընտրություններից առաջ, ե՛ւ դրանցից հետո: Նույնիսկ տիպական մի դրվագ կարող եմ պատմել. ընտրությունների օրը, երեկոյան, բոլոր մեծ կուսակցությունների կենտրոնակայաններում հավաքույթներ էին` գարեջրով, երաժշտությամբ, DJ-ներով, աղմուկով, բազմահազար կուսակցականներով եւ երկրպագուներով: Ինքս ներկա էի Ձախերի կուսակցական հավաքույթին. ինչպեսեւ սպասելի էր՝ ձայների, լույսերի, աղմուկի, գարեջրի եւ կուսակցականների միջավայր էր: Մի պահի աղմուկը չափազանց բարձրացավ, Moldova Institut-ից Յան-Աբրահամին հարցրեցի` այս ի՞նչ պատահեց, ինչ-որ ընտրատարածքից բարձր տոկոսնե՞ր ստացան: Պարզվեց` ոչ. ուղղակի բազմությունը հետեւում է բեմում տեղադրված մեծ էկրաններին, եւ քանի որ էկրանին հայտնվել է հարցազրույց տվող AFD-ի ղեկավարը, բոլորը միահամուռ ձայները բարձրացրել են, որպեսզի աղմուկի մեջ խլացնեն AFD-ի ղեկավարի ձայնը: Գրեթե համոզված եմ՝ մյուս կուսակցությունների կենտրոնակայաններում էլ բոյկոտի նույն պատկերն է եղել:

Արդյունքում մնում էր, որ Անգելա Մերկելը բանակցություններ սկսի Ազատ դեմոկրատներից, Կանաչներից եւ Ձախերից առնվազն երկուսի հետ: Բանակցությունների հնարավորությունը դիտարկվում էր «Ջամայկա կոալիցիայի», այսինքն՝ Ջամայկա պետության դրոշի գույներն ունեցող (սեւ- դեղին-կանաչ) երեք կուսակցությունների` CDU-ի, Ազատ դեմոկրատների եւ Ձախերի միջեւ: Հնարավորությունները քննարկվեցին, անգամ բուն բանակցություններ ընթացան, սակայն նոյեմբերի կեսերին դրանք տապալվեցին, եւ Ջամայկա կոալիցիա չկազմվեց:

Թվում էր՝ նոր ընտրություններ կհայտարարվեն: Սակայն նախագահ Վալտեր Շտայնմայերը միջամտեց եւ Անգելա Մերկելին ու մարտին Շուլցին համոզեց, որ նոր ընտրություններում ձայների բաշխումը կարող է առանձնապես չփոխվել, հետեւաբար, ավելի խելամիտ կլինի ոչ թե նոր ընտրության գնալ, այլ CDU-SPD գրանդ-կոալիցիայի շուրջ բանակցություններ սկսել: Այժմ ընթանում են այդ բանակցությունները եւ մինչեւ 2018-ի տարեսկիզբը կշարունակվեն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X