Մեր սեւ սիրտ, ՀՀԿ-ի վարդագույն տեսլական

Ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը 2018 թվականի ապրիլի 9-ից հետո, ենթադրենք` 10-ին, 11-ին, 12-ին… Իհարկե` Կարեն Կարապետյանը: Հազիվ թե Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ժամկետն սպառելուն պես ավտոմատ տեղափոխվի վարչապետի աթոռին: Դեռ կլինեն քաղաքական ընթացակարգեր, որոնցից հետո միայն նոր վարչապետը կզբաղեցնի պաշտոնը: Խոսքն անցման փուլի մասին է: Բնականաբար, իշխող կուսակցությունը կփորձի մինչեւ վերջին պահը չհրապարակել իր թեկնածուի անունը` նրան քննադատությունների թիրախ չդարձնելու նկատառումով: ԱԱԾ-ի վերջին հայտարարությունն էլ հուշում է, որ դա նաեւ անվտանգության հետ կապված հարց է, հետեւաբար, ՀՀԿ-ին մեղադրել ինքնանպատակ գաղտնապահության մեջ` այնքան էլ ճիշտ չէ:

ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ եւս 2-3 ամիս ձգել ինտրիգը: Գաղտնիք չէ, որ նրանք միասին, արդեն տեւական ժամանակ է, դիմադրում են ԶԼՄ-ների գրոհներին, զանազան երկիմաստ հայտարարություններ անում, որպեսզի քաղաքական վերլուծաբանները, լրագրողները եւ անգամ գրբացները չկարողանան ժամանակից շուտ հայտարարել ՀՀ ապագա վարչապետի անունը: Ո՞վ ավելի շուտ կհոգնի այս մրցապայքարում` ԶԼՄ-նե՞րը, թե՞ ՀՀԿ-ն, դժվար է ասել: Մյուս կողմից էլ` ինչո՞ւ պետք է կողմերից մեկը հոգնի, եթե մրցապայքարը հաճույք է պատճառում երկուսին էլ. ԶԼՄ-ները գրելու նյութ ունեն, իսկ ՀՀԿ-ականները` հարցազրույցներ տալու լավ առիթ:

Չասեմ, որ ես հետաքրքրասիրության պակաս ունեմ այս հարցում, բայց մի տեսակ առաջվա պես չեմ հետեւում «քննարկումներին»: Ի վերջո, ինձ չեն հարցնելու` հնարավո՞ր է դու էլ առողջ ցանկություն ունես վարչապետ դառնալու: Հիասթափությանս հիմնական պատճառը, սակայն, դա չէ, այլ այն, որ քննարկումը մի տեսակ մակերեսային է, չափից դուրս առարկայացված, ասես խոսում են մեքենաների մասին, իսկ մեքենաներով հիանալու իմ ժամանակն անցել է: Գիտեմ, որ հիմա հարց կտաք` դու այդ ի՞նչ քաղաքացի ես, որ ակտիվորեն չես հետեւում թիվ 1 քաղաքական գործընթացին: Ոչինչ, Հայաստանում այնքան շատ քաղաքացի կա, որ լիուլի բավարար է քաղաքական քննարկումները շարունակելու համար:

Ի դեպ, ես երեկ ավելի հետաքրքիր բաների ականատես եղա: Մտել էի «Երեւան սիթի»` գների մոնիթորինգ անելու, որպեսզի հասկանամ` սեղանին միայն կարտոֆի՞լ է լինելու, թե՞… Ի զարմանս ինձ` կարտոֆիլի բաժնում համարյա մարդ չկար: Բոլորը գրոհում էին ձկան, երշիկեղենի, պանրի, հավի, մսի սառնարանները եւ, իհարկե, կոնֆետի դարակները: Տեսարանը մի պահ սրտապնդեց ինձ` չէ, վիճակը, ուրեմն, այնքան էլ վատ չէ: Նկատեցի նաեւ, որ սուպերմարկետի սրահից անհետացել են զեղչերի մասին աղաղակող բոլոր ցուցանակները, եւ ապրանքը վաճառվում է առեւտրականների սիրած «հոր գնով»: Հատկապես «կատաղել» են բաստուրման ու սուջուխը, խոզի բուդը նորմայի սահմաններում էր, թիակը՝ ավելի մատչելի: Մի քանի «իմպրտնի» հնդկահավ արհամարհված ընկած էին ամենահեռավոր սառնարանում: Մարդիկ տեղական ապրանք էին նախընտրում:

Ես անչափ ուրախ էի մի բանի համար: Տեսարանն այդ իսկական ապտակ էր որոշ պոռոտախոս ՀՀԿ-ականների երեսին, որոնք ոչինչ չեն արել ժողովրդի մատից փուշ հանելու համար, բայց այնքան են լկտիացել, որ իրենց անճարակությունն արդարացնելու համար վիրավորում են աղքատությունից աչք չբացող մարդկանց: Եկեք, ձեր աչքով տեսեք ձեր անշնորհքությունը. արտասահմաններից օգնությունը հասել է, ու մարդիկ իրենց մարդ են զգում:

Արմեն Աշոտյանն ասում է․ ստեղծված իրավիճակում՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին, ավելի լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը դառնար վարչապետ: Հետո էլ ավելացրել է, թե դա իր անձնական կարծիքն է: Մի փոքրիկ ուղղում միայն` դա ոչ թե Աշոտյանի անձնական կարծիքն է, այլ գրեթե բոլոր ՀՀԿ-ականների անձնական ցանկությունը, որը, որքան էլ «ոչ առողջ», այնուամենայնիվ, բնական ցանկություն է, քանզի հազիվ թե վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն այնպես թափահարի իշխանական բուրգը, որ այնտեղից դուրս թռչեն բոլոր հնագոյացություններն ու անպետքությունները: Կարեն Կարապետյանի պարագայում այդ վտանգը կա, եւ ՀՀԿ-ականները դա լավ են հասկանում: Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ Գալուստ Սահակյանը Կարեն Կարապետյանին հիշեցրեց սեփական քաղաքական թիմ չունենալու «դառը» իրողությունը: Օրեր անց Արմեն Աշոտյանը փորձեց հղկել Գալուստ Սահակյանի հայտարարության սուր անկյունները, բայց գնացքը, ինչպես ասում են, արդեն գնացել էր: Աշոտյանի «անձնական կարծիքը», որ ՀՀԿ-ն նաեւ Կարեն Կարապետյանի թիմն է, որ նա այդ թիմի առաջին փոխնախագահն է եւ այլն, մի տեսակ մերկապարանոց է հնչում կարտոֆիլի թեմայով ՀՀԿ-ական պատգամավորների խայտառակ հայտարարությունների ֆոնին: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը սաստեց Խոսրով Հարությունյանին եւ Հակոբ Հակոբյանին եւ ոչ թե թանկացումների պատճառով քննադատությունների թիրախում հայտնված Կարեն Կարապետյանը, որ պարտավոր էր դա անել` չսպասելով «իր» թիմի համաձայնությանը:

Գալուստ Սահակյանը, արդյոք, խոսե՞լ է Կարեն Կարապետյանի հետ` վարչապետի պաշտոնում մնալու վերջինիս ցանկությունների շուրջ: Հազիվ թե Կարեն Կարապետյանը խոստովանահայր ընտրեր հենց նրան: Մինչդեռ հենց Գալուստ Սահակյանն է փորձում բոլորին համոզել, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում այնպիսի վարչապետ դառնալ, ինչպիսին պետք է լինի ՀՀ վարչապետը 2018թ. ապրիլից հետո: Հանրության ու ԶԼՄ-ների համար նախատեսված այս կուտը, որքան էլ «գեղեցիկ» երեւա, միեւնույն է, քառակուսի մտածողության պրոդուկտ է, քանզի ամենեւին էլ պարտադիր չէ, որ Գալուստ Սահակյանի պատկերացրած վարչապետի «դոպուսկ» ստանա առնվազն 10 տարվա նախագահական ստաժ ունեցող անձը: Մինչեւ Վրաստանի վարչապետ դառնալը ո՞վ էր լսել Իրակլի Ղարիբաշվիլիի կամ Գիորգի Կվիրիկաշվիլիի անունները: Բայց նախագահի ստաժ չունեցող այդ մարդիկ եկան, աշխատեցին ու շարունակում են աշխատել, չէ՞:

Մյուս կողմից էլ` ի՞նչ պետք է անի ապագա շատ «զիլ» վարչապետը, եթե նրա կառավարությունը շարունակի տապալել երկրի առաջընթացն ու զարգացումը: Եվ ես հիմա Գալուստ Սահակյանին հարցնում եմ` ցանկություն ունի՞, արդյոք, Սերժ Սարգսյանը մի ուրիշ տեսակ վարչապետ դառնալ ու աշխատել իր հանրահայտ թիմով, որի անդամներին զոռով է քշում «խրամատներ»: Դիցուք`այսօրվա քաղաքական մեծամասնությունն ունի՞ պատկերացում այն մասին, թե ով է առաջինը հրաժարական տալու, երբ իր կառավարությունը հերթական փառահեղ անհաջողությունն արձանագրի: Մինչ այժմ Սերժ Սարգսյանը հերթով վարչապետ էր փոխում. ո՞ւմ է փոխելու սրանից հետո… Գուցե նաեւ այս հեռանկա՞րն է պատճառը, որ երկրի ղեկավարը դեռ տատանվում է իր վերջնական որոշման հարցում:

Մի խոսքով` ով ուզում է, ով մեծ ու առողջ ցանկություն ունի վարչապետ դառնալու, թող դառնա, միայն թե կարողանա առաջ տանել բեռան տակ ճռռացող մեր սայլը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X