ՀՀԿ-ն չի հավատում, որ քաղցած գյուղացիները մի օր կհամարձակվեն իրենց ուտել

Նախագահ դառնալուց ի վեր Սերժ Սարգսյանը նախաձեռնել է իր մրցակիցներին չեզոքացնելու, լուսանցքից այն կողմ թողնելու հետեւողական քաղաքականություն։ Իհարկե դժվար է ասել, թե մոտեցումն այս ինչպիսի ավարտ կունենա, բայց արդի փուլում ակնհայտ է, որ հաջողությունները շոշափելի են։ Այսինքն` Սերժ Սարգսյանը ոչ թե առաջնորդվում է մրցակիցներին քաղաքական-քաղաքակիրթ ճանապարհով հաղթելու մոտեցումներով, այլ նրա համար առաջնային է հակառակորդներին ոչնչացնելու, պարալիզացնելու եւ գոյատեւելու որեւէ շանս չթողնելու ջունգլիներին բնորոշ կացութաձեւը։

Հայաստանի նորագույն պատմության ամենախոշոր եւ հզորագույն ընդդիմադիր քաղաքական ուժը՝ Հայ Ազգային Կոնգրեսը, տեւական ու համառ պայքարից հետո հայտնվելով բռնությունների, տարատեսակ ճնշումների, սահմանափակումների եւ ինֆորմացիոն շրջափակումների մահացու օղակում, հյուծվեց եւ արդյունքում չկարողացավ հաղթել 2017 թ. խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը։

2015 թ. իրատեսական թվացող բուրժուադեմոկրատական հեղափոխությունը պարզապես հօդս ցնդեց, անէացավ, իսկ այն նախաձեռնող քաղաքական ուժերի միավորումը՝ Եռյակը, կազմաքանդվեց, քանի որ Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով իշխանական ողջ համակարգը լծվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ոչնչացնելու սրբազան գործին։ Արդյունքում ԲՀԿ-ն կազմաքանդվեց, իսկ Գագիկ Ծառուկյանը բիրտ ուժի կիրառման արդյունքում դուրս մղվեց քաղաքականությունից։ Նա քաղաքական արենա վերադարձավ իշխանությունների համար նախընտրելի ոչնչացված եւ վերահսկելի պայմաններում։

Որքան էլ որ ժողովրդական լայն զանգվածների համար ՕՐՕ դաշինքը չէր ընկալվում որպես ընդդիմադիր, այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել, որ դաշինքի ղեկավար կազմի եւ իշխանությունների միջեւ սուր հակասություններ կային, ինչը կարող էր հանգեցնել լրջագույն առճակատման։ Դա նույնպես կանխվեց, բայց ոչ քաղաքական պայքարի ճանապարհով։ Բռնությունների ալիք սկսվեց, որին էլ հաջորդեց դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանի կասկածելի ձերբակալությունը։ Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք պնդել, որ այս իրադարձությունների ետևում նույնպես կանգնած էր գործող նախագահը։

Ահա այսպես Սերժ Սարգսյանը փորձում է ոչնչացնել իր հակառակորդներին, բայց նա հաշվի չի առել քաղաքական մի պարզ կանոն, որին քաղաքական տեսաբանները ծանոթ են եղել դեռեւս հնագույն ժամանակներից։ Ասորեստանը երբեք մինչեւ վերջ չէր ոչնչացնում իր հակառակորդներին, քանզի դրա փոխարեն կարող էր ծնվել մի նոր առավել զորեղ մրցակից, որն էլ կհաղթեր Ասորեստանին։ Սերժ Սարգսյանը երեւի թե գլխի չի ընկնում, որ ամայացած քաղաքական դաշտում կարող է ստեղծվել մի նոր ուժ, որն էլ վճռականորեն վերջնականապես կասկածի տակ կդնի ՀՀԿ-ի իշխանության հարատեւության պատրանքը։ Ստեղծված վակուումը չի կարող անվերջ լցվել անհասցե ընդդիմադիր թվացող պոպուլիզմով։ Վաղ թե ուշ վերստին առաջնային պլան են մղվելու կոնկրետ քաղաքական ծրագրերը՝ օժտված կենսական գործիքակազմով։ Բայց Սերժ Սարգսյանը փորձում է հավանական այդ գործընթացի դեմ նույնպես պայքարել։ Նա ամեն ինչ անում է, որ վակուումի մեջ լցված ընդդիմադիր պոպուլիզմը այլընտրանք չունենա։

Վերոհիշյալի համատեքստում պետք է դիտարկվի վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կանխատեսելի, վերահսկելի եւ նույնիսկ ապաքաղաքական պառլամենտը։ Այսինքն` Սարգսյանի համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները հավերժ մնալ իշխանության և միահեծան կերպով կառավարել երկիրը, մինչեւ որ կուսակցության ներսում որեւէ ներքին հեղաշրջում տեղի չունենա՝ ինչպես Խորհրդային Միության եւ այլ կուսակցապետական երկրների դեպքում։

Ամեն դեպքում իրավիճակն այս երկար շարունակվել չի կարող։ Ամայի և մարգինալացված այս իրականությունն անպայման ցնցվելու է։ Ճնշված, ճորտացված և իրավազրկված ժողովուրդը տասնամյակների իր ցասումն ու ատելությունը ինչ-որ որ մի օր պայթեցնելու է։ Այդ ժամանակ ժողովրդին ոչ ոք չի կարող աղոթելու տանել կամ էլ տուն ուղարկել։ Հեղափոխությունները երբեք հենց այդպես չեն ավարտվում, փողոց դուրս եկած քաղցած ժողովրդին հնարավոր չէ տուն ուղարկել, նա այլևս ժողովուրդ չէ, այլ՝ քաոսի մեջ անկանոն շարժվող մի գորշ զանգված, որն իր առջև խնդիր է դրել խորտակել իշխանությունը։ ՀՀԿ-ն չի հավատում, որ քաղցած գյուղացիները մի օր կհամարձակվեն իրենց ուտել:

Մեկնաբանություն
X