Բոլորը խոսում են, ոչ ոք պատասխանատվություն չի կրում

Մենք ապրում ենք բառակենտրոն տիեզերքում: Ընդհանրապես՝ խոսքը հասարակության, համակեցության կարեւորագույն ատրիբուտներից մեկն է, այն նաեւ բարոյականության չափորոշիչ է, անհատի պատասխանատվության եւ իրավունքի երաշխիքը: Երբ որեւէ միջավայրում խոսքն այլեւս արժեք չի ներկայացնում, նշանակում է, որ առկա է խորը, անտեսանելի ու քայքայիչ ճգնաժամ: Ահա այս նույն տրամաբանությամբ Հայաստանում բանական խոսքը տարտամ տառակույտի են վերածել հանրապետականներն ու Սերժ Սարգսյանը: Նրանք ինչ ասես, որ կարող են խոսել ու պատասխանատվություն չկրել ասածի համար, որովհետեւ խոսքն արժեզրկված է:

2014 թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Սա նախագահի, քաղաքական գործչի խոսք է, որը հավասարեցվեց զրոյի, քանի որ հեղինակն առաջինը կասկածի տակ դրեց դրա արժեքը։ Մասնավորապես՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը չբացառեց, որ կարող է վարչապետ դառնալ։ Այսինքն՝ խոսքը Հայաստանում պայմանավորված է զուտ պատեհությամբ ու իրավիճակի հարմարությամբ։ Քաղաքական տեքստ արտաբերող գործիչը երբ հարմար գտնի, կարող է հրաժարվել իր իսկ խոսքերից, եւ ցավալին այն է, որ հասարակական վերահսկողությունն այնքան թույլ է, որ այդ անպատասխանատվությունը կմնա անպատիժ։ Թերեւս սա է Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը․ խոսքն արժեք չունի, զրոյացված է ու հեղինակազրկված։

Բոլորովին հակառակ պատկերն է Եվրոպայում ու ԱՄՆ-ում։ Քաղաքական գործիչները մշտապես գտնվում են հանրային կոշտ վերահսկողության ներքո, եւ նրանց ամեն մի անզգույշ շարժում կարող է ճակատագրական ավարտ ունենալ՝ ընդհուպ քաղաքական դիակ դառնալը։ Բերենք մեկ օրինակ ԱՄՆ-ի պատմությունից։ ԱՄՆ նախագահ Մակ-Քինլիի սպանությունից հետո նախագահի պաշտոնն ստանձնեց փոխնախագահ Թեոդոր Ռուզվելտը, որը երկրորդ անգամ նախագահ դարձավ 1904 թ. ընտրություններից հետո: Բայց երկրորդ անգամ պաշտոնն ստանձնելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ երրորդ անգամ թեկնածությունը չի դնելու, չնայած, սահմանադրության համաձայն, ունի այդ իրավունքը, քանզի առաջին անգամ նախագահ էր դարձել ոչ ընտրությունների միջոցով: Եվ այսպես՝ նախագահության երկրորդ ժամկետի ավարտի նախօրեին Ռուզվելտը փորձեց հավակնություններ ցույց տալ երրորդ անգամ նախագահ դառնալու համար, բայց մամուլն ու հասարակությունն անմիջապես հիշեցրին նրա ժամանակին տրված հրապարակային խոստումը, եւ վերջինս, ստիպված, հավատարիմ մնաց դրան ու աջակցեց հանրապետական Տաֆտին: Հակառակ դեպքում ամերիկյան թերթերը պարզապես կոչնչացնեին Ռուզվելտին։ Ահա այստեղ է թաքնված Հայաստանի ողբերգությունը, բոլորը խոսում են եւ նույնիսկ շատախոսում, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում եւ ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում։

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X