Անտարբերության ուրվականը բույն է դրել մարդկանց հոգիներում

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանն իր ընկերոջ հետ միասին, նորից հացադուլ է հայտարարել և փակվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հենց այն նույն լսարանում, որտեղ շուրջ մեկ ամիս առաջ իր չորս ընկերների հետ միասին հացադուլ էր անում։ Հանրային տիրույթում այս փաստն ընդունվեց ոչ միանշանակ, շատերն անտարբեր են։ Գտնվեցին նաև այնպիսի մարդիկ, որոնք փորձեցին ծաղրել ու հեգնել ուսանողների այդ նախաձեռնությունը։ Իհարկե իրավիճակն այս ցավալի է, քանի որ անտարբերության ուրվականը բույն է դրել մարդկանց հոգիներում՝ ներսից քայքայելով ու խժռելով մարմինները նրանց։

Երկիրը երկիր կդառնար, եթե հազարավոր ուսանողներ հավաքվեին հացադուլ անողների պատուհանի տակ ու իրենց համերաշխությունն ու սերը փոխանցեին տղերքին: Բայց, ո՛չ, անտարբերությունը լափել է բոլորին, «հայ տղամարդը պդի ծառայի» գաղափարական լոզունգի նվագակցությամբ: Իրականում դա նվագակցություն էլ չի, այլ՝ միլիտարիստական խելագար կռկռոց, որը չի ցրվում և ոչ մի կերպ։ Կարծես թե մահախոսական լինի այն զինվորների համար, որոնք դեռ պետք է զոհվեն։

Երկիրը երկիր կդառնար, երբ քսերոքս կրծող ու հանուն գնահատականի հոգիները վաճառող դեբիլիկ գերազանցիկները գոնե մի վայրկյան մտքներով անցկացնեին. «հացադուլ անող տղերքը ո՞նց եղան»: Առավոտից իրիկուն համալսարանի բակում տնգվող «ղզղնած» որձերը, որ սրա-նրա քամակին նայելուց բացի ուրիշ ոչինչ անել չգիտեն, գոնե մի պահ մտածեին. «լավ հացադուլ անողներին ինչո՞վ պաձերշկա անենք»:

Շատերին թվում է, թե այդ օրենքի միջոցով Էրգրի պաշտպանության հարց է լուծվելու: Ո՛չ մի պաշտպանության խնդիր էլ չկա, դա ոչ մի համահայկական խնդիր էլ չի լուծելու, այլ պատճառ է դառնալու համահայկական ձախողման: Արմատախիլ է արվում ընդդիմանալու, ըմբոստանալու վերջին ներուժը, նպատակ է դրված, որ այս երկրում այլևս երբեք ընդդիմադիր շարժումներ չլինեն: Պետությունը վերածվելու է միլիտարիզացված տոտալիտար համակարգի, որտեղ բոլորը այս կամ այն կերպ ներքաշված են լինելու բանակի մեջ: Բանակի հետ կապ չունեցող քննադատներն էլ կպիտակվեն որպես էշ-էշ խոսացող պոպուլիստներ, որոնք չեն գնահատում ազգի հերոսներին, «ազգի հըմար մի բան անողներին»:

Լավ էս ամեն ինչը մի կողմ: Բա ծաղրելը ո՞րն ա, արա ո՞նց կարելի ա պայքարող քաղաքացուն ծաղրել: Պայքարողների հետ կարող եք համաձայն չլինել, հարց չկա, բայց գոնե մի փոքր բարոյականություն ունեցող մարդը կմտածի, լավ թեկուզ սխալ են, բայց ամեն դեպքում էս էրգրին պայքարող ջահելներ պետք են՝ թեկուզ սխալ ուղղությամբ պայքարողներ: Բարոյական մարդը, նույնիսկ եթե համոզված լինի, որ պայքարը չի հաղթելու, միևնույնն է, չի հարձակվի ջահելների վրա, կլռի կամ էլ բարձր կգնահատի նրանց վճռականությունն ու դուխը: Լավ եմ անում, որ զգացմունքային ու պաթոսային հնչերանգ եմ մտցնում, էս երկրում էլ ուրիշ արժեք չկա, հանուն որի արժի հուզվել: Միակ արժեքը պայքարող, իրավագիտակից, պահանջատեր, գաղափարական մարդն է:

Անկախ նրանից, թե այս պայքարն ինչպես կավարտվի, ես չափազանց բարձր եմ գնահատում պայքարող ուսանողներին։ Կարճ ասած՝ թքած, թե իրենց մասին ինչ կասեն: Հ1-ով ելույթ ունեցող ազգի հերոսներով էլ բերաններս մի փորձեք փակել, իմ հերոսը Բետմենն ա: Վերջաբանի փոխարեն: Եթե հանկարծ պայքարը պարտվի, ապա խնդրում եմ չհուսահատվել և հիշել այս խոսքերը. «Պարտվածների անվիճելի հաղթանակը հաղթողների նկատմամբ»: Խոսքերն այս վերաբերում են Չարտիստական շարժմանը: Ձևակերպումը պատահական չէր, քանզի բոլորի համար էլ ակնհայտ էր, որ իշխանությունների կողմից ճնշված շարժումը վաղ թե ուշ հասնելու է իր նպատակին և այդպես էլ եղավ: Պարտվածներն ի վերջո հաղթեցին: Մեր դեպքում էլ գործում է նույն տրամաբանությունը: Հնարավոր է այսօր հացադուլ անող Դավիթը պարտվի, բայց վաղն այդ գաղափարները հաղթելու են, քանի որ էս երկրում գոնե 20 պայքարող ուսանող կա:

Մեկնաբանություն
X