Եղեգիսի վրա կառուցված ՀԷԿ-երը՝ ընդդեմ «Արփա-ՍեՎանի» եվ «Կեչուտ» ՀԷԿ-ի

Օրերս խմբագրության ստացած նամակում բարձրաձայնվում է «Արփա-Սեւան» թունելի եւ «Վու Դին» ՍՊԸ-ի միջեւ գործող «անօրինական համագործակցության» մասին, որում ներգրավված է նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Սրա հետեւանքն էլ այն է, որ առաջացել է բնապահպանական խնդիր՝ Կեչուտի ջրամբարի ջրերը, «Արփա-Սեւան» թունելով դեպի Սեւանա լիճ ուղղվելու փոխարեն, նորմայից մի քանի անգամ ավել քանակով սնուցում են «Վու Դին» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Կեչուտ» ՓՀԷԿ-ը։ «Արփա-Սեւանի» տնօրենը, հիշեցնենք, վերջերս իր սկանդալային հայտարարության պատճառով մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի որդին է՝ Պարույր Հակոբյանը։ Նամակում նշված է, որ Հակոբ Հակոբյանը, երբ «Արփա-Սեւանի» տնօրենն էր, հասցրել է «բազմամիլիոն դոլարներ դիզել, օգտվել պետության տրամադրած վարկերից եւ դրանք սեփական բիզնեսին ծառայեցնել, իր համար տասնյակ ՀԷԿ-եր եւ ջրամբարներ կառուցել, իր ձեռքում է կենտրոնացրել դեպի Սեւանա լիճ ջրալցման կառավարման ամբողջ համակարգը՝ ծառայեցրել այն սեփական օգտագործմանն ու բիզնեսին, հիմա էլ այս բիզնես-էստաֆետը փոխանցել է որդուն»։ Ըստ մեր ստացած տեղեկատվության՝ Պարույր Հակոբյանն այժմ ստանձնել է նաեւ այդ թունելի ջրամատակարարման գլխավոր ջրամբարի՝ Կեչուտի տնօրինությունը։

«Բանն այն է, որ Պարույրն ամեն անգամ, երբ խնդիր է բարձրացնում Կեչուտի ջրամբարից ջուր բաց թողնելուն, որը, ըստ օրենքի, պետք է ուղղորդվի հիմնականում Սեւանին կամ օգտագործվի ոռոգման նպատակներով, նշում է, որ խիստ սահմանափակ է, որ այդքան ջուր չկա ջրամբարում եւ, որպես պատճառաբանություն, առաջ է քաշում բնապահպանության հիմնախնդիրը: Սակայն միեւնույն ժամանակ նա առաջնորդվում է անօրինական հիմունքներով՝ գործարքային կապերի մեջ մտնելով ինչպես Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանի հետ, այնպես էլ տեղի որոշ ՀԷԿ-երի, մասնավորապես` «Վու Դին» ՍՊԸ-ի կամ նույն ՓՀԷԿ-ի հետ: Բանն այն է, որ Արփա-Սեւան թունել-2-ի վերանորոգման ժամանակ Կեչուտի ջրամբարից ավելցուկային ջրերն Արփա-Սեւան թունել 1-ով՝ մինչեւ 50 մլն․ խմ տարեկան ծավալով պետք է ուղղվեին Եղեգիս գետ, որտեղ պետք է հաշվի առնվեր ոռոգման ժամանակահատվածում գետի ծանրաբեռնվածությունը: Սակայն դրանք չեն կատարվում «Կեչուտ» ՓՀԷԿ-ի («Վու Դին» ՍՊԸ) կողմից ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված հավելյալ ջրի օգտագործման պատճառով, որն էլ իր հերթին կաթվածահար է անում Արփա եւ Եղեգիս գետերի ավազանների բնականոն գործընթացը, ինչն էլ կեղծաբար Պարույրի կողմից ներկայացվում է այնպես, թե իբր այդ սակավաջրության պատճառը տեղի ՀԷԿ-երն են, ու իրենց մեղքով է այն գոյանում, այնինչ գողությունը հենց Կեչուտի տնօրեն Պարույր Հակոբյանի կողմից է: Ըստ էության՝ «Վու Դին» ՍՊԸ-ի կողմից հավելյալ ջրառի, որը, ըստ տարբեր գնահատականների, 4 անգամ ավելի է նախատեսվածից, արդյունքում առաջանում է ջրային ռեսուրսների պակաս Կեչուտի ջրամբարում, որի հետեւանքով հնարավոր չի լինում ապահովել Արփա-Սեւան թունելներով Սեւան տեղափոխվող ջրի սահմանված քանակը: «Արփա-Սեւան» թունելը «Վու Դին» ՍՊԸ-ի՝ Կեչուտի ջրամբարից հավելյալ ջրառի հետեւանքով առաջացած ջրաքանակի պակասորդը լրացնելու համար, որպես այլընտրանք, կիրառում է Եղեգիս գետից ջրառի իրականացման մոդելը՝ առանց իրավական հիմքերի եւ անտեսելով Արփա-Սեւան թունելից ներքեւ՝ Եղեգիս գետի վրա գտնվող 8 տնտեսվարող սուբյեկտների շահերը` վերջիններիս պատճառելով միլիարդների վնաս»,- ասված է նամակում։

Այդ 8 տնտեսվարող սուբյեկտները, իրականում, Եղեգիս գետի վրա կառուցված տարբեր ՀԷԿ-ներ են։ Եվ այս խնդիրն էլ, ըստ էության, հենց այդ ՀԷԿ-ների տերերի կողմից է բարձրաձայնվում։ Ջրային ռեսուրսների կառավարման պետական կոմիտեից մեզ ասացին, որ 2017 թվականին Կեչուտի ջրամբարից եւ Եղեգիս գետից այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս 109.5 մլն․ խմ ջուր է ուղղվել Սեւանա լիճ։ Առավելագույն թողունակությունը, սակայն, 200-250 մլն․ խմ է։ Արդյոք Եղեգիս գետից ջրառ կատարվո՞ւմ է՝ Կեչուտի ջրամբարը լցնելու համար, Ջրպետկոմից ասացին, որ՝ ոչ, քանի որ դա ֆիզիկապես անհնար է։ Եղեգիսից ջրառ կատարվում է Սեւանը լցնելու համար։

Զրուցեցինք «Վու Դին» ՍՊԸ տնօրեն Վարդան Մռյանի հետ։ Նրանից նախ հետաքրքրվեցինք, թե որքան է կազմում օրենքով նախատեսված ջրօգտագործման ծավալը, որ սահմանվել է իրենց տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ։ «Կներեք, ես իրավասու չեմ ասելու, շատ էլ, որ տնօրենն եմ։ Իրենք տերեր ունեն, ես չեմ կարա հեռախոսով տվյալներ ասեմ։ Եթե էդքան բանը ձեզ ասել են, ուրեմն դա էլ կասեն իրենք»,-ասաց Վարդան Մռյանը։

Դիտարկմանը, թե իրենք, ըստ տեղեկության, իրենց ՀԷԿ-ի համար օգտագործում են նախատեսվածից մոտ 4 անգամ ավելի ջուր Կեչուտի ջրամբարից, պարոն Մռյանը կտրուկ հերքեց․ «Ոչ, տենց բան գոյություն չունի, որովհետեւ էնտեղ ոռոգում կա, թող չմոռանան, էլի, մինչեւ բողոքելը։ Թող մի հատ լրիվ ուսումնասիրեն նորմալ, նոր խոսան։ Իրենք էդ ՋԹ-ն էլ ունեն, ամեն ինչն էլ ունեն, իրենք բնապահպանությունից դիմում են գրել, վերցրել են, իրենք մեզնից ավելի լավ գիտեն՝ ինչ ունենք, ինչ չունենք, ինչ ենք անում, ոնց ենք անում։ Բայց մենք ինչ անում ենք, օրենքի սահմաններում ենք գործում»։ Նա նշեց, որ այդ ջրերն առաջնահերթ ուղղվում են «Արփա-Սեւանին», հետո՝ ոռոգմանը, վերջում՝ նոր ՀԷԿ-երին։

Մռյանն այնուհետեւ ակնարկեց, որ Եղեգիս գետի վրա գործող ՀԷԿ-ներ կան, որոնց տերերն էլ, հավանաբար, այս խնդիրը բարձրաձայնել են․ «Մեկի տեղը 10-12 հատ ՀԷԿ են սարքում ու ուզում են ջուր լինի… գնացեք ուզեք, ես ի՞նչ ասեմ, ջուրն իմը չէ։ Փոխանակ բնապահպանությունը կպնի իրանց, եկել՝ ինչի հետեւից են ընկել։ Էդ ՀԷԿ-երի մասին ամռանը, եթե չեմ սխալվում, «Սուր անկյունով» էլ ցույց տվին, որ իրենք օրենքով պիտի փոքր ջրամբարներ սարքեն՝ աստիճաններով, որ ձկները բարձրանան վերեւ։ Դա ես «Սուր անկյունով» եմ տեսել, որ էդ ձկները չեն կարողանում բարձրանան վերեւ։ Իսկ մեր ՀԷԿ-ը գետի վրա չէ, մեր ՀԷԿ-ը խողովակի վրա է (Կեչուտի ջրամբարից է սնվում), մենք բնական գետին չենք կպնում… հիմա թե ուզում են մրցակցության մեջ մտնեն, թե ինչ՝ չգիտեմ»։

Մեր զրուցակիցը չասաց, թե ովքեր են «Վու Դին» ՍՊԸ-ի իրական տերերը, որ նրանց հետ զրուցեինք, եթե ինքն իրավասու չէ հստակ պատասխանել մեր հարցերին։ Մենք պարզեցինք, որ «Վու Դին» ՍՊԸ-ի կողմից արդեն 5-6 տարի շահագործվող ՀԷԿ-ը, իրականում, պատկանում է բարձրաստիճան իշխանական դեմքերի, որոնց մեջ են նաեւ ՀՅԴ-ական հայտնի դեմքեր։ Մռյանն ասաց, որ ինքն այստեղ զուտ տնօրեն է, ՀԷԿ-ում «փայ չունի»։ Պարզեցինք նաեւ, թե որքան է կազմում այս ՀԷԿ-ի՝ բնապահպանության նախարարության տրամադրած ՋԹ-ով սահմանված ջրօգտագործման ծավալը, որը տնօրենը չգիտեր՝ տարեկան 18 մլն․ 930 հազար խմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X