Մեծ խաղը` Ախուրյանի ափին

Հայ-թուրքական արձանագրությունները 2018-ի ապրիլին առոչինչ համարելու մասին ՀՀ նախագահի` ՄԱԿ-ի ամբիոնից արած հայտարարությունը, ապա Աթենքում ՀՀ արտգործնախարարի կողմից այդ հայտարարության վերահաստատումը, ինչպես նաեւ Թուրքիայի ԱԳՆ արդարացումները, թե իրենք հավատարիմ են մոռացված արձանագրությունների ոգուն, անշուշտ, պատահական չէին:

Հարցն այն չէ` կվերակենդանացվեն, արդյոք, չվավերացված արձանագրությունները, թե ոչ, այլ այն, թե որոնք էին արձանագրություններին անդրադառնալու պատճառները: Ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը հերթական անգամ խոսեց դրանց մասին, այն էլ՝ տոնայնությամբ, որ եթե մի բան էլ անելու է դրանց հետ, ապա առոչինչ համարելն է: Նկատենք, որ ոչ մի խոսք չկա պրոտոկոլները վերանայելու կամ դրանց շուրջ նոր քննարկումներ սկսելու մասին: Թուրքիայի ԱԳՆ պատասխանի մեջ էլ չի երեւում, որ գոնե կես քայլ նահանջել են նախապայմաններից. «Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռեւս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարեւոր է, որ նպաստավոր քաղաքական մթնոլորտը եւ խաղաղությունն ապահովվեն Հարավային Կովկասում»: Այսինքն` Թուրքիան սահմանի բացումն առկախում է` այն պայմանավորելով ոչ թե արձանագրությունների վավերացմամբ, այլ հայ-ադրբեջանական հակամարտության` բացառապես ադրբեջանահաճո կարգավորմամբ:

Հետաքրքիր է նաեւ, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական փակ սահմանի մասին այս ընդգծված հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ամբիոնից, ինչն ավելի ընդգծեց միջազգային հանրության դերակատարությունը աշխարհում փակ սահմանների վերացման գործում: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո սպառվել են բոլոր ողջամիտ ժամկետները, եւ այլեւս անիմաստ է դրանցով առաջ շարժվելը: Փոխարենը փակ սահմանը բացելու անհրաժեշտությունը չի վերացել, եթե չասենք, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունն առավել հրատապ է դարձրել հարցը: Շատ էլ սխալված չենք լինի, եթե ասենք, որ սիրիական պատերազմից հետո Արեւմուտք-Արեւելք համաձայնությունների ալիքը հասել է Ախուրյան գետի ափերը, իսկ փակ սահմանի առկայությամբ անհնար է պատկերացնել գլոբալ կարգավորումների ծավալումը թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական նոր, փոխշահավետ համաձայնությունների կայացման ուղղությամբ:

Թուրքական կողմը մի փոքր ուշ արձագանքեց ՀՀ նախագահի հայտարարությանը: Հավանաբար, ժամանակ էր պետք` հասկանալու, թե ինչու Սերժ Սարգսյանը խոսեց մոռացված արձանագրությունների մասին: Այդ հարցը հետաքրքրում է նաեւ հայ հանրությանը: Ընդհուպ կարծիքներ եղան, թե, հնարավոր է, վերաթարմացվի ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը: Բայց թուրքական կողմի արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ Անկարայում արդեն չեն հավատում հրաշքների` մասնավորապես նախապայմաններով այդ արձանագրությունները Հայաստանի վզին փաթաթելու հնարավորությանը: Տարածաշրջանում, այո, իրավիճակ է փոխվել: Մի քանի տարի առաջ Ասադին իշխանությունից հեռացնելու մարմաջով տառապող Էրդողանի մտքով իսկ չէր անցնի, որ ԱՄՆ հաջորդ նախագահը կհամաձայնի Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում թողնել, կամ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նույն ճամբարում կհայտնվեն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի, քրդերի անկախության եւ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք դարձնելու հարցերում: Հաշվի առնելով իսլամական գործոնը` չենք կարող պնդել, որ այս ամենից հետո իրավիճակը Մերձավոր Արեւելքում պակաս պայթյունավտանգ է դարձել, բայց միանշանակ է, որ տարածաշրջանն ապակայունացնելու եւ մեծ խաղից, ընդհուպ նաեւ մնացյալ մահմեդական աշխարհի հաշվին, շահած դուրս գալու Թուրքիայի քաղաքականությունն սպառել է իրեն:

Հայ-թուրքական սահմանը փակ պահելը Թուրքիայի համար այլեւս ակտուալ չէ: Այն խոչընդոտ է ոչ միայն Թուրքիա-ԵԱՏՄ (Ռուսաստան), այլեւ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից: Փաստորեն, սահմանի հարցով Հայաստանի հետ Թուրքիայի առճակատումը որոշ առումներով դառնում է առճակատում նաեւ նշված կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային: Հայ-թուրքական սահմանի հարցում այդ երկրի կոշտ կեցվածքը եւ խնդրի լուծումը Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ (նույնն է` Ալիեւի կրակել-չկրակելով) պայմանավորելը ձեռնտու չէ հարաբերությունների կարգավորման ձգտող ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին, ձեռնտու չէ նաեւ Արեւմուտքին, որն այս պայմանների բերումով ստիպված է սահմանափակվել թուրք-ադրբեջանական` «տեղական» նշանակության երկաթգծերով ու խողովակաշարերով, որոնք նպաստում են հիմնականում Թուրքիայի եւ Ադրբեջանի էլիտար ընտանիքների հարստացմանը: Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, որ կա՛մ պետք է ընտրի քաղաքական մեկուսացումը, կա՛մ ընդունի նոր խաղի կանոնները՝ բացի փակ սահմանը` առանց նախապայմանների: ՀՀ նախագահը եւ արտգործնախարարը, խոսելով արձանագրությունների մասին, թերեւս, հենց սա են հուշել Թուրքիային: Այն էլ ասենք, որ այս հայտարարություններով հայկական կողմը եւս մեկ անգամ ստուգեց գծերը, փորձելով հասկանալ` պատրա՞ստ է, արդյոք, Թուրքիան բացել սահմանը: Անկարայի արձագանքը, ճիշտ է, առայժմ լավատեսություն չի ներշնչում, սակայն բացառված էլ չէ, որ 2018 թ․ ապրիլից, երբ այլեւս չեն լինի հայ-թուրքական արձանագրությունները, նոր (ոչ գիշերային) բանակցություններ սկսվեն սահմանը բացելու եւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այլապես որեւէ անհրաժեշտություն արդեն մահացած պրոտոկոլների հիշատակման, թերեւս, չկար էլ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X