Հայրենիքն իշխանությունը չէ

Երբ մարդը հպարտությամբ քեզ է ցուցադրում այլ երկրի՝ Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը, իսկ մյուս գրպանից հանում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանքը, ի՞նչ զգացումներ կարող ես ունենալ, բացի նողկանքից ու արհամարհանքից։ Երբ մարդը պարտադրված է այլ երկրի քաղաքացիություն ստանում, սակայն դրան զուգահեռ ամեն գնով պահպանում է ՀՀ քաղաքացու իր կարգավիճակը, դեռ մի կերպ կարելի է հասկանալ, որ դա այլ երկրում լիարժեք ապրել-աշխատելու համար արված քայլ է։ Բայց երբ Գեղարքունիքի իր հարազատ գյուղից մի կերպ «մազապուրծ» Ռուսաստան հասած խոպանչին իր կյանքի ամենալուրջ ձեռքբերումն է համարում ՌԴ քաղաքացիության մասին փաստող վկայականը, հասկանում ես, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է։

Մարդը սխալ դաստիարակություն է ստացել, սխալ արժեքային համակարգ ձեռք բերել, սխալ մարդկանց հետ շփվել, վերջապես՝ սխալ տեղում աշխարհ եկել։ Եվ դա ոչ մի կապ չունի երկրիդ իշխանությունների կամ քաղաքական ու տնտեսական վիճակի հետ։ Ոչ էլ ընդդիմանալու, ընդվզելու տարատեսակ է։ Պարզ մարդկային լեզվով ասած՝ դա շանտղություն է, սեփական ծնողներին, զավակներին, հող ու ջրին դավաճանելու նման մի բան։ Աշխարհի ամենաաղքատ, ամենահետամնաց երկրների քաղաքացիներն անգամ հայրենիքի նկատմամբ սիրո ու հպարտության զգացում են ունենում։ Սովետական բռնապետության պայմաններում ապրած ու իր կյանքին վերջ տված Մայակովսկին ժամանակին ՍՍՀՄ քաղաքացու անձնագիրն էր գովերգում։ Իսկ սովետական դիսիդենտներն արցունքն աչքերին էին լքում Ռուսաստանը, երբ իշխանությունը որոշում էր վտարել նրանց որպես անցանկալի տարրերի։ Ի վերջո, պետականության, հայրենիքի զգացողությունն ամենասուրբ ու վեհ զգացումներից է։ Իսկ հայրենիքը երբեք չի կարելի նույնացնել իշխանությունների հետ։

Արմինե Օհանյան

Մեկնաբանություն
X