Իրավունք

ՓՊ խորհրդի նիստերին այսուհետ մասնակցելու համար պետք է դիմում ներկայացվի

Օրերս Փաստաբանների պալատի խորհուրդը խորհրդի նիստերի վարման ներքին ընթացակարգում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել:

Այդ փոփոխություններով՝ սահմանափակվում են կարգապահական վարույթների գործերով նիստերի լուսաբանման, դրանց ցանկացած անձի մասնակցելու իրավունքը: Ներքին ընթացակարգի 6.3. կետի համաձայն նախատեսվում է, որ փաստաբան չհանդիսացող անձինք կարող են ներկա լինել խորհրդի դռնբաց նիստերին միայն համապատասխան գրավոր դիմումի կամ միջնորդության հիման վրա՝ խորհրդի քվեարկությամբ կայացված որոշմամբ:

Փոփոխությամբ սահմանվում է նաեւ, որ նիստին ներկա գտնվող անձինք կարող են տեսաձայնագրել նիստը միայն կողմերի համաձայնությամբ եւ խորհրդի որոշմամբ: Նիստերի հեռարձակումը եւս իրականացվելու է միայն կողմերի համաձայնության դեպքում, իսկ վերապատրաստումներին չմասնակցելու համար հարուցված կարգապահական վարույթներով նիստերն առհասարակ չեն հեռարձակվելու:

Նշենք, որ նիստերին բացի փաստաբաններից հիմնականում ներկա են լինում ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք միչեւ այս փոփոխությունները անարգել իրականացրել են տեսանկարահանումներ։ Այս փոփոխությունը առաջին հերթին խոչընդոտ է ստեղծում լրագրողների համար։ Ի դեպ, ոմանք մտավախություն ունեին, որ սրանից հետո լրագրողներին չի թույլատրվելու մասնակցել նիստերին, դժվարություններ է ստեղծվելու նիստերի լուսաբանման առումով։

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Hraparak.am-ի զրույցում ասաց, որ փոփոխությունը հիմնականում կարգավորել է առցանց հեռարձակման, ձայնագրության և տեսագրության հարցերը․ «Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի վարման ներքին ընթացակարգը սահմանված է եղել դեռևս խորհրդի 05.06.2015թ որոշմամբ և ոչ փաստաբանի մասնակցության դեպքում էլ խորհուրդն էր որոշում թույլատրել կամ չթույլատրել ոչ փաստաբանին: Մինչև այսօր, կարծես, այդպիսի խնդիր չի եղել լրագրողների հետ, որովհետև որքանով տեղյակ եմ խորհուրդը թույլատրել է լրագրողների մասնակցությունը: Ոչ փաստաբանի մասնակցության հարցի կարգավորման կետը խմբագրվել է և նշվել, որ խորհուրդը կարող է այդ հարցը քննարկել դռնբաց, ի տարբերություն նախկին կարգավորման, երբ միայն դռնփակ քննարկմամբ էր որոշվում ոչ փաստաբանի մասնակցության հարցը: Ձայնագրության մասով հստակ նշված է հետևյալը՝ խորհրդի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ձայնագրել նիստը՝ այդ մասին նախապես տեղեկացնելով խորհրդի նախագահողին: Ինչպես տեսնում եք թույլտվություն հարցնելու անհրաժեշտություն չկա, խոսքը միայն տեղյակ պահելու մասին է: Օրինակ` լրագրողը կամ ներկա գտնվող յուրաքանչյուր անձ միայն պետք է ասի, որ ինքը ձայնագրում է: Այդքան բան: Գաղտնի ձայնագրությունը ապացույց չի կարող հանդիսանալ, իսկ այս դեպքում, երբ ներկա անձը տեղեկացրեց, որ ինքը ձայնագրում է, ապա իր ձայնագրությունը արդեն որպես ապացույց կարող է ծառայել ցանկացած գործընթացի ժամանակ: Տեսաձայնագրության մասով, պետք է կողմերի համաձայնությունը լինի: Այս կարգավորումը նախատեսում է նաև քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Ի դեպ, պետք է տեղեկացնենք, որ խորհրդի նիստն ամբողջությամբ ձայնագրվում է և կողմերը կարող են ստանալ ձայնագրության կրիչը»:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X