ՃՈ տեսուչները խմբով պահանջել եւ կաշառք են ստացել

ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու եւս մեկ դեպք:

ՀՔԾ-ից լրատվության խառայությունից տեղեկացնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանի հետ, խմբով պահանջել եւ ստացել են կաշառք:

ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հրատչ Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, Հայկազ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանի հետ կաշառք ստանալու դիտավորությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, սկսել է ծանրացնել իրավիճակը՝ Հ. Սիմոնյանին պարբերաբար պարզաբանելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա վերջինս 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Արդյունքում, վարորդի սթափության վիճակը չստուգելու, ապա նաեւ` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար Հ. Գրիգորյանը կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Տ. Խաչատրյանի հետ, որից հետո ավտոմեքենայի ուղեւոր Լ. Բաղդասարյանից անձամբ ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք եւ թույլատրել շարունակել երթեւեկելը:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին եւ Հայկազ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տ. Խաչատրյանի եւ Հ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություն
X