Մեր վերնախավը պիտի դադարի կապիկություններ անել ու ամենայն անկեղծությամբ հայտարարի․․․

«Ի սկզբանե պարտված է այն ժողովուրդը, որի զավակները հավասար չեն օրենքի ու մահվան առջև»: Գարեգին Նժդեհ

Ոմանք անընդհատ տարակուսում են, որ մեր վերնախավը ներկայացնողներից շատերը, որոնք բանակում չեն ծառայել, չգիտես թե ինչու, մնացածին, անկախ որևէ հանգամանքից, պարտադրում են անպայման ծառայել, չնայած որ այդ մնացածի մեջ բնականաբար իրենց որդիները չկան: Կամ տարակուսում են, որ ղեկավարությունը ռեպրեսիվ օրենքները խստագույնս գործադրում է բոլորի նկատմամբ, բայց իրենց ու իրենց թայֆայի համար այդ օրենքները կարծես գոյություն էլ չունեն, որ առանց այդ էլ խիստ թուլացած միջին խավը ներկայացնող հարկատուներից վերջին կոպեկները քամելով բյուջե են ձևավորում` իրենց իսկ կողմից ուղղակի գրպանվելու համար, ու այսպես շարունակ, օրինակները անվերջ են։

Բայց մի գաղտնիք բացեմ ձեզ, պարզվում է տարակուսող մարդիկ իրականում անհամեմատ շատ ավելի քիչ են, քան թե կարելի էր ենթադրել: Մարդկանց մեծ մասը այս ամենը նորմալ է համարում և չի տարակուսում: Չի տարակուսում, որ իր երկրի ընդերքի հարստությունները թալանվում են, որ իր և իր ծնողների կառուցած էներգետիկ, արդյունաբերական ու տրանսպորտային ինֆրաստրուկտուրաները հանկարծ մի հրաշքով օտարների սեփականությունը դարձան, որ իր դուստրերը ընդամենը սնունդ և հագուստ գնելու համար պիտի գիշերային ակումբներում պարեն, որ իր որդիները պիտի սահմանում զոհվեն, կամ եթե այնտեղից ողջ ու անառողջ տուն վերադառնան, և Հայաստանում աշխատանք չգտնելու պատճառով, ստիպված օտարության ճանփան բռնեն, ու էլի այսպիսի բաներ: Սա ամենագլխավոր ցուցանիշն է այն բանի, որ հայությունը այլևս կրողն է հետադիմական քաղաքակրթական (կամ ավելի ճիշտ հակաքաղաքակրթական) մոդելի, որն ունի ոչ թե լիբերալ-ցանցային կառուցվածք, ինչպես որ առաջադեմ երկրներում է, այլ հիերարխիկ-բրգաձև կառուցված, ինչպես որ աֆրիկյան ու ասիական հետամնաց երկրներում է:

Այսինքն, հասանելի լեզվով ասած, հայությունը այն ժողովուրդն է, որի համար նորմալը տերերի ու ծառաների հասարակությունն է, որտեղ մի խումբ մարդիկ դաժանորեն իշխում են մնացածի վրա, և վարվում են այդ մնացածի հետ ինչպես կամենան: Ասել, որ սա միշտ այդպես է եղել, երևի թե սխալ կլինի, իհարկե պատմականորեն, գոնե վերջին հազար տարիների ընթացքում մեր երկիրը միշտ բռնապետների իշխանության տակ է եղել, սակայն վայրենության այս մակարդակը ապահովել ենք հիմա, հատկապես վերջին, այսպես կոչված, անկախության տարիներին, որը իրականում գաղութացման տարիներ են, ու բացի հազարամյա պատմական անցյալի բացասական ազդեցությանը, հիմնականում հենց դրա հետևանքն է այս սոսկալի ստրկամտությունն ու բարոյական անկումը: Ելնելով այս ամենից, կարծում եմ, որ մեր հասարակության արջև ծառացած հիմնական խնդիրը այսօր սուտն ու կեղծավորությունն է, այսպես երկար շարունակել չի կարելի, մեր վերնախավը պիտի դադարի կապիկություններ անել ու ամենայն անկեղծությամբ պիտի հայտարարի ժողովրդին, որ իրենք արտոնյալ են, իսկ ժողովուրդը իրենց ճորտերն ու ստրուկներն են, որոնք օրնիբուն մեկ հացափոր աղքատավարձով պիտի աշխատեն իրենց տերերի ցոփ ու շվայտ կյանքը ապահովելու համար, և որ եթե համաձայն չեն դրա հետ՝ թող արտագաղթեն, Հայաստանում ապրելու իրավունքից զրկվում են: Կարծում եմ այդպես էլ կաներ մեր քրեաօլիգարխիկ վերնախավը, եթե ժամանակակից աշխարհը նույնպես չտառապեր ստի ու կեղծիքի համընդանուր էպիդեմիայից:

Աշխարհի հզորները հիմա Հայաստանի պես երկրներին ստիպում են ժողովրդավարության իմիտացիա անել, ստիպում են կեղծ լիբերալիզմ խաղալ, լիբերալ արժեքների հիման վրա սահմանադրություններ ընդունել, որոնք չեն գործում ու երբեք էլ չեն գործելու: Իսկ եթե այդ ամենը չլիներ, այս ժողովրդավարություն խաղալու հիմար ավանդույթը չլիներ, այդ դեպքում մարդիկ մեզ պես մի խումբ տարակուսողներին ուղղակի կասեին, որ հերիք է ձեր նյարդերը քայքայեք, ուղղակի հասկացեք, որ մենք ձեր տերերն ենք, իսկ դուք մեր հպատակ-ծառաները, ու վերջ` օրենքով, թղթով և թանաքով։

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X