Գյումրիում շների ոհմակը հարձակվել է հղի կնոջ վրա

>

Օրերս Գյումրու կայարանամերձ տարածքում թափառող շները հարձակում էին գործել հղի կնոջ վրա: Երիտասարդ կնոջը հասցրել են հիվանդանոց եւ ցուցաբերել բուժօգնություն: Տարածքի բնակիչները պատմում են, որ կինն իր մանկահասակ երեխայի հետ է եղել: Երեխային հասցրել է պաշտպանել շներից, իսկ իր ոտքը հոշոտել են: Բնակիչները դժգոհում են, որ այդ տարածքում ոհմակով շներ տեսնելը նորություն չէ, ոչ էլ անակնկալ, բայց նրանց հանկարծակի վրա պրծնելն իսկական աղետ է: «Տի ա, Սամոյի շներն են, մե հատ չէ, երկու հատ չէ, 30-40 հատ: Մե երեխա կըռնա՞ մենակ դասից տուն գա, կամ ելնի էստեղ խաղալու»,- ասում է կինը՝ մատնացույց անելով տղամարդուն, որ շներով շրջապատված քայլում է փողոցում: 50-անց Սամվելը, թեև մտավոր որևէ խնդիր չունի, ավելին՝ կիրթ է ու բանիմաց, այնուամենայնիվ տարբերվում է իր տարօրինակ արտաքինով ու կենցաղով: Ձմռան ցրտին ոտաբոբիկ է, ամռան շոգին՝ ճտքավոր կոշիկներով: Նրան հաճախ հանդիպում ես աղբանոցները քրքրելիս: Հայտնաբերած սննդի մնացորդներով շներին է կերակրում, իսկ տարատեսակ պլաստմասե շշերով եւ մետաղյա ու թիթեղյա տարաներով զարդարում է իր բակը: Սամվելը զարմանում է, թե որտեղից մարդկանց մեջ այդքան ատելություն կենդանիների նկատմամբ: «Կերակրող չկա, պահող չկա, ես եմ ստիպված հավաքել դրանց ու տեր եմ կանգնում: Եթե ուրիշ տարբերակ կա, օգնել են ուզում, խնդրեմ, թող գան տանեն, մենակ թե չկրակեն վրաները, դրանով Աստծուն են դեմ գնում»,- ասաց նա:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցների խոսքերով արդեն սկսվել են թափառող շների վնասազերծման աշխատանքները: Կենդանիներին հաջողությամբ սպանելու և թաղելու համար անգամ մի քանի տարի է համայնքային բյուջեից մի քանի միլիոն դրամ է հատկացվում: Իսկ ահա կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմը» բոլորովին վերջերս տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9:00-10:00-ն ընկած հատվածում, Գյումրիում կրակոցներ են հնչել շների ուղղությամբ: Գյումրիում այսպես բացահայտ կրակում են շներին: Հրավիրում ենք ՀՀ ոստիկանության ուշադրությունը:Նշենք, որ բնակելի վայրում զենքի կիրառումը արգելվում է օրենքով:Տեղեկացնում ենք, որ այս մասին հաղորդում ենք ներկայացրել Ոստիկանություն ու սպասում ենք արձագանքի»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:

Ոհմակով շուն պահելը արտասովոր է, նրանց զենքով ոչնչացնելը՝ սարսափելի: Հարց է առաջանում՝ լավ, բա ի՞նչ անել, երկու դեպքում էլ շրջապատի համար վտանգավոր է: Կենդանաբաններն առաջարկում են մեկ այլ՝ քաղաքակիրթ տարբերակ՝ 90 տոկոս կենդանիներին ստերջացնել, որն այդպես էլ մեր երկրում օրենքով չի ամրագրվում:Ըստ կենդանաբան Արմեն Դավթյանի, չի ամրագրվում, որովհետև պետությունը մրցույթ է հայտարարում այնպիսի պայմաններով, կենդանասերները միանգամից անմրցունակ են ճանաչվում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X