Նույն նժարի վրա՝ ռուսական բռնատիրությունն ու արևմտյան ժողովրդավարությունը

Քանի կար մարդկանց ուղեղները լցրել էին, որ Արևմուտքը Ադրբեջանին է սատարում, իսկ Ռուսաստանը մեզ: Մի քանի տարի անընդմեջ բացատրեցինք ու հասկացրինք, որ դա այդպես չի, այլ ուղիղ հակառակն է, ու կարծես թէ մարդկանց գերակշիռ մասը սկսել էր ըմբռնել դա (դրան սատարեց նաև մեր երկրի նկատմամբ ռուսների արդեն բացահայտ թշնամական գործողությունները), հիմա էլ մի նոր բան են մոգոնել, որ ոչ Արևմուտքը, ոչ էլ Ռուսաստանը լավը չեն, որ մենք ոչ ռուսամետ պիտի լինենք և ոչ էլ արևմտամետ, մենք հայամետ ու հայակենտրոն պիտի լինենք ու վերջ: Պարզվում է, ըստ այդ «խելոքների», մենք կարող ենք հայակենտրոն չլինել, եթե ասում ենք, որ միայն արևմտյան երկրների միջավայրում կկարողանանք ապահով ապրել ու զարգանալ: Ժողովուրդ ջան, ուրեմն լավ իմացեք, այն մարդիկ, որոնք ձեզ ասում են, ոչ Արևմուտքին, ոչ էլ Ռուսաստանին, իրականումկամ կամ սովորական գավառամիտ տգետներ են, կամ էլ ռուսական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչությունն են առաջ տանում:

Նրանք արհեստականորեն նույն նժարի վրա են դնում ռուսական բռնատիրությունն ու արևմտյան ժողովրդավարությունը: Նրանք հասկացել են, որ մարդիկ էլ չեն հավատում Ռուսաստանին, ու դրա համար ամեն կերպ ուզում են վարկաբեկել արևմտյան երկրներին տարբեր անհեթեթություններով (եվրոպա-գեյրոպա, ինքնության հետ կապված խնդիրներ և այլն), որպեսզի մարդիկ հավատան, որ իրենք իսկապես մենակ են այս աշխարհում, անօգնական են, ու դրանից ելնելով սսկվեն ու հնազանդվեն, այսինքն մնան ռուսական այս խայտառակ անազատության մեջ: Շատերը հարց կտան ինձ - «Լավ իսկապես, ի՞նչ պարտադիր է, որ մենք ինչոր միության մեջ լինենք, ավելի լավ չի՞ դուրս գանք ԵԱՏՄ-ից, բայց չանդամակցենք ԵՄ-ին»:

-«Իհարկե լավ կլիներ, եթե այդպես լիներ, սակայն այդ դեպքում այդ նույն ԵԱՏՄ-ն նորից մեզ կբռնակցեր իրեն, որովհետև մենք, ցավոք սրտի, շատ փոքր պետություն ենք և մեր անվտանգությունը ինքնուրույնաբար ապահովելու հնարավորություն չունենք, դրա համար էլ մենք անպայման պիտի անդամակցենք ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր անկախությունը, և նորից չդառնանք որևէ բռնատիրության զոհը, ու նաև պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ եթե չինտեգրվենք Եվրոպային, ինքնուրույնաբար չենք կարողանա հաղթահարել ավտորիտարիզմը, ու ինքներս մեզ ուղղակի կոչնչացնենք, միայն Եվրոպային ինտեգրվելով կկարողանանք մեր պետությունը մոդեռնիզացնել ու համապատասխանեցնել այն չափանիշներին, որոնք հարկավոր են ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար, այսինքն միայն համաեվրոպական ընտանիքին մաս կազմելով մենք ի վիճակի կլինենք կայանալ որպես ազգ և պետություն»:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X