Անվճար հաց բաժանելու գործընթացը Գյումրիում հնարավոր չէ կանգնեցնել

>

Ավելի վաղ անդրադարձել էինք Գյումրեցի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանի նախաձեռնությանը, ով մինչև դեկտեմբերի 12-ը իր նորաբաց հացի փռի արտադրանքն անվճար բաժանելու էր կարիքավորներին:

Սակայն գործընթացն այնքան է խորացել, որ այն այլևս կանգնեցնել հնարավոր չէ: « Կռունկ » խանութում հերթը չի դադարում, սոցիալապես ծանր պայմաններում հայտնված գյումրեցիները դեռ շարունակում են անվճար հաց տուն տանել: Խանութի աշխատակցուհին վստահեցնում է, որ երբ փորձեցին դադարեցնել, չկարողացան: «Առավոտյան մարդիկ հերթ էին կանգնել, չէին ուզում հավատալ, որ իրենց էլ հաց չենք տալու, ձեռքերը պարզել՝ հաց էին ուզում: Մինչև դեկտեմբերի 31-ը շարունակելու ենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»: Գյումրու Սախարովի հրապարակը դարձել է մարդկանց հույսի կամուրջը, լույս բացվելուն պես այստեղ են շտապում հազարավոր գյումրեցիներ: Որպեսզի կարողանան մարդկանց շարունակել օգնել, 28-ամյա Գարիկ Ուզունյանն ստիպված է «Կռունկ Բարեգործական Հիմնադրամ» ստեղծել: «Եկեք համախմբվենք մեկ գաղափարի շուրջ և օգնենք ծանր կացության մեջ գտնվող մարդկանց»,-խնդրում է նա եւ մեծահարուստների ուշադրությունը հրավիրում ստեղծված իրավիճակի վրա։ Թերևս տեղին է համեմատությունը այս խղճուկ պատկերի եւ ամեն առավոտ զրահապատ մեքենայով աշխատանքի շտապող պաշտոնյաների միջև:

Նրանց պատկանող սեփականությունների մասին խոսք չկա, բավական է նշել միայն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող օբյեկտների թիվը ՝« Սև Բերդ ամրոց», «Պոլոզ Մուկուչ» ռեստորան, Գարեջրի գործարան, « Անուշարան» քաղցրավենիքի գործարան, շքեղ առանձնատուն, հողատարածքներ: Ի դեպ, վարչապետի զարգացման ծրագրից հետո տեղի օլիգարխներին ավելացել են դրսի մեծահարուստները ՝ շտապելով տարածքներ ձեռք բերել Գյումրիում:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X