«Հայաստանը կա ու կլինի իմ լավ բարեկամը». Յան Զահրադիլը՝ տնտեսագիտական համալսարանում

Մենք տեղեկացրել էինք, «Ծառուկյան» դաշինքի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ դաշինքի առաջնորդ Յան Զահրադիլի գլխավորությամբ: Այսօր Զահրադիլը հանդիպում է ունեցել Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Նրան ուղեկցում էր ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Զահրադիլն իր հարուստ փորձը ներկայացրեց համալսարանի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին:

Նա իր խոսքում նշեց՝ քանի դեռ մենք պահպանում ենք սեփական ինքնությունը, չպետք է վախենանք գլոբալ առևտրից: «Ի վերջո, Հայաստանը կա ու կլինի իմ լավ բարեկամը: Ամեն բան կանեմ, որ խթանեմ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Ինձ համար մեծ պատիվ է նոր գաղափարներ սերմանել գլոբալիզացիայի, ազատ առևտրի ու այս խրթին աշխարհի շուրջ: Կցանկանայի ձեզ հետ բարեկամությունը շարունակել նաև ապագայում»,-ասաց ազգությամբ չեխ պատվիրակը:

Վերջում տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը Յան Զահրադիլին շնորհեց տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Մեկնաբանություն
X