Երևանում բացվեց Գերմանական Գյոթե ինստիտուտի նոր մշակութային կենտրոնը

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Գերմանական Գյոթե ինստիտուտի Երևանում նոր մշակութային կենտրոնի հանդիսավոր բացումը։ Բացման հանդիսավոր արարողությունը ուղեկցվեց «Երեւան․ իղձերի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված 20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանն ու ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական եւ եվրոպական ազդեցությանը։

Միջոցառմանը մասնակցելու համար Գերմանիայից ժամանել էր Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանը։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Իր ելույթում Նալբանդյանը նշեց, որ Գյոթեն Արարատը համարում էր մարդկության բնօրրաններից մեկը և խոհրդաշական է, որ այսօր Գյոթեի անունը կրող մշակութային այս օջախը հանգրվանում է Արարատի ստորոտին։

«Համոզված եմ, որ այս կենտրոնի բացումը էականորեն կհարստացնի Երևանում միջազգային գիտակրթական, մշակութային կենտրոնների գործունեությունը։

Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մոտ ապագայում կյանքի կկոչենք նաև այդ կարևորագույն քայլը։

Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտն իր գործունեությամբ ապացուցում է, որ մշակույթը չի ճանաչում սահմաններ։ Աշխարհի 98 երկրում գործում է 159 Գյոթեի անվան ինստիտուտ, առկա են կենտրոններ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիավ»,- ասաց Նալբանդյանը։

Իր խոսքում Նալբանդյանը դիմեց Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին՝ նշելով, որ ինքը հավատացած է, որ հետաագա նախաձեռնությունները նույն ոգով են իրականացնելու.

«Հարգելի պարոն Լեհման, գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ Ձեր նախորդ այցի ժամանակ մեր հանդիպման ընթացում քննարկված ճանապարհային քարտեզն իրագործվում է։ Հավատացած եմ, որ նույն ոգով ենք իրականացնելու նաև հետագա համատեղ նախաձեռնությունները։

Երևանում Գյոթեի անվան նորաստեղծ կենտրոնի տնօրինությանը մաղթում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք»:

Բացման արարողության պատվավոր հյուրերի շարքում էին նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։

Նորաբաց կենտրոնը Երևանում առաջին անգամ մի հարկի տակ կմիավորի գերմանական մշակութային նախաձեռնությունները, գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնն իր փորձառու և հմուտ դասախոսներով՝ գերմանական ու եվրոպական մշակութային ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությամբ։

Գյոթե կենտրոնն իր աշխատանքները կենտրոնացնելու է մշակույթի ոլորտի տարբեր փորձագետներին համախմբելու, նրանց հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X