Հրանուշ Հակոբյանի քույրը՝ «տարվա բացառիկ հայուհի», Սուսաննա Շահինյանը՝ «Տարվա ժպիտ հայուհի»

>

«Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Վստահության վարկանիշ 2017» մրցանակաբաշխության շրջանակում մի շարք պաշտոնյաներ, ընկերություններ մրցանակներ ստացան։

Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը արժանացավ «Բարձր վարկանիշ ունեցող փոխմարզպետի» անվանակարգին։ Մի քանի համայնքի ղեկավարներ էլ արժանացան «Բարձր վարկանիշ ունեցող համայնքի ղեկավար» անվանակարգին։ Հատուկ մրցանակներ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը։

«Համազգային վստահություն» խորհուրդը իր կողմից նաեւ մրցանականեր հանձնեց․ «Տարվա նրբագեղ հայուհի» տիտղոսը տվեց ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանին, «Տարվա ժպիտ հայուհի» տիտղոսը բաժին էր հասել հաղորդավար Սուսաննա Շահինյանին, «Տարվա հմայիչ հայուհի»-ն՝ Մարինա Թաշչյանին, իսկ «Տարվա բացառիկ հայուհին»՝ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանին, որն, ի դեպ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քույրն է։

Փորձագիտական հարցումներն իրականացրել էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կենտրոնը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք նայում ենք, թե հավակնողը ինչ տիտղոսների է արժանացել, դա էլ է գնահատական, մենք միանում ենք այդ գնահատականներին եւ շարունակում ենք այդ գնահատականները։ Ամենակարեւորը, երբ մտնում ես իշխանավորի, բիզնեսմենի առաձնասենյակ, տեսնում ես, որ նա ստացել է ինչ-որ մի բան, գիտես, որ դեմդ նորմալ ղեկավար է, նորմալ մարդ է, նա կարող է քեզ ընդառաջել։ Սա պարտավորեցնում է լինել ավելի մարդկային, ավելի հանրային։ Փորձագիտական հարցումներով որոշում ենք՝ ով ա արժանի։ Եթե մենք սխալվեցինք, ուրեմն մեր գործը կտապալվի։

Ի դեպ, նշենք, որ մրցանակակիրներից մի քանիսը իրենց անձնական լուսանկարիչն ու օպերատորն էին բերել, իրենց համար այդքան կարեւոր միջոցառումը անմահացնելու համար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X