Բա չեք ասո՞ւմ՝ կառավարությունն ինչքան լավ բաներ է անում Գյումրու համար

Գյումրու ավագանու չորս մշտական գործող հանձնաժողովի հերթական համատեղ նիստին քաղաքապետ Սամվել Բալասանյանը կրկին ընդհարվեց ԳԱԼԱ-ի հետ: Կռվի թեման նախորդ ավագանու նիստից էր պատրաստ: ԳԱԼԱ-ն առաջարկում է Գյումրու նախակրթարաններն անվճար դարձնելու խնդրանքով կառավարությանն ուղերձ հղելու նախագիծը հավանության արժանացել, քաղաքապետն էլ համառորեն դիմադրում է: ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամի ելույթն այնքան է քաղաքապետին հունից հանել, որ միջամտել է՝ ասելով, թե սա ձեր հեռուստաընկերությունը չէ, որ ում ուզում, բերում նստեցնում եք, զոռով ասում եք՝ ասա:

Լեզվակռիվն այդքանով չի սահմանափակվել: «Լավ էլ գործիք ունեք, շատ էլ մենք հեռուստաընկերություն չունենք, ի՞նչ է, հեռուստաընկերություն բացե՞նք»,- զայրույթից նետել է քաղաքապետը: Նաև հիշեցրել է. «Բա ինչի՞ չեք ասում, թե ինչքան լավ բաներ է անում կառավարությունը Գյումրու համար»: Լավ բաներ ասելով, հավանաբար նկատի է ունեցել Հանրապետության ամենից աղքատ քաղաքում 12 հուշարձան կանգնեցնելու պատմությունը, կամ էլ Եվրոպական ՎԶԵԲ բանկի 23մլն վարկը, որ դեռ տեղ չի հասել, բայց աղմուկը մեծ է: Այդ գումարով Գյումրու փողոցներն են վերանորոգվելու: Ի դեպ, այս գումարը դեռ սահմանադրական բարեփոխումներից առաջ էր նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել Գյումրիին: Քաղաքապետը հասցրել է երեսով էլ տալ, թե ինչքան բարեգործություններ է արել քաղաքի եւ անօթեւանների համար:

Անդրադառնալով ԳԱԼԱ-ի նախագծին, պետք է նշենք, որ ավագանու հանձնաժողովն այս նիստին էլ մերժեց այն օրակարգ ընդգրկել: Ուշագրավ է, որ նախագծին կողմ են ԲՀԿ եւ ՀՎԿ ավագանու անդամները: Նույնիսկ հանձնաժողովի նախորդ նիստում ԲՀԿ-ի ներկայացուցիչը առաջարկել էր, մանկապարտեզները անվճար դարձնելու համար օգնելու նպատակով դիմել իրենց խմբակցության ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին:Նշենք, որ այսօր Գյումրիում մոտ 1700երեխա ֆինանսական պատճառներով մանկապարտեզ չի հաճախում: Մանկական աղքատության ցուցանիշը Գյումրիում 50 տոկոսից բարձր է:

«Տեսնես, ո՞վ է մեղավոր, էս օրն ենք ընկել, երեւի երեխաներն են մեղավոր, որ աղքատ ընտանիքներում են ծնվել, երեւի ծնողներն են մեղավոր, որ աղքատ մարզում են ապրում: Էս հասարակ պատմությունը, որ կառավարությունից փող խնդրելու ուղերձի ընդունման հետ էր կապված, բոլորովին չէի սպասում, թե էս տեսակ դիմադրության էր արժանանալու, որ այս կերպ զոռբությամբ էին փորձելու դիմագրավել դրան: Վայթե, որ առաջարկեինք մեր բյուջեից փող հանել կառավարությանը տալ, ուրախությամբ կողմ քվեարկեին: Կամ որ ասեի՝ բերեք դիմենք Թուրքիայի կառավարությանը՝ փող ուզենք, մեր մանկապարտեզները ձրի դարձնելու, դեմ չլինեին: Հեչ մտքովս չէր անցնում, որ կդառնա մի կաթիլ մեղրի պատմությունը: Երբ բոյկոտում էինք ավագանու նիստերը ընդդիմադիր կուսակցույթուններից 2 մանդատի գողության պատճառով, ամեն օր ԶԼՄ-ներով ու բոլոր ավագանու նիստերում քաղաքապետն ասում էր՝ եկեք, աշխատենք, հա եկեք աշխատենք: Հմի եկել ենք, որ մեր նախագծերը դուրս նետե՞ք օրակարգերից»,- ասում է ԳԱԼԱ խմբակցությամբ ավագանի ընտրված Լևոն Բարսեղյանը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X