Ինչպե՞ս են վարձատրվում կանայք եւ տղամարդիկ ՀՀ-ում

2015-16 թթ․ անցկացված «Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության» ժամանակ հարցվողները պատասխանել են մի շարք հարցերի, որոնք վերաբերում են նրանց զբաղվածությանը։ Նրանք նաեւ պատասխանել են, թե ինչ տեսակի վարձատրություն են ստանում իրենց աշխատանքի դիմաց։

Ըստ հետազոտության՝ ամուսնացած կանանց 42 տոկոսն ունեցել է աշխատանք հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում որեւէ ժամանակահատվածում, այսինքն՝ այս հետազոտության ցուցանիշն աճել է 2010-ի համեմատությամբ (36 տոկոս)։ Տարիքին զուգընթաց աճում է նաեւ կանանց՝ աշխատանք ունենալու հավանականությունը։ Սա հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ ավելի երիտասարդ կանայք դեռեւս շարունակում են ուսումը։ 40-49 տարեկան ամուսնացած կանանց կեսից ավելին աշխատում է։

Պարզվում է, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում զբաղված կանանցից երկու երրորդն իր աշխատանքի դիմաց ստացել է միայն դրամական վարձատրություն։ Տասը կանանցից մեկը (9 տոկոս) ընդհանրապես չի վարձատրվել, 15 տոկոսը ստացել է դրամական եւ բնաիրային վարձատրություն, իսկ 11 տոկոսը՝ միայն բնաիրային։

Հետազոտությունից պարզվել է նաեւ, որ ամուսնացած տղամարդկանց շրջանում զբաղվածության տոկոսն ավելի բարձր է, քան ամուսնացած կանանց շրջանում (համապատասխանաբար 89 եւ 42 տոկոս)։ Աշխատանք ունեցող տղամարդկանց շրջանում ավելի բարձր է նաեւ դրամական վարձատրություն ստացողների տոկոսը՝ համեմատած կանանց հետ (համապատասխանաբար 87 եւ 65 տոկոս), եւ ավելի ցածր է առանց վարձատրության աշխատողների տոկոսը (համապատասխանաբար 1 եւ 9 տոկոս)։ Հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում աշխատող տղամարդկանց միայն 9 տոկոսն է ստացել դրամական եւ բնաիրային վարձատրություն, իսկ 2 տոկոսը՝ միայն բնաիրային։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կանանց մոտ երկու երրորդը (65 տոկոս) վաստակում է ավելի քիչ, քան ամուսինը, հինգ կանանցից մեկը (20 տոկոս) վաստակում է գրեթե նույն չափով, իսկ կանանց միայն 8 տոկոսն է ամուսնուց ավելի շատ վաստակում։ Կանանց 6 տոկոսը նշել է, որ ամուսինը գումար չի վաստակում։

Ամուսնուց շատ գումար վաստակող կանանց մասնաբաժինը, ըստ հիմնական բնութագրիչների մեծ մասի, չի փոփոխվում։ Սակայն այն աճում է կրթությանը զուգընթաց։

Մեկնաբանություն
X