Հրազդանի քաղաքապետը նոր խորհրդական ունի, մանկապարտեզ հաճախող երեխայի վարձն էլ թանկացավ

Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու տարեվերջյան նիստը, որտեղ քննարկվեցին եւ ավագանու հաստատման դրվեցին մի շարք կետեր. «Քաղաքապետի աշխատավարձի չափը չի փոխվել 400 հազար դրամ է, հաստիքացուցակներում 2 հաստիք ավելացել է՝ համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի եւ քաղաքապետը խորհրդականի հաստիքները, 170 հազար դրամ աշխատավարձով»,- ասաց աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյան:

Համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Ալվարդ Մարտիրոսյանը զեկուցեց, որ Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապատանեկան մարզադպրոց, երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն հաճախող երեխաների 2018-ի մարզումները սահմանել անվճար: Համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցած ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 6000 դրամ. «Մանկապարտեզներում վարձավճարը զեղչել 50%-ի չափով՝ միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում, բազմազավակ՝ չորս և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների, միակողմանի ծնողազուրկ երեխաների, դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչած ընտանիքների երեխաների, Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար»,- իր խոսքում նշեց Ալվարդ Մարտիրոսյանը եւ հավելեց, որ երաժշտական և արվեստի դպրոցներ հաճախող մեկ երեխայի համար մատուցած ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 4500 դրամ, նկարչական բաժնում ՝ 3200 դրամ:

Քաղաքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանն էլ ավագանու հաստատմանը ներկայացրեց Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոցը անվանել գրող, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի անունով:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X