Քաղաքներում կարծում են, որ դատաիրավական համակարգի գործունեությունը վատթարացել է, գյուղերում՝ հակառակը

Դատական համակարգի, դատավորների նշանակման հանրության պատկերացումների մասին է վկայում վերջերս «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները եւ ակնկալիքները Հայաստանում» մոնիթորինգի վերաբերյալ զեկույցը։

Օրինակ՝ հանրային հարցման արդյունքների համաձայն՝ դատավորների նշանակման նախընտրելի տարբերակների մեջ առավելագույն գնահատականը՝ մոտ 35 տոկոս, կազմում են բաց թափանցիկ նշանակումների եւ բնակչության կողմից դատավոր ընտրելու կարգի տարբերակները։ Հարցվողների մոտ 34,2 տոկոսը կողմնակից է բնակչության կողմից դատավորների ընտրության կարգին։ Մինչդեռ՝ հանրության կողմից նախընտրելի՝ բնակչության կողմից ընտրվելու տարբերակը կտրականապես մերժում են մասնագետները։ Որպես հիմնական փաստարկ՝ նշվել է, որ ներպետական տարբեր ընտրական գործընթացների խախտումների փորձը կտեղայնացվի նաեւ դատավորների ընտրության հնարավոր գործընթացում։ Նշվում է նաեւ, որ նման դեպքերում որոշում կայացնելիս դատավորն անմիջականորեն կաշկանդված կլինի հանրային կարծիքով։

Ինչպե՞ս է ընկալում հանրությունը դատական բարեփոխումները ՀՀ-ում վերջին 5 տարիների արդյունքում։

Հանրային հարցումներից պարզվել է, որ հարցվողների 32 տոկոսի ընկալմամբ՝ դատական համակարգը վերջին 5 տարիներին փոփոխություն չի կրել եւ մնացել է նույնը։ Հարցվածներից 22 տոկոսի ընկալմամբ՝ դատական համակարգի գործունեությունը բացասական փոփոխություն է կրել, այսինքն՝ վատացել է։ Ընդհանուր հարցվածներից միայն 20 տոկոսի ընկալմամբ է դատաիրավական համակարգում դրական տեղաշարժ եւ եւ բարելավվում նկատվում։ Դրական փոփոխությունների վերաբերյալ ընկալումն էլ մեծ տոկոս է կազմում գյուղական բնակավայրերից հարցվածների շրջանում՝ գյուղական բնակչության 31,2 տոկոսի ընկալմամբ դատաիրավական համակարգի գործունեությունը վերջին հինգ տարիների ընթացքում բարելավվել է եւ միայն 17,1 տոկոսի ընկալմամբ է այն վատթարացել։

Իսկ ահա Երեւան քաղաքի եւ մարզային քաղաքների բնակչության ընկամամբ՝ վատթարացման միտումն ավելի մեծ է, քան բարելավման միտումը։ Երեւան քաղաքի եւ մարզային քաղաքների բնակչության 38 տոկոսի ընկալմամբ՝ դատաիրավական համակարգի գործունեությունը բարելավվել է, իսկ 45 տոկոսի ընկալմամբ՝ վատթարացել։

Մեկնաբանություն
X