Ստամբուլյան ֆիասկո

Երեւում է Իսլամական համերաշխության կազմակերպության Ստամբուլի գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը ձայն բարբառո անապատի էր:

Համենայն դեպս Բաքվի լրատվամիջոցների հրապարակումներից այդ տպավորությունը կարելի է ստանալ, քանի որ դրանցում գերիշխում է հիասթափվածությունը: Ըստ երեւույթին, Ալիեւին չի հաջողվել նույն հարթության վրա դիտարկել տալ Երուսաղեմի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները, Հայաստանի դեմ ձեւավորել իսլամադավան երկրների լայն կոնսոլիդացիա:

Նրա հայտարարությունը, որ «մզկիթներ ավերող Հայաստանը չի կարող իսլամական աշխարհի բարեկամ լինել», ինչպես ասում են, «տեղ չի հասել»: Իրականությունը բոլորովին այլ է, քան Ալիեւն է փորձել ներկայացնել: Իսլամական աշխարհը, հավանաբար, հակված չէ Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկել կրոնական տեսանկյունից: Այստեղ, երեւի, մեծ դեր է խաղում նաեւ Իսրայել-Ադրբեջան բավական սերտ համագործակցության հանգամանքը: Եւ, չնայած Թուրքիայի գործադրած ջանքերին, Ադրբեջանն իսլամական համերաշխության ընդհանուր համատեքստին լիովին չի ներգրվում կամ նույնիսկ որոշ դեպքերում ընկալվում է որպես օտար: Ադրբեջանական մամուլի ընդհանուր տրամադրվածությունից հսակացվում է, որ իսլամադավան երկրների մեծ մասը չի ցանկացել իրեն ծանրաբեռնել նաեւ Ադրբեջանի խնդիրներով, Լեռնային Ղարաբաղի հարցով շահագրգռվածություն չի ցուցաբերել: Իսկ Ալիեւն, ըստ երեւույթին, Ստամբուլ էր մեկնել դիվանագիտական ինչ-որ ձեռքբերման հույսով:

Ի՞նչ է հետեւելու Ալիեւի ստամբուլյան ֆիասկոյին, ինչպե՞ս են կառուցվելու Ադրբեջան-իսլամադավան երկրներ հետագա հարաբերությունները: Ադրբեջանցի քաղաքագետներից մեկը Իսլամական համերաշխության կազմակերպությունն անվանել է «անիմաստ խոսակցությունների ակումբ», որը գործնական քաղաքականության մեջ քայլեր կատարելու ռեսուրս չունի: Դա, ամենայն հավանականությամբ, փաստի արձանագրում է, որի ենթատեքստում կարելի է տեսնել ԻՀԿ Ստամբուլի գագաթաժողովից խոր հիասթափություն: Բայց Ադրբեջանում հավասարապես հիասթափված են նաեւ միջազգային այլ կառույցներից, այդ թվում՝ ՄԱԿ-ից, Եվրամիությունից, Եվրոպայի խորհրդից: Ալիեւը ոչ մի հարթակում բավարար ըմբռնման չի արժանանում:

Ամենուր նրան միայն քաղաքավարի լսում են, իսկ վերջնարդյունքում խորհուրդ տալիս հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի գործընթացին եւ հարցերը կարգավորել հայկական կողմի հետ բանակցություններով: ԻՀԿ Ստամբուլի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում այլ խնդիրների, ամենից առաջ՝ ԼՂ հարցի, մասին հիշատակում չկա: Դա Ալիեւի ելույթի սառը պատասխանն է, որով իսլամական աշխարհն իրեն տարանջատել է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի թշնամանքից: Ի՞նչ եզրակացություն է անելու Ալիեւը:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեկնաբանություն
X