Լավ գործերն արժանի են գնահատականի

Հայ ազգը դարեր շարունակ պայքարել է անկախ հայրենիք ունենալու եւ հայրենիքի սահմաններն ամուր պահելու համար։ Մենք ցեղասպանություն ենք վերապրել, բայց կանք եւ մեր կատարած գործերով ներկայանում ենք աշխարհին։ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանն այն ղեկավարներից է, ովքեր ապրում են իրենց համայնքի ու բնակիչների մեծ ու փոքր խնդիրներով: «Մեր խնդիրը համայնքի խնդիրները լուծելն է»,- ասում է նա:

Գոռ Միրզոյանը գործարար է եւ իր հնարավորության սահմաններում աջակցում եւ օգնում է համայնքի բնակիչներին: Առաջիկայում վերանորոգվելու են եռահարկ շենքերի տանիքները, բուժամբուլատորիան, տեղադրվելու է Մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Արդեն իսկ լուծվել է լուսավորության եւ ոռոգման ջրի խնդիրը: Հոկտեմբերի 2-ին գյուղի 70-ամյակի առթիվ միջոցառումներ են կազմակերպվել Միրզոյանի եւ ռուսաստանաբնակ բարերարների միջոցներով բարեկարգված այգում: Աշնանը կազմակերպվել է ծառատունկ, որին մասնակցել են բոլոր երիտասարդները, եւ տնկվել են ավելի քան 200 բարդիներ ու չինարիներ: Այգում իրականացվում են միջոցառումներ, որին մասնակցում են համայնքի մեծ ու փոքր բնակիչները: Այն նաեւ գեղեցիկ վայր է մեծահասակների ազատ ժամանակն անցկացնելու համար:

Գոռ Միրզոյանի մեծագույն ցանկությունն է համայնքը դարձնել բարեկարգ, գեղեցիկ եւ բնակիչներին զերծ պահել արտագաղթից: Նախատեսվում է նաեւ կառուցել համայնքի մուտքը խորհրդանշող կամար: Լավ գործերն անքննելի են ու գնահատականի արժանի: Այս կապակցությամբ «1,500,000+1» Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպության խորհրդի որոշմամբ «Ավետիս Ահարոնյան» հուշամեդալով պարգեւատրվեց հայորդի բարերար, ժողովրդի վստահությունն ու հարգանքը վայելող, բոլորի կողմից սիրված՝ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանը:

Մեկնաբանություն
X