Բյուջեի փողերով

Պաշտոնական ընդունելությունների ժամանակ հյուրերի աչքը շոյող ծաղկային ձեւավորումները, պարզվում է, այնքան էլ էժան հաճույք չեն: Այդ ծառայությունների համար պետական հիմնարկները գնումներ են հայտարարում, պայմանագրեր կնքում ծաղկի բիզնեսով զբաղվող «ոչ պատահական» ընկերությունների հետ: Հերթական գնման պայմանագիրը երեկ է կնքվել, գնում հայտարարողը ՀՀ քննչական կոմիտեն է: Պաշտոնական ընդունելության ծաղկային ձեւավորման ծառայության համար կոմիտեն վճարելու է 70 հազար դրամ, ծառայություն մատուցողն «Էնի Ռոուզ» ՍՊԸ-ն է: 2009-ից գործող այս խանութի հիմնադիրը, ըստ պետական ռեգիստրի, Արտաշես Լալազարյանն է:

Ընկերությունը պարբերաբար մասնակցում է պետական գնումների եւ շահում տենդերները: Նշենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքապետարանը հուշանվերի ձեռքբերման համար պայմանագիր էր կնքել նույն «Էնի Ռոուզ»-ի հետ: Գնման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ գնվել է զարդարված տուփ եւ կողով՝ շոկոլադով, չրերով, թեյով, գինով եւ կոնյակով: Հուշանվերի համար քաղաքապետարանը վճարել էր 4.3 միլիոն դրամ:

Այս տարվա հոկտեմբերի 5-ին էլ ԱԳՆ-ն էր պայմանագիր կնքել ՍՊԸ-ի հետ՝ երեք ծաղկային կոմպոզիցիայի համար վճարելով 230 հազար դրամ: Իսկ, ահա, Երեւանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածն արդեն տեւական ժամանակ է՝ վարձակալության է տրվել հենց այս ծաղկի սրահին:

Մեկնաբանություն
X