Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ կուսակցությունն օրը 24 ժամ հանրահավաք է հրավիրում եւ դրանով իր ակտիվությունն է ցուցաբերում․ Արմեն Մարտիրոսյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունն» անցնող տարվա ընթացքում հրավիրեց համագումար, ժամանակ առ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտնվում, հայտարարություններ անում։ Կուսակցության գործունեությունը ԱԺ ընտրություններից հետո, սակայն, տեսանելի չէ հանրությանը։

-«Ժառանգությունն» իր ուժերի ներածին չափով մասնակցում է մեր երկրի քաղաքական կյանքին, ծրագրի դրույթներին համահունչ փորձում է ծավալել գործունեություն Հայաստանից դուրս գտնվող գործընկերների հետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում, այդ ձեւաչափերով։ Ձեր հարցը ընդունելի չէ, որովհետեւ «Ժառանգությունը» միշտ էլ ունեցել է սկզբունքային դիրքորոշում։ Եվ որեւէ ընդդիմադիր կուսակցություն այսօրվա Հայաստանում չունի գործունեության դաշտ։ Այն, ինչ կատարվում է, դա տեղի է ունենում մեր ջանքերի, կամավորության շնորհիվ, որովհետեւ պետությունն ամբողջովին ռեսուրսազրկել է ընդդիմադիր կուսակցություններին, նրանց անդամների նկատմամբ իրականացրել եւ իրականացնում է հետապնդումներ, որոշներին գայթակղել է, տեղեկատվական դաշտում «Ժառանգությունը» չունի որեւէ կայքէջ, չկա ֆինանսավարում։ Մենք մեր գործունեությունը ծավալում ենք ինչպես Հայաստանի քաղաքական դաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս։ Մեր իրականությունը ներկայացնում ենք միջազգային գործընկերներին միջազգային հարթությունում, մեր պետական շահը փորձում ենք այնտեղ ներկայացնել։ «Ժառանգությանը» «կծելն» այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ Հայաստանի այն եզակի կուսակցություններից է, որը ոչ միայն ժողովրդավարական ընթացակարգ ունի իր ներսում, այլեւ գործում է ինքնուրույն։ Չկա որեւէ մեկը, որ ասի, թե կուսակցությանը թեկուզ տասը դրամ օգնություն է ցույց տվել, չկա որեւէ քաղաքացի, որ ասի՝ տասը դրամ տվել եմ, որ «Ժառանգությունը» իմ շահերը պաշտպանի։ Եվ այդքանով հանդերձ՝ «Ժառանգությունը» ծավալում է իր գործունեությունը։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրա ակտիվությունը, երբ ընտրությունները կեղծվեցին, եւ որոշ ընդդիմադիրներ նպաստեցին դրան։ Ինչպե՞ս կարող է կուսակցությունն ակտիվ լինել, երբ հասարակությունը հիասթափված է եւ խիստ ապատիկ վիճակում է գտնվում, միակ ելքը տեսնում է արտագաղթի մեջ։ Կուսակցության գործունեությունը միայն այն չէ, որ հանրահավաքներ հրավիրի։ Աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ կուսակցությունն օրը 24 ժամ հանրահավաք է հրավիրում եւ դրանով իր ակտիվությունն է ցուցաբերում։ Տեղեկատվական դաշտն էլ իշխանության ձեռքում է․ կուզեն՝ ակտիվություն ցույց կտան, կուզեն՝ ցույց չեն տա։ Եվ դրա համար, այն, ինչ կատարում է «Ժառանգությունը», քաղաքական առումով հերոսություն է։

-Ձեր նախկին կուսակից, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա վերջերս մեկնել էր ԱՄՆ, հայությանը համախմբելու կոչեր է հնչեցնում, ուզում է ներգրավվել սփյուռքահայերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում։ Նրա նախաձեռնությունները համահո՞ւնչ չեն Ձեր մոտեցումներին։

-Զարուհի Փոստանջյանի որեւէ քայլ չեմ մեկնաբանում։

-Իսկ տեսականորեն հնարավո՞ր է, որ «Ժառանգությունն» ու «Երկիր ծիրանին» միավորվեն։

-Ոչ։ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ քաղաքական դաշտում ինքը չունի որեւէ գործընկեր։

-Իսկ ովքե՞ր են Ձեր այսօրվա գործընկերները։

-Բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանի քաղաքացու շահի, ՀՀ-ի պետական շահի համար։

-Կկոնկրետացնե՞ք, թե ովքեր են այդ ուժերը։

-Իսկ կա՞ որեւէ օրակարգ այս պահին։

-«Ելք» դաշինքը ԱԺ-ում, որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ նախաձեռնությանը։

-Խորհրդարանական, պաշտոնական ընդդիմությունը կարող է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել։ Կեղծված Սահմանադրությունը հենց դա է վկայում, «Ելք» դաշինքի անդամներից ոմանք այն համարեցին կեղծ օրակարգ, մի մասը կողմ էր, մյուս մասը մի կողմ քաշվեց։

-Մինչեւ ապրիլ շատ ժամանակ չի մնացել։ Ի՞նչ եք պատրաստվում անել, որ, որպես քաղաքական ուժ, ազդեցություն ունենաք քաղաքական գործընթացների վրա։

-Ո՞ր գործընթացների։

-Ասենք, օրինակ, Սերժ Սարգսյանը նորից չմնա իշխանության մեջ։

-Իսկ կա՞ որեւէ ուժ, որ կարողանա այդ գործընթացի վրա ազդել։

-2013թ․ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության ֆավորիտն էր, չե՞ք պատրաստվում նորից ժողովրդին դուրս բերել փողոց։

-Եթե ժողովուրդը ցանկանա, ապա որեւէ խնդիր գոյություն չունի։ Իսկ հիմա ժողովուրդը ապատիկ վիճակ է գտնվում։ Իսկ ֆինանսական, տեղեկատվական ռեսուրսներ չունեցող քաղաքական ուժն, առանց ժողովրդի աջակցության, որեւէ գործընթաց չի կարող սկսել։ Իսկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու հանգամանքի վրա նույնիսկ ՀՀԿ-ն չունի ազդեցություն։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X