Բռավո, պարոն Հակոբյան, որ չեք վախենում ժողովրդի վրա խնդալուց. Վալերի Աշխեն Գործունյան

Հարցազույց Փարիզյան սուրճ-ի նախկին սեփականատեր Վալերի Աշխեն Գործունյանի հետ

-Տիկին Գործունյան, ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի կարագի, մսի ու ապա՝ կարտոֆիլի վերաբերյալ հայտարարությունը ցնցել է Հայաստանը։ Սփյուռքում ինչպե՞ս ընդունվեց:

-Ասել է, որ թանկացումը չի ազդի, քանի որ աղքատները միևնույն է՝ չեն կարող գնե՞լ.... Բռավո, այդ ինչ մտքեր են, ես չգիտեմ… Գիտեք՝ արդեն անչափ է Հայաստանի իշխանության ՝ստի այս կառավարումը: Իրենք նույնիսկ դիվանագիտություն չունեն, նման արտահայտություններ թույլ չտալու համար: Որ ասեն՝ ամոթ է: Ես նման բան կյանքումս դեռ չէի լսել, որ որևէ նախարար կամ պետական աշխատող, անձ, նման բան ասի: Այսինքն՝ սա ի՞նչ է, սա մարդկանց վրա խնդալ է ուղղակի: Այսինքն՝ սա ցույց է տալիս, թե ինչքան ցինիզմ կա այսօրվա պետության մեջ և ժողովրդի նկատմամբ: Սա նաև ցույց կտա, թե իրենց համար ժողովուրդը որքան կարևոր չէ: Իրենք նույնիսկ չեն վախենում ժողովրդի վրա խնդալուց և ասելուց, որ այնքան աղքատ եք, որ ձեր վրա չի ազդելու:

-Իհարկե, մի քիչ վախեցան, որովհետև սոցիալական ցանցերում թուքումուր եղավ, մարդիկ եղան, որ տարան ԱԺ-ի ճաղերից պահպանակի մեջ կարտոֆիլ դրեցին հեռացան, բայց մինչև հիմա, որևէ կարգապահական տույժի չեն ենթարկվել:

-Է, կներեք, բայց շատ ճիշտ են արել, որովհետև ես աշխարհի ամենահետամնաց երկրների մեջ նման բան չեմ լսել: Բայց, կներեք, նրանում, որ ժողովրդին չեն հարգում, ժողովուրդը մեղավոր է: Ինչքան էլ ճանաչում ենք Հայաստանը, ինչքան էլ մասնակցել ենք հայաստանյան կյանքին, ես նորից կրկնում եմ, որ եթե ժողովուրդը չուզեր, երևի թե այսօր նման պետություն չէր լինի: Այդ աստիճանի ցինիկ պետություն չէր լինի Հայաստանը, ինչը մեծ դժբախտություն է:

-Եվ տեղյակ եք, որ հունվարի 1-ից շուրջ հինգ տասնյակ ապրանքների թանկացումներ են սպասում, տարբեր հաշվարկներով՝ տարբեր չափով:

-Պետությունը արդեն չգիտեմ… ինչքան կարելի է գողանալ և պետական համակարգ չունենալ, և երևի գողությունով այլևս գրպանները փող չի մտնում,պիտի թանկացնեն: Հայաստանում մոնոպոլիա է և օլիգարխիա և այդ թանկացումները իրենցից է, ոչ թե այլ խնդիրներից: Կամ միգուցե շա՞տ փող են ծախսել ընտրություն կոչվածի վրա…Ես մշտապես հետևում եմ հայաստանյան իրականությանը, թեև վեց տարի է՝ հեռացել եմ, բայց շատ եմ ցավում: Միգուցե սոցիալ-տնտեսական իրավիճակի մասնագետները կարող են բացատրել, բայց ինձ թվում է՝ պատճառ կա, որ մենք այսօր այս սարսափելի վիճակի մեջն ենք Հայաստանում, իսկ դրսում անտարբերության գագաթնակետի:

-Սփյուռքը միշտ ասում է, որ իրեն հայրենիքում կթու կովի տեղ են դրել, փող են մուրում մարաթոններում, բայց այստեղ էլ տեսնում ենք իրենց կողմից որոշ սպառողական վերաբերմունք:

-Իրականությունն է դա, և արդեն տասը տարի է՝ Սփյուռքը միայն դրամով է մասնակցում Հայաստանի կյանքին: Եվ ես գտնում եմ, որ այստեղ մեծ անտարբերություն կա հայաստանյան իրականության առջև: Ես Ֆրանսիայի մասին եմ ասում: Իրենք անտարբեր են հայաստանյան իրականության հանդեպ, ուղղակի կարող են արձակուրդին, մի տասը օրով գալ, ուրախանալ, որովհետև Հայաստանում արև կա, սիրուն եղանակ ու ճաշարաններ կան:

Բայց այդքանը: Եվ անտարբեր են: Եվ իրենք լինում են միայն Երևանի կենտրոնում, ոչ գյուղերում, որպեսզի հասկանան իրականությունը:

Ես իբրև տարիքն առած մարդ, իրական հայ, շատ եմ ցավում մեր այս վիճակի համար և շատ մտահոգված եմ: Եվ միշտ, երբ հարցազրույց են անում ինձ հետ, ես ասում եմ՝ հույս ունեմ, որ ես վատատես եմ, որ սխալվում եմ և մի օր հայ ժողովրդի համար փրկության հույս կբացվի: Բայց հիմա ես ոչ մի նման բան չեմ տեսնում:

Անի Բաղդասարյան

Մեկնաբանություն
X