Սերժ Սարգսյանը 2018-ին կդառնա վարչապետ

«Արմենիա» հեռուստաընկերությանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը չափազանց հետաքրքիր ու կարևոր ազդակներ էր իր մեջ պարունակում, որոնք առանձին ու համակողմանի վերլուծության կարիք են զգում։ Բայց մինչ այդ ազդակների մասին խոսելը ուշադրություն դարձնենք առաջին հայացքից երկրոդական թվացող, բայց իրականում կարևոր փաստի վրա։ Սերժ Սարգսյանի հարցազրույցից բացի երեկ տեղի ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոշոր ասուլիսը։ Պուտինին հարցեր տալու համար հավատարմագրվել էին ռեկորդային թվով լրագրողներ՝ 1640 հոգի, իսկ Սարգսյանը հարցազրույց է տալիս ընդամենը մեկ լրատվամիջոցի։ Սա իհարկե ողջունելի պրակտիկա չէ և փաստում է Սերժ Սարգսյանի անվստահության հանգամանքի մասին, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նա կարծում է, թե չի կարողանա ադեկվատ պատասխաններ գտնել առավել անկաշկանդ լրատվամիջոցների տված սուր հարցերին։

Վերադառնալով հարցազրույցի թեմային՝ նշենք, որ Սերժ Սարգսյանը կարծես թե վերստին ակնարկեց իր վարչապետ դառնալու անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը։ Այսինքն ակնարկի միջոցով վերջակետ դրեց բոլոր այն շրջանառվող կասկածներին, որոնք կային ասպարեզում։ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու հավանականության և ժամանակին շեշտադրված ցանկության մասին նա նշեց, որ «շատ առողջ ցանկություն է, և պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել»։ Իսկ իր վարչապետ դառնալու հնարավորության մասին նա պարզապես ասեց, որ «Ժամանակը դեռ չի եկել․ տարբեր գործոններ կան՝ անձնականից մինչև այլ գործոններ․․․ տեսնենք»։ Սարգսյանի խոսքի մեջ ինչ-որ հեգնական երանգավորում կար, իբրև թե Կարապետյանի հավակնությունը ընդամենը առողջ ցանկություն է, իսկ իրադրության տերն ու խաղարկողը, վերջնական որոշում կայացնողն ինքն է։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի ուրվագծած սցենարի համաձայն Կարեն Կարապետյանը 2018 թ․ վարչապետ դառնալու որևէ շանս չունի։ Մեծ հաշվով այդպես է՝ նա բոլոր կողմերից սահմանափակված ու շրջափակված է ականներով, որոնք ամեն ազգույշ քայլի դեպքում պայթում են: Ի սկզբանե Սերժ Սարգսյանը թույլ չտվեց նրան ինքնուրույն կառավարություն ձևավորել և ամեն ինչ արեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորման համար: Պարզից էլ պարզ է, որ այդ հուշագիրը հետապնդում էր Կարեն Կարապետյանին իր իսկ կառավարության մեջ սահմանափակելու նպատակ: Ուժային կառույցները պարզապես դուրս են նրա վերահսկողությունից: Ի դեպ դրանք Հայաստանում իշխանություն վերցնելու վճռական խաղաքարտեր են: Պատերազմի արդյունքում Հայաստանում ձևավորվել է ուժայինների բավականին ազդեցիկ բյուրոկրատիա և առանց դրա աջակցության տեսականորեն անհնար է իշխանություն վերցնել: Վարչապետը չունի աջակցություն նաև խորհրդարանում: ՀՀԿ խմբակցությունը հիմնականում բաղկացած է Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տված գործիչներից: Այսպիսի պայմաններում Կարեն Կարապետյանը կա՛մ պետք է սահմանափակվի փոխվարչապետի պաշտոնով կա՛մ էլ Երևան-Մոսկվա ինքնաթիռի հետադարձ տոմս գնի։

Նշենք, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ այդ գործընթացի ընդդիմախոսները որպես առաջնային քննադատություն մատնանշում էին Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման մտավախությունը։ Բայց ինչպես Սարգսյանը, այնպես էլ նրա կուսակիցները ամենայն վստահությամբ հակադարձում էին, որ նախագահը խորհրդարանական կառավարման համակարգում չի ստանձնելու ո՛չ վարչապետի և ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնները։ Մասնավորապես՝ 2014 թ. ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Առաջին հայացքից Սարգսյանի այս հայտարարությունը կրեդոյի կարգավիճակ ուներ, որին հնարավոր չէր կասկածել։ Նախագահը, իր իսկ կողմից հնչեցված անհերքելի այս պնդումը առաջին անգամ կասկածի տակ դրեց «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ Լրագրողը հարցրել էր, թե «արդյոք դուք դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», իսկ Սերժ Սարգսյանը պատասխանել էր․ «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։

Ահա և «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նա անուղղակի, բայց ամենայն վստահությամբ ու շեշտադրված կերպով տվեց բոլոր հարցերի պատասխանները։ Այն է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն և իրենց է վերապահված 2018-ին ձևավորել կառավարություն ու նշանակել վարչապետ։ Այսինքն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հավերժացումն այլևս օրինական հիմք ունի և որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող կասկածել այդ հեռանկարի դեմ (խոսքն այն ուժերի մասին է, որոնք բացառում են հակասահմանադրական պայքարն ու գործում են բացառապես սահմանադրական ճանապարհով)։ Այսպիսով Սերժ Սարգսյանից պահանջվում է միայն հայտարարել այն, ինչն արդեն իսկ ակնհայտ է։

Մեկնաբանություն
X