Վայրագություն Գյումրիում. ինչո՞ւ քաղաքապետարանը հաղորդում չի ներկայացրել (ֆոտո)

>

Գյումրու քաղաքապետի խոսնակ Սոնա Առաքելյանը լուսանկարներ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ գրառումն անելով.

«Այսօր առավոտյան պարզ է դարձել, որ կոտրել են Գյումրու Տիգրան Մեծ փողոցի «Զույգաղբյուր» կոչվող հատվածի կանգառի ապակիներն ամբողջությամբ։ Գյումրու քաղաքապետարանը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է կանգառների տեղադրման, տրանսպորտային միջոցների սպասող բնակիչների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու համար, մինչդեռ մարդկանց կողմից նման վերաբերմունքն է դրսևորվում»։

Թե ովքեր են վայրագության հեղինակները դեռևս անհայտ են: Կումայրի ոստիկանության բաժանմունքից hraparak.am-ին տեղեկացրեցին, որ ոչ գիշերը, ոչ էլ առավոտյան խուլիգանական դեպքեր չեն գրանցվել, ինչպես նաև նշված դեպքերի հետ կապված հաղորդում չեն ստացել: Քաղաքապետարանը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել՝ արդյոք պատրաստվում է հաղորդում ներկայացնել, թե ոչ:

Ըստ քաղաքապետարանի՝ կանգառի ապակիները վերականգնելու համար շուրջ 1մլն դրամ է անհրաժեշտ: Տիգրան Մեծ փողոցը Գյումրու կենտրոնական հատվածներից մեկն է, սակայն տարօրինակ է նաև, որ բնակիչները նույնպես անտեղյակ էին իրողությանը եւ միայն առավոտյան են հայտնաբերել, որ կանգառը ջարդուփշուր է արված: Կարծիքները տարբեր են: Ոմանք կատարվածի մեջ դիտավորություն են տեսնում. հեղինակները փորձել են այդկերպ իրենց դժգոհությունն արտահայտել քաղաքային իշխանության նկատմամբ, ոմանք էլ մտածում են, որ պատահական վիճաբանության արդյունք է:

Մեկնաբանություն
X