Այդ սողանցքը ոչ թե տաղանդավոր տղաների համար են թողնում, այլ իրենց լակոտների

Հարցազրույց գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ

- Պարոն Գասպարյան, օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավորներից Հակոբ Հակոբյանն ասել էր, թե գնաճն աղքատների վրա չի ազդել, քանի որ նրանք, այսպես թե այնպես, փող չունեն կարագ գնելու համար։ Սա վիրավորեց ոչ միայն աղքատների ինքնասիրությունը, այլեւ ամբողջ հասարակության, ավելին՝ մանդատից հրաժարվելու պահանջներ հնչեցին։ Նման պահվածքն արդյո՞ք չի բացահայտում ամբողջ իշխանական համակարգի մտածողությունը։

  • Իհարկե, Հակոբ Հակոբյանը շատ երջանիկ կլիներ, որ նույնացվեր ներկայիս իշխանության հետ, բայց քանի որ ինքն ընդամենը փոքրիկ մի մարդ է՝ մեծ հավակնություններով, եւ իր նմաններն էլի կան, այդ ընդհանրության մեջ կարող է եւ նրան պաշտպանող 1-2 հոգի լինեն, բայց ոչ մի խելամիտ մարդ այդպիսի մարդու կողքին չի կանգնի։ Խելամիտ է այն ունեւոր մարդը, պատգամավորը, ով առաջին հերթին աղքատների մասին է մտածում․ ամբողջ Ավետարանի ոգին հենց դա է, մատաղ անելու իմաստը՝ նույնպես։ Այս մարդը երեւի այդ գրքերը դեռ չի կարդացել, քանի որ դպրոցում վատ է սովորել՝ վստահորեն։ Լավ կլինի՝ ներողություն խնդրի, քանի որ սխալ է արել ոչ միայն չունեւոր ժողովրդի, այլեւ բոլորիս հանդեպ։

- Այնուհանդերձ, ՀՀԿ-ական մյուս պատգամավոր Խոսրով Հարությունյանը կանգնեց նրա կողքին եւ փորձեց բացատրել իրավիճակն այսպես, որ եթե, օրինակ, միսը թանկանա կամ էժանանա, միեւնույն է՝ աղքատը շարունակելու է կարտոֆիլ օգտագործել:

  • Շատ ամոթալի է, որ այս կարգի մտքեր են իրար փոխանցում, սրանք այն բաներն են, որ տեղնուտեղը, ինչպես օձը բնում՝ պետք է խեղդել, անցնել առաջ ու անգամ չանդրադառնալ։ Հակոբ Հակոբյանը՝ իր տեղում, Խոսրով Հարությունյանը՝ իր, բայց այսպիսի դատարկ ու հակամարդկային մտքեր թող չարտաբերեն, չի կարելի։

- Ժողովրդի հիասթափությունն էլ իշխանության նման ներկայացուցիչներից անմիջապես պրոյեկտվում է երկրի վրա, ինչն էլ բերում է արտագաղթի նոր ալիքի։

  • Ճիշտ եք, դրա համար տեսնում ես մարդիկ, որոնց թշերը հետեւից երեւում են ԱԺ-ում։ Բայց երեկ տրանսպորտում մի մարդ նստեց, ուշադիր նայեցի դեմքին ու մտածեցի, որ եթե ես վիշտ քանդակեի, այդ մարդուն կքանդակեի, ով իր ցավի մեջ կծկվել էր լուռ։ Մենք այս բեեւռացումից պետք է խուսափենք, մեր թշիկափուչիկալայնանիստները պետք է խոհեմ լինեն եւ իրենց դիրքն օգտագործեն ժողովրդասեր գաղափարներ տարածելու համար, որովհետեւ այդ ժողովուրդն է իրենց պահում, ԱԺ-ում նրանք ապրում են մեր բոլորի հարկերի հաշվին։

- Եվ այդ հարկերի, բյուջեի հաշվին էլ վճարվեց Հերմինե Նաղդալյանի 2 մլն․-ի հեռախոսավճարը։

  • Անձնական հեռախոսի համար ինչո՞ւ պետք է պետությունը վճարի։ Արտասահմանում նման բաների համար պատասխանատվության են ենթարկում։ Չնայած նրան, որ ապրում ենք այս իրականության մեջ, բայց չենք արտագաղթում եւ չենք էլ արտագաղթելու, ինչ ուզում է անեն, մնալու ենք ապրենք, մեր երկիրը սա է, իսկ նրանք երկրի, այսպես ասած՝ հեղափոխության պտուղները վայելողներն են։

- Այս գնաճի, հուսահատության ֆոնին հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ 2040-ը բնակչության թիվը հասնի 4 մլն․-ի, Սերժ Սարգսյանն այս «համազգային նպատակն» իրականանալի է համարում։

  • Հիմա ես եմ ուզում քեզ մի բան հարցնել եւ խնդրում եմ հարցս պահել՝ ես, ինչքան քեզ ճանաչում եմ, ամուսնացած չէիր, հիմա ամուսնացա՞ծ ես։

- Ոչ։

  • Ինչո՞ւ չես ամուսնանում՝ լավ տղա չկա, պայմաններ չկան, սա չկա, նա չկա…։

- Բոլորը՝ իրար հետ։

  • Ահա՝ պարզ օրինակ, եթե քո նման չքնաղ աղջիկը չամուսնանա եւ երեխաներով չհարստացնի այս երկիրը, ո՞նց ենք 4 մլն․դառնալու։ Ու ես այնքան պայծառ աղջիկ, տղաների գիտեմ, ովքեր չեն ամուսնանում, հիմա էլ իրենց տվել են գիտությանը, բայց այդ գիտությունն էլ չի շահի։ Ինչ խոսք, մեր ազգագրական վիճակը շատ ողբալի է, եւ, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ վերջապես նախագահը խոսեց դրա մասին, որովհետեւ այդ հարցը պաշտոնապես չի քննարկվել։ Մինչեւ 2040-ը 23 տարի կա, այսինքն՝ համարյա մեկ սերունդ, իսկ մեկ սերնդի դեպքում նորմալ զարգացման պայմաններում բնակչությունը կրկնապատկվում է։ Եթե հիմա մենք 2 մլն․ ենք, լավ վերարտադրվելու դեպքում կդառնանք 4։ Նախագահն իր խոսքում ներհոսքի մասին էլ էր խոսել, ու եթե լավ պայմաններ ստեղծենք երկրում, դա էլ կլինի։ Այսօր բանակից փախած մոտ 11 հազար տղաներ կան, ծնողները փախցնում տանում են, այդպես ո՞նց կլինի, բանակում ծառայող չկա, մենք մեր ձեռքով մեր հիմքերը թուլացնում ենք։ Ավելի դժվար բան, քան որեւէ երիտասարդի աշխատանքի տեղավորելն է, չեմ պատկերացնում։ Ինձ էլ դիմում են իմ ընկերների երեխաներ, ուզում եմ աջակցել միայն այն նպատակով, որ չփախնեն հայրենիքից։ Արդյունքում «ոչ» չեն ասում, բայց «այո» էլ չեն ասում, դա էլ արանքում կորչում-գնում է, եւ վերջում ոչինչ չի լինում։ Վերջերս մի երիտասարդի խոստացա օգնել, բայց չկարողացա, ինչի համար ինձ վատ եմ զգում։ Մենք պետք է երիտասարդին գործ տանք, մնացածն ինքը կանի, իր քրտինքով ամեն ինչ կստեղծի՝ տուն, ընտանիք։ Իսկ եթե գործ չես տալիս, արդեն ձեռքը պարզած վիճակում է, եւ դառնում է մուրացկանի երկիր։ Ազգային ոգին մեր մեջ շատ է ջլատվել, մարդու կերպարը խարխլվել է, արժանապատվությունը՝ տրորվել։

- Վերջին շրջանում ուսանողության բողոքի մեծ ալիք բարձրացավ ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, օրենքը, սակայն, ընդունվեց։ Ի վերջո, գիտնական դառնալու համար ծառայության այդ 2 տարին ինչքանո՞վ է խանգարում։

  • Մեր նման երկիրն ունի առաջնահերթություններ՝ երկիր, բանակ, ապահովություն, եթե այս ամենն ստեղծեցինք, գիտությունն էլ իր տեղը կընկնի, արվեստն ու մշակույթն էլ։ Եթե այդ ամրությունը չստեղծեցինք, այդ ձեւական սուտ գիտականությունն ու երաժշտականությունը կորած բաներ են։ Ես էլ եմ այդ ճանապարհն անցել, իմ երեխաներն էլ, իմ նախորդներն էլ, անցել ենք ամեն ինչի միջով ու եթե գիտնական ենք՝ գիտության ենք հասել։ Այս հարցը պետք է հստակ լինի։ Այն, որ կան տաղանդավոր տղաներ՝ արվեստի, գիտության թեքումով, դրա մասին խոսք չկա, մեր երկրում բոլորն են տաղանդավոր, բայց երկիրը ո՞վ պետք է պահի՝ մենք։ Իսկ եթե խոսքը գնում է այն ողորմելի արվեստի ու ցածրակարգ գիտության մասին, որ այսօր կա, ու գնալու են մասնակցեն այդ հանդեսներին, ուրեմն պետք չէ։ Մեր գիտությունը, արվեստը, մշակույթը շատ ընկած են։ Այդ ի՞նչ վիճակում է լեզվի հանդեպ մեր վերաբերմունքը եթերում, մամուլում, այդ «ա»-ախոսությունը, չմոյախոսությունը, տգիտախոսությունը, մահախոսությունն ինչպե՞ս ենք թույլ տալիս։ Կարեւոր գործերի առաջին դեմքերը պետք է առաջին մասնագետները լինեն, առաջին գրականագետը պետք է լինի գրականության տերը, առաջին լեզվաբանը՝ լեզվաբանության տերը, իսկ մենք «ճ դիվիզիոնից» 15-րդին բերում դնում ենք առաջին ու ասում ենք՝ ինքն ինչ ասի, ճիշտ է։ Սա է վիճակը, ու դրա համար ոչ մի սողանցք չպետք է թողնել, այդ սողանցքը ոչ թե տաղանդավոր տղաների համար են թողնում, այլ իրենց լակոտների համար, ովքեր չեն ծառայելու։

- Խոսեցիք գիտության, կրթության, արվեստի ցածր որակից, դրան զուգահեռ՝ այս տարի խոսվեց նաեւ Լեզվի տեսչության լուծարման, Ակադեմիայի շենքի վաճառքի մասին, ԳԱԱ նախագահի «քոսոտ երկիր» արտահայտությունը շրջանառվեց։

  • Այսօր աշխարհի տերն Ամերիկան է, Անգլիան ու անգլերենը, բայց ինչպե՞ս Անգլիան դարձավ աշխարհի տերը, աշխարհի տերը մի ժամանակ Իսպանիան էր, բայց Անգլիան ի՞նչ արեց՝ ստեղծեց 2 համալսարան՝ Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանները, այս համալսարաններն այնպիսի կադրեր էին տալիս, որ որոշում էին ամեն ինչ, անգամ Շեքսպիրի պես հանճարին կասկածեցին, ասում էին՝ եթե այս մարդը համալսարան չի ավարտել, ո՞նց կարող է այսպիսի հանճարեղ գործեր գրել։ Այդ գիտությամբ Անգլիան ուժեղացավ՝ ջարդեց Իսպանիային, բաց թողեցին գիտությունն ու նավերն աշխարհով մեկ, մայրցամաքներ գրավեցին, իրենց լեզուն տարածեցին ու այդ ամենը՝ գիտությամբ։ Իսկ երբ մեզ մոտ գիտության օջախի պահապանն իր երկիրն այդպիսի վարկաբեկիչ բնութագրով է ներկայացնում, լավ չէ։ Ամենածանր տարիներին անգամ Հայաստանն այդպես չներկայացվեց։ Թումանյանն ընդամենը հառաչեց եւ գրեց մի «Հառաչանք», Վահան Տերյանն էլ դառը տողեր գրեց․ «Օ, հայրենիք դառն ու անուշ»։

- Այս տարի շատ խոսվեց նաեւ մշակույթի կապիտալիզացիայի մասին։

  • Գիտության, մշակույթի բնագավառում մի հեղաշրջում պետք է մտածեն ու անեն մեր խելոքները։ Առաջին կարեւոր բանը՝ եթե մենք երկիր ենք եւ ուզում ենք ընթերցող ունենալ, պետք է գիրքը հարկումից ազատել։ Սա այն երկիրն է, որ Շիրազի «Հայոց դանթեականը» տպագրվեց 200 հազար օրինակով ու մի շաբաթ չմնաց, Թումանյանի երկերի 10 հատորյակն սկսեցինք 70 հազարով, պահանջ կար 30 հազարով եւս ավելացնել տպաքանակը, բայց վերջին հատորները տպագրվեցին ընդամենը 500 օրինակ, ու գնորդ չկար։ Մենք ահավոր մտավոր անկման մեջ ենք, իմ գրքերը եթե առաջ 3 հազար օրինակից պակաս չէին տպագրվում, «Ողբերգական Չարենցը» 15 հազար տպաքանակով տպագրվեց, հիմա՝ 300, 500 օրինակ, դա էլ սպառում չի գտնում, եւ այստեղ բացասական դեր ունի գրքի գինը, քանի որ տպաքանակները նվազեցին, ինքնարժեքը բարձրացավ, հիմա տալիս ես վաճառքի, գրախանութն իր տոկոսն է դնում, գումարած ավելացված արժեքի հարկը։ Պետությունը պետք է ազատի գիրքը հարկումից։ Ինչ վերաբերում է պետաջակցություն-պետական հովանավորությանը, դրանք լավ բաներ են, պիտի ճիշտ օգտագործվեն եւ հասցեական գնան հասնեն հեղինակին, ոչ թե ինչ-ինչ հրատարակչություններ յուրացնեն այդ գումարն ու կեղծարարություններ անեն՝ գրքի տպաքանակը գրելով 400 օրինակ, բայց տպեն 40 օրինակ։ Մի հարցրեք՝ որ հրատարակչությունն է՝ չեմ ասի։

- Ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար այս տարին։ Ի՞նչ նոր գրական ձեռքբերումներ արձանագրեցիք Ձեզ համար։

  • Ինձ համար ինքնաբերաբար հանրագումարային եղավ՝ 70-ամյակը թվերով եկավ կանգնեց դիմացս, որը երկար ճանապարհին հետ նայելու հնարավորություն է տալիս։ Փառք Աստծո, գրքերս կան, միայն այս տարի տպագրել եմ Հայ գրականություն մատենաշարի 6-րդ գիրքը, ունեմ մեկ ուրիշ մատենաշար՝ «20-րդ դար, հայ գրողներ»։ Այս տարի մի նոր մատենաշար սկսեցի՝ «21-րդ դարի հայ գրողներ»։ Ինձ այս տարի ուրախացրեց նաեւ մի բան, որ այսքան բացակայությունից հետո սփյուռքի նախարարության խողովակով հանրակրթական դպրոցի դասագրքեր տպագրվեցին նաեւ Վրաստանի հայկական դպրոցների համար։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X