«Ժողովուրդ». ՀՀ սիմվոլիկ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով, թե երկու` կախված կլինի «Ծառուկյան» խմբակցության պահվածքից

«Հանրապետության նոր նախագահի ընտրությունների շուրջ զարգացումները կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ երկրի նախագահին հաջորդ տարվա ապրիլին ընտրելու է հայրենի խորհրդարանը: Եվ ԱԺ-ում առաջին փուլով նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկի օգտին քվեարկեն պատգամավորների 3/4- ը, կամ նույնն է, թե 79 օրենսդիր:

Բայց ուշագրավն այն է, որ իշխող կոալիցիոն խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 65 պատգամավոր, և իրենց թեկնածուին անցկացնելու համար անհրաժեշտ է լինելու ևս 14 պատգամավորի քվե:

Ինչպես հայտնի է՝ «Ելք» խմբակցությունն ունի 9 պատգամավոր, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ 31: «Ելք» խմբակցությունը երեկ մեր հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, և որ այդ խնդրի շուրջ «Ծառուկյան» խմբակցության հետ առաջիկայում բանակցություններ կսկսեն: Բայց եթե անգամ այս երկու ուժերը համաձայնության գան, այդ դեպքում նաև նրանց թեկնածուն առաջին փուլով չի ընտրվի, քա­նի որ նրանք էլ ունեն անհրաժեշտ 79-ի փոխարեն 40 մանդատ: Եվ համաձայն նոր Սահմանադրության 125 հոդվածի՝ այդ դեպքում անցկացվելու է նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ թեկնածուին ընտրելու համար պետք է պատգամավորների 3/5-րդը կողմ քվեարկի, այսինքն՝ 63 հոգի: Այս դեպքում արդեն ՀՀԿ-ՀՅԴ ձայները միանգամայն բավարար են լինելու՝ 2-րդ փուլով նա­խագահ ընտրելու համար:

Այնպես որ, մեր երկրում ՀՀ սիմվոլիկ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով, թե երկու, մեծ հաշվով կախված կլինի «Ծառուկյան» խմբակցության պահվածքից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X