Տրուդագոլիկների երկիր

Ամանորին 7-8 օր հանգստացող, դրանից առաջ մի քանի օր առեւտուր, իսկ դրանից հետո մի քանի օր խումհարի մեջ գտնվող մեր հասարակությանը, բնականաբար, չպետք է դուր գար տոնական օրերի կրճատման նախաձեռնությունը։ Եվ վարչապետի առաջարկը՝ հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային օրեր՝ պահպանելով միայն 1, 2, 6 հանգստյան օրերը, շատերին դուր չեկավ։ Իսկ կառավարության օրենսդրական նախաձեռնության նախագծի մեջ այս փոփոխությունը հիմնավորված է նրանով, որ դա նպատակահարմար չէ սոցիալ-տնտեսական տեսանկյունից, մանավանդ․ «Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացուցային օր է։ Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, եւ միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր՝ տարեկան, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած եւ, առավել եւս՝ զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։ Ի՞նչ են ասում այս նախաձեռնության հետ «անհամաձայնները»։ Ասում են՝ իբր պետական ծառայողներն այնքան բերք ու բարիք են ստեղծում, որ այդ մի քանի օրվա աշխատանքը պետք է մեզ «խերի մեջ կորցնի՞»։ Ասում են՝ մեր ստացած աշխատավարձն այնքան ցածր է, որ եթե ամսվա կեսն էլ ոչ աշխատանքային լինի, արդարությունը ոտնահարված չի լինի։

Ասում են՝ վերացնում եք, վերացրեք անիմաստ «մեռելոցները», որը ժամանակին, Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով ու կաթողիկոսի շահով պայմանավորված, դարձրին ոչ աշխատանքային։ Իսկ մենք տարվա մեջ այս մի ուրախ տոնն ունենք։ Տոն, որը բոլորինն է՝ աղքատից մինչեւ մեծահարուստ, սա էլ չեք թողնում լիարժեք վայելենք։ Ի դեպ, այս որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունիսից։

Մեկնաբանություն
X